Կաշառք՝ ոստիկանական կոչում ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սպայական կոչում ստանալու համար ոստիկանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու գործն արդեն դատարանում է, գործը մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին:
Գործով մեղադրյալները երեքն են՝ Մեսրոպ Հունանյանը, ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Արտակ Հովհաննիսյանն ու նրա մորեղբայր Մարտիրոս Մարտիրոսյանը:
Այսպես, ըստ մեղադրանքի, Արտակ Հովհաննիսյանը 2012թ. հոկտեմբերի սկզբին, մորեղբոր` Մարտիրոս Մարտիրոսյանի միջոցով ծանոթացել է և նրա միջնորդությամբ համաձայնության է եկել Մեսրոպ Հունանյանի հետ` վերջինիս միջոցով իրեն սպայական կոչում շնորհելու համար ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց` 3.253.040 ՀՀ դրամին համարժեք 8000 ԱՄՆ դոլար կաշառք տալու համար:
Ըստ Մեսրոպ Հունանյանին առաջադրված մեղադրանքի, նա Արտակ Հովհաննիսյանի վստահությունը չարաշահելով, խաբեությամբ, կաշառք ստանալու պատրվակով փորձել է հափշտակել ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը: Իսկ Մարտիրոս Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կաշառք ստացողի և կաշառք տվողի միջև կաշառքի համաձայնության իրականացմանը նպաստելով՝ կատարել է կաշառքի միջնորդություն:
Ամբաստանյալ Մեսրոպ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ, Արտակ Հովհաննիսյանին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը և Մարտիրոս Մարտիրոսյանին՝ 313-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով՝ Կաշառքի միջնորդությունը:
ՓԱՍՏԻՆՖՈ




Լրահոս