«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻՑ» ԴԵՊԻ «ՀՈՐԻՆԱԾ» ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը իշխանություն-ընդդիմություն բազմակի վայրիվերումներից, կուսակցական կառույցների լուծարումից, 2012թ. իր անդամների թվից մի քանի անգամ քիչ քվեներ ստանալուց հետո, անդամակցության կարգի վերանայումից եւ վերակազմավորումից հետո, այնուամենայնիվ, այդպես էլ չկարողացավ վերագտնել իր երբեմնի հեղինակությունը եւ ստիպած եղավ վերջնականապես լուծարվել` քաղաքական դաշտում նոր անվամբ ներկայանալու եւ այդպիսով 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Արդեն մի քանի ամիս է, ինչ տարբեր առիթներով հարցազրույցներ տալիս` ՕԵԿ կարկառուն դեմքերը նախընտրում էին հանդես գալ ոչ թե իրենց համար երբեմնի այնքան սիրելի «Օրինաց երկրի», այլ «Հայկական վերածնունդ» միավորման անունից, որն էլ, ի վերջո, վերածվեց կուսակցության եւ փետրվարի 21-ի համագումարում վերջնականապես «կկլանի» ոչ միայն իրենց «ճակատներին եւ սրտներում ՕԵԿ դաջած» ՕԵԿ-ի, այլեւ եւս 8 այլ կուսակցությունների անդամներին:
Եվ չնայած առաջին հայացքից «8 կուսակցությունների անդամներ» ասվածը բավականին ազդեցիկ է հնչում, իրականում ակնհայտ է, որ նորաստեղծ «Հայկական վերածնունդը» լինելու է նոր փաթեթավորմամբ հին ՕԵԿ-ականների «վերածնունդը», որն ունի բացառապես մեկ նպատակ. մոռացության մատնել «Օրինաց երկրի» վերջին տարիների անփառունակ անցյալն ու ազատվել «ուխտադրուժի»` 2008թ.-ից ի վեր հետապնդող խարանից: Կերպարանափոխության դասական օրինակ, երբ մարդը որեւէ անօրինական արարք է կատարում եւ այլ ելք չունենալով՝ փոխում է իր բնակավայրը, անունը, նոր փաստաթղթեր է ձեռք բերում եւ փորձում նորից ներկայանալ մարդկանց:
Արդյո՞ք կհաջողվի դա Ա. Բաղդասարյանին եւ նրա թիմակիցներին, ցույց կտա ժամանակը, թեեւ «ինքնամաքրումը» կերպարանափոխության միջոցով ընդամենը հնարք է, որով դժվար է մոլորեցնել ժողովրդին:
«Հայկական վերածունդի» առաջիկա անելիքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանի հետ:
-Պարո՛ն Մոսինյան, կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե այս պահի դրությամբ քանի կուսակցություն է միավորվել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:
-Այս պահի դրությամբ 8 կուսակցություն եւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել համագործակցել «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ:
-Քանի՞ անդամ ունեն այդ 8 կուսակցությունները:
-Այդ թիվը դեռ չեմ կարող ասել, համագումարից հետո:
-Իսկ համագումարը ե՞րբ է տեղի ունենալու:
-Փետրվարի 21-ին, ժամը 10:00-ից կսկսվի գրանցումը, իսկ 12:00-ին՝ համագումարը:
-Համագումարից հետո հանրահավաքներ նախատեսվո՞ւմ են:
-Նախատեսվում են, բայց դեռ հստակ ամսաթվային օրակարգ չկա:
-Ըստ լուրերի՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միանալու է Արա Աբրահամյանը, ճի՞շտ են այդ խոսակցությունները:
-Այս պահին մենք նման տեղեկատվություն չունենք, դեռեւս չկա համագործակցության որեւէ նախագիծ:
-Այդ ուղղությամբ բանակցություններ տարվո՞ւմ են:
-Ապագայի վերաբերյալ չեմ կարող կանխատեսումներ անել, քանի որ Արա Աբրահամյանը դեռ հստակ չի հայտարարել, թե ստեղծելու է կուսակցություն, որքանով որ ես եմ մտաբերում: Նա ասել էր, որ գարնան սկզբներին կհայտարարի՝ ստեղծելու է կուսակցություն, թե այլ կերպ կմասնակցի ընտրություններին, դա արդեն իր որոշելիքն է:
-Իսկ համագումարի հրավերներ ուղարկվե՞լ են նախագահին, վարչապետին, Արա Աբրահամյանին:
-Այս պահի դրությամբ դեռ ոչ:
«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակը մեզ տրամադրեց բոլոր 8 կուսակցությունների անվանումներն ու նախագահների անունները, սակայն հրաժարվեց տրամադրել կոնտակտային տվյալներ:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միավորված մի քանի կուսակցության նախագահների հետ:
«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը պատասխանեց մեր հարցերին:
-Ձեր կուսակցությունը ո՞ր թվականին է հիմնադրվել եւ քանի անդամ ունի, արդյո՞ք կուսակցական գործող տարածքային գրասենյակներ ունեք:
-Մեր կուսակցությունը հիմնադրվել է 1994թ փետրվարի 21-ին եւ ունի 3.850 գրանցված անդամ: Իրավաբանական հասցեն իմ տան հասցեն է, մարզերում գրասենյակներ չունենք:
-Երեւանում գործող գրասենյակ, բացի Ձեր բնակարանից, ունե՞ք:
-Ո՛չ, ֆինանսական խնդիրների հետ կապված չունենք գործող գրասենյակ:
-Իսկ գաղափարային ինչ-որ ընդհանուր մոտեցումներ կա՞ն, որ միավորվել եք «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:
-Ես ոչ մեկի հետ որեւէ գործունեություն չեմ ծավալել, բացառությամբ կոմունիստական կուսակցության, ժամանակին հայրենասիրական ուժերի միավորում ենք ստեղծել, բացի դրանից՝ ոչ մեկի հետ չենք համագործակցել: Այսօրվա քաղաքական դաշտի իսկական ընդդիմության բացակայությունը հուշեց մեզ միավորվել այդ կուսակցությանը:
-Այս պահին քաղաքական դաշտում որպես միակ ընդդիմադիր առաջնորդ տեսնում եք Ա. Բաղդասարյանի՞ն:
-Ոչ միայն Բաղդասարյանին, այլեւ նրա շուրջ համախմբված քաղաքական ուժերին:
«Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահը, որը նույնպես միավորվել է «Հայկական վերածնունդ»-ին, հրաժարվեց խոսել մեզ հետ եւ հայտնեց, որ իրենք որեւէ լրատվամիջոցի մեկնաբանություն չեն տալիս:
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության իրավաբանական հասցեի հեռախոսահամարով զանգահարեցինք, պարզվեց՝ կուսակցության նախագահի բնակարանի հեռախոսահամարն է, սակայն չկարողացանք զրուցել կուսակցության նախագահ Վաչագան Չիբուխչյանի հետ:
«Միավորված հայեր», «Հայաստանի ագրարային», «Շրջադարձ», «Ազգի փրկություն» եւ «Ազգային արժեքների պաշտպանության» կուսակցությունների կոնտակտային տվյալներն այդպես էլ չկարողացանք գտնել:
Ի դեպ, ըստ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի. «…Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ Երեւանում: Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան 6 ամիս հետո կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, ՀՀ յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ եւ տարածքային ստորաբաժանումներ՝ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ Երեւան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին»:
Ինչպես տեսանք՝ վերը նշված կուսակցություններից առնվազը մեկի ղեկավարն ինքը նշեց, որ կուսակցությունը տարածքային որեւէ գործող ստորաբաժանում, գրասենյակ չունի: Հաշվի առնելով մյուս կուսակցությունների գործունեության մասին տեղեկատվության սակավությունը, եթե չասենք` բացակայությունը, կարելի է չկասկածել, որ տարածքային գրասենյակներ չունեն նաեւ Բաղդասարյանի միավորմանը միացող մյուս 7 քաղաքական ուժերը (եթե միայն կարելի է իրենց բնակարանները կուսակցության գլխավոր եւ միակ գրասենյակի վերածած մարդ-կուսակցությունները քաղաքական ուժ կոչել): Ասել է թե` Ա. Բաղդասարյանը հիմա էլ պատրաստվում է «հորինած» կուսակցությունների հետ պայքարել օրինաց երկիր ստեղծելու համար, ուրիշ անվան տակ:

Զրուցեց ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

 

 

 
ՀՀ-ՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2 տոկոս գնաճ, ինչն էլ պայմանավորվել է պարենային ապրանքների 5 տոկոս գնաճով: Իսկ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 4.5 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մսամթերքի շուկայում գրանցվել է 5.5 տոկոս գնանկում: Այսինքն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, խոզի մսի գինը նվազել է 2.7 տոկոսով, հավի բդինը՝ 1.1 տոկոսով, առաջին տեսակի կիսաապխտած երշիկինը՝ 0.7 տոկոսով, ոչխարի մսինը՝ 0.6 տոկոսով, թռչնամսինը՝ 0.6 տոկոսով, աղացած մսինը` 0.4 տոկոսով, տավարի մսի պահածոյինը՝ 0.3 տոկոսով: Սակայն սրան զուգընթաց թանկացել է տավարի փափկամիսը՝ 0.4, բաստուրման՝ 0.5, տավարի միսը՝ 0.6, պելմենին՝ 0.6, բարձր տեսակի ապխտած երշիկը՝ 0.7, խաշի պարագաները՝ 2.1 տոկոսով:
Նշենք, որ 7 տարվա դադարից հետո՝ 2014 թվականի վերջին, Հայաստանը դեպի ՌԴ եւ ԵՏՄ երկրներ մսամթերք արտահանելու թույլտվություն ստացավ: Սակայն այս տարվա հունվարի 20-ին ռուսական կողմը արգելեց ՀՀ-ից դեպի ՌԴ մի շարք գյուղմթերքների, այդ թվում նաեւ մսի եւ կաթնամթերքի ներմուծումը: Ներմուծման արգելքը վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով: Միայն թույլատրվում է ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանել ջերմային մշակում անցած մսամթերք, կաթնամթերք. օրինակ՝ բաստուրմա, սուջուխ եւ այլն: Ըստ էության, հենց սա էլ առիթ է դարձել բաստուրմայի թանկացմանը: Չի բացառվում, որ առաջիկայում այս ապրանքատեսակները եւս կթանկանան: Ինչու է էժանացել մսամթերքը՝ խոզի միսը, հավի բուդը, ոչխարի եւ թռչնի միսը: Ըստ մասնագետների՝ այս ապրանքատեսակների էժանացման պատճառն է գնողունակության անկումն ու երկրում առկա արտագաղթը:
Բացի այս, Հայաստանի ներքին շուկայում այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է ձկնամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի՝ 0.3, հացամթերքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0.1 գնանկում: Փոխարենը՝ նույն ժամանակահատվածում թանկացել է սուրճը, թեյը, կաթնամթերքը, շաքարավազը: Այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ձուն նույնպես թանկացել է՝ 8.3 տոկոսով: Ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների պնդմամբ՝ ձվի թանկացման պատճառը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է, որը տեղի ունեցավ անցած տարվա օգոստոսին: Ինչի արդյունքում թանկացան նաեւ ձվի արտադրության համար անհրաժեշտ բոլոր ապրանքատեսակները, այդ թվում նաեւ՝ թռչնակերը: Ի դեպ, ձվի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: ԱՎԾ-ի տվյալներով՝ թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից կարագը՝ 1.4 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս