Ներքին խմորումներ. Նախագահականից՝ դատախազություն, գնդապետով՝ ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ իշխանությունը երիտթեւին ժառանգելու ճանապարհին Սերժ Սարգսյանը հերթական կարեւոր քայլը կատարեց՝ նրանց հանձնեց կառավարման համակարգի կարեւորագույն օղակներից մեկը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` այդ կառույցի ղեկավարի պաշտոնում նշանակելով 34 ամյա իրավաբան Գեորգի Կուտոյանին:

Հիշեցնենք, որ վերջինս ընդամենը տասը օր առաջ՝ փետրվարի 3-ին էր նախագահական նստավայրից հրամանագրով տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստանձնելով տեղակալի պաշտոնը: Իսկ մինչ այդ նա 2011 թվականից զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը եւ համակարգում էր դատաիրավական ոլորտը: Կուտոյանը բարձրագույն կրթություն ստացել է Ռուսաստանում՝ 2002-ին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իսկ 2007-ին ավարտել է ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը:

Մինչեւ նախագահական նստավայրում աշխատանքի անցնելը՝ 2005-ից 2006 թվականներին, աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում: 2006-2010 թվականներին աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում որպես իրավախորհրդատու: Մեկ տարի աշխատել է որպես փաստաբան, այնուհետեւ՝ 2011-ին նշանակվել է Սերժ Սարգսյանի օգնական: Ի դեպ, Կուտոյանը Հայաստանի զինված ուժերում չի ծառայել: Նա զինվորական պատրաստվածությունն անցել է ՌԴ Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով, 1998-ից 2000 թվականներին: Ասել է թե՝ Հայոց բանակում չի ծառայել:

Գեորգի Կուտոյանին ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մտերիմ անձանցից մեկը: Այսինքն՝ նրա կողմից ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելը նշանակում է իշխանական երիտթեւին տալ եւս մեկ կարեւոր լծակ, որը նրան կօգնի աստիճանաբար ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել ողջ իշխանությունը: Մինչեւ երեկ իշխանությունների հնաբնակները գրեթե ցնծության մեջ էին, քանի որ տարվա սկզբից տարածված լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանն, իբր, երիտիշխանավորների վրա զայրացել էր եւ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետո պատրաստվում էր պաշտոնանկ անել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին:

Գեորգի Կուտոյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելուց հետո Կոստանյանի մոտալուտ պաշտոնանկության լուրերը ցնծությամբ տարածում էին նաեւ ուժային կառույցների ղեկավար կազմի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները՝ իբրեւ իրենց հաղթանակ: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ պարզվեց, որ Կուտոյանի նշանակումը ոչ թե իշխանության հնաբնակների հաղթանակի, այլ հերթական պարտության նախերգանքն էր: Այսօր արդեն կարող ենք ասել, որ 34-ամյա Կուտոյանին գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու քայլը տեխնիկական անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել: Բանն այն է, որ ԱԱԾ տնօրեն նշանակվելու համար նա պետք է առնվազն գնդապետի զինվորական կոչում ունենար: Միջանկյալ նշանակումը եղել է այն իրավական ճանապարհը, որով նրան կարելի էր ժամանակից շուտ այդ կոչումը շնորհել:

Ավելին, Կուտոյանին ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնելիս Սերժ Սարգսյանը շեշտը դրել է կոռուպցիայի դեմ պայքարն ուժգնացնելու վրա: «Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երեւույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը ԱԱԾ ղեկավար կազմին Կուտոյանին ներկայացնելիս: Այլ կերպ ասած, իշխանական երիտթեւն այլեւս ազատ է եւ կարող է իր իշխանության հետ չհամակերպվողներին կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ասպարեզից հեռացնել:

Այս ամենից հետո երեկոյան Սերժ Սարգսյանն իշխանական ողջ համակարգին հավաքել էր նախագահականում, որպեսզի նրանց զգուշացներ իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների մասին: Եթե ամփոփ, ապա նա ողջ իշխանական համակարգին տեղեկացրեց, որ նրանք այլեւս իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ պետք է հնազանդ իրագործեն իրենց տրվող հրահանգներ, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն ընդդիմանալ, ապա կզրկվեն ամեն ինչից՝ զոհ դառնալով կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիային:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս