Ինչ է նշանակում ասել, թե մեր ապրանքը մրցունակ չէ Եվրոպայում, դա անլուրջ մոտեցում է. Խաչատուր Քոքոբելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունվարի 13-ի որոշմամբ՝ արտահանման աջակցման խորհուրդ է ստեղծվել: Թե որքանով այն կհաջողի արտահանման օրեցօր նվազող ծավալները մեծացնելու հարցում, ցույց կտա ժամանակը: Սակայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով` ինչքան էլ խորհուրդներ ստեղծվեն, քանի դեռ կոնցեպտուալ փոփոխություն չի արվել, բավարար արդյունք չի արձանագրվի:

-Պարո՛ն Քոքոբելյան, անցած տարի գինի, կոնյակ արտադրողները սովորականից շատ խաղող են մթերել: Այստեղ գործարարն ու կառավարությունը ի՞նչ պետք է անեն, որպեսզի արտադրանքը հնարավոր լինի իրացնել հատկապես դրսում:

-Գինի եւ կոնյակ արտադրողներն անցած տարի սովորականից շատ խաղող մթերեցին, բայց գաղտնիք չէ, որ դա տեղի ունեցավ կառավարության միջամտությամբ, որը բիզնեսում միշտ չէ, որ արդարացված է: Բայց այս դեպքում մեր քաղաքացիներին ընդառաջ գնալու առումով կարեւոր էր ու էական, եւ պետք է նաեւ շնորհակալ լինել այն գործարարներից, ովքեր ընդառաջեցին ու ավելի շատ խաղող մթերեցին: Բայց ակնհայտ է, որ եթե հույս ունենք, որ այդ գինին եւ կոնյակը պետք է իրացվի ռուսական շուկայում, ապա դա նշանակում է, որ եւս մեկ բեռ է ավելացել այդ գործարարների ուսերին: Պետք է կառավարությունը կարողանա նպաստել, որպեսզի այդ արտադրանքի համար նոր շուկաներ ձեռք բերվեն: Ընդհանրապես աշխարհում ընդունված տարբերակ է, որ կառավարությունն ու դեսպանությունները արտահանման նոր շուկաների ձեռքբերման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Կարծում եմ՝ ՀՀ դեսպանությունները պետք է զբաղվեն հատկապես ավանդական ապրանքատեսակների արտահանմանը նպաստող գործունեությամբ, որի ականատեսը մենք չենք լինում: Թերեւս այդ առումով բացառություն էր Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից անցած տարի կազմակերպված բիզնես հավաքը, որտեղ գերմանացի գործարարները հանդիպեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող գործարարներին: Հենց այս ուղղությամբ եւս պետք է ակտիվացնել աշխատանքները, որպեսզի նոր շուկաներ բացվեն հայկական արտադրության համար:

– Ձեր կարծիքով՝ արտահանումը խթանելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել:

-Նախ նշենք, որ մինչ այս պահը արտահանման ծավալները մեծացնելուն ուղղված քայլերը բավարար չեն եղել, իհարկե, կատարվել են նաեւ անհրաժեշտ քայլեր, նկատի ունեմ կառավարության ստեղծած նոր գործիքակազմը, բանկային համակարգում որոշակի արտոնություններ, որոնք խթանում են արտահանումը, բայց միեւնույն է՝ այդ բոլորը բավարար չէ՝ արտահանման ծավալները մեծացնելու համար: Մինչ այս պահը նաեւ հույս էին հայտնում, թե ԵՏՄ կազմ մտնելով՝ ՀՀ-ում արտադրվող ապրանքների արտահանման ծավալները կավելանան, անթաքույց նաեւ հայտարարում էին, թե մեր ապրանքների մեծ մասը մրցունակ չէ եվրոպական շուկայում, եւ միայն ռուսական շուկայում այն կարող ենք իրացնել, թեեւ ես այդ կարծիքը չեմ կիսում: Սակայն հաշվի առնելով ռուսական տնտեսության խեղդվող վիճակը՝ շատ կանխատեսելի էր, որ պետք է արտահանման ծավալները շեշտակի նվազեին, եւ ակնհայտ էր, որ ուղղակի սին էին բոլոր այն հույսերը, թե ռուսական շուկայում նոր հնարավորություններ կբացվեն արտահանման համար:

-Պարո՛ն Քոքոբելյան, հունվարի 20-ից ՌԴ-ն արգելել է ՀՀ-ից գյուղմթերքի որոշ տեսակների, մսի եւ կաթնամթերքի ներմուծումը: Պատճառը Հայաստանում առկա դաբաղ հիվանդությունն է: Սա ի՞նչ հետեւանք կունենա մեր տնտեսության համար:

-Մենք բոլորս էլ գիտենք, որ դա Ռուսաստանի կողմից հաճախակի կիրառվող մեթոդ է: Արտահանման ծավալները մեծացնելու եւ հուսալի լինելու միակ ճանապարհը մրցունակ այնպիսի արպրանքատեսակների արտադրության կազմակերպումն է, որոնք կարող են իրացվել եվրամիության շուկայում: Եւ պետք է եվրոպական շուկայի ճիշտ թիրախավորում արվի, հստակեցվի, թե ինչպիսի ապրանքներն են այնտեղ պահանջված: Նույն բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն ծրագրերը եւ նախագծերը, որ ստեղծվում են Հայաստանում, բնականաբար, արտահանվում են ոչ թե Ռուսաստան, Ղազախստան, այլ եվրոպական, արեւմտյան շուկա:

-Ըստ Ձեզ՝ Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը ՀՀ իշխանությունները ինչ-որ կերպ կարո՞ղ են խթանել, այսինքն՝ այս գործում արդյո՞ք առկա են խոչընդոտներ, որոնք պայմանավորված են ՀՀ կառավարության գործողություններով:

-Ամենամեծ սխալը, որը ՀՀ իշխանությունները կատարեցին, դա այն էր, որ մտանք Եվրասիական տնտեսական միություն: Ես բազմիցս եմ նշել, որ դա ոչ թե հնարավորություն էր, ինչպես ներկայացվում էր իշխանությունների կողմից, այլ դա ուղղակի մարտահրավեր էր, ինչի ականատեսն ենք այսօր: Եւ այդ առումով, որպեսզի կարողանանք պահպանել եղած աշխատատեղերը, էլ չեմ ասում նորերի ստեղծման մասին, ՀՀ իշխանությունները, կառավարությունը պետք է արտահանող ընկերություններին նոր արտոնություններ տրամադրեն: Պետք է կառավարությունը կարողանա բիզնես դաշտը ճիշտ թիրախավորելուց հետո հասանելի, ցածր տոկոսադրույքով վարկեր ապահովել եւ որոշակի հարկատեսակների ժամանակավոր հետաձգում անել: Եթե մենք պարտադրված ԵՏՄ-ում ենք, ապա դա պետք է ընդունել ի գիտություն, եւ այս իրավիճակում ՀՀ-ն պետք է մշակի նոր ռազմավարություն՝ կապված տնտեսական գործունեության հետ: Իհարկե, դա վաղուց պետք է արված լիներ, բայց այս պահին միակ ելքը դա է, եւ այդ նոր ռազմավարության ամբողջ բովանդակությունը պետք է ուղղված լինի նպաստելու նոր շուկաներ գտնելուն:

-Այնուամենայնիվ, ինքներդ էլ նշեցիք` կարծիքներ են հնչում, որ հայկական արտադրանքը մրցունակ չէ եվրոպական շուկայի համար:

-Ինչ է նշանակում ասել, թե մեր ապրանքը մրցունակ չէ Եվրոպայում, դա առնվազն անլուրջ մոտեցում է եւ նշանակում է, որ մենք նորմալ արտադրություն չունենք: Առաջին հերթին պետք է հնարավորություն տալ գործարարներին, որպեսզի կարողանան այնպիսի ապրանքատեսակներ արտադրել Հայաստանում, որոնք մրցունակ կլինեն զարգացած շուկաներում, այլապես ՀՀ տնտեսության զարգացման որեւէ այլ երաշխիք չկա: Տնտեսության զարգացման միակ երաշխիքը զարգացած եւ մեծ շուկաներում հասանելի լինելն ու մրցունակ ապրանքներով ներկայանալն է: Ընդհանրապես կան ավանդական այնպիսի ուղղություններ, որոնք պետք է հարկերից ազատել, օրինակ՝ նույն գինու արտադրությունը, կամ գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրումը: Այսպիսով, կառավարությունը պետք է թիրախավորի Եվրամիության շուկան եւ ընդհանրապես նոր շուկաներ՝ ԵՏՄ-ից դուրս, գործուն քայլեր ձեռնարկի ցածր տոկոսադրույքով վարկերի հասանելիությունն ապահովելու ուղղությամբ, տրամադրի արտոնություններ նոր տեխնոլոգիաների ներդրման համար արտադրության բոլոր ոլորտներում՝ առանց բացառության:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս