«ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԱՉՔԻ, ՁԵՌՔԻ ՇԱՐԺՈՒՄՈՎ ԷԼ ԽՈՍՈՒՄ ԷՐ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. եւ այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը»,- սրանք արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի խոսքերն են: Նրա առաքինության ու մյուս որակների մասին խոսելիս կա՛մ պետք է լինել գրողի պես դիպուկ, կա՛մ էլ լռել այն լռությամբ, որը բնորոշ էր հենց իրեն, սակայն այսօր` փետրվարի 12-ին, նրա ծննդյան օրը, չխոսել նրա մասին չենք կարող, իսկ ամենափոքր բանը, որ հնարավոր է անել, գրողի մասին հիշողություններով կիսվելն է:

Արձակագիր, կինոսցենարիստ լինելուց զատ՝ Մաթեւոսյանը նախ ահնիձորցի էր, մարդ էր, ամուսին ու ընտանիքի հայր: Գրողի որդին` «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մանկությունից «պոկված» մի դրվագ հիշեց` փոքրիկ, բայց խոսուն. «Ցերեկները հաճախ էր պատահում, որ մենք` երեխաներս, եւ ինքը լինեինք տանը: Մաման դպրոցում ուսուցչուհի էր, ուշ էր գալիս, իսկ ինքը տանից էր աշխատում: Պարզ է, որ մենք իր աշխատանքին խանգարում էինք, մանավանդ, որ բնակարանը փոքր էր: Մեզ ինքն էր կերակրում, շատ համով ձեռք ուներ, համեղ ճաշեր էր պատրաստում, տարբեր խոհարարական հնարքների էր դիմում: 5-6 տարեկան էի, մի անգամ դուրս եկա բակ, մուտքի մոտ նստած էի, հետեւիցս արագ-արագ իջավ, կտրտած լոլիկի կեսի վրա աղ արեց, ասաց` էս կեր, վերջում շատ ճիշտ համ կտա… Ու գնաց իր գործին… Այդ հոգատարությունն իր կողմից միշտ զգացել ենք»:
Գրողի որդու խոսքով` իր հայրը գյուղացու կենցաղին շատ մանրամասն ծանոթ էր. «Նա գիտեր` ինչպես են հունձ անում, հորից հյուսնություն էր սովորել, բուրդ մանել գիտեր: Երբ փոքր էի, մի անգամ նույնիսկ ինձ պատմեց, թե ինչպես են գորգ գործում, այդ ժամանակ իմացա, որ դրանից էլ է տեղյակ: Կամ գյուղից որ Նոր տարվա համար անտառի խոզի միս էին բերում, բոլորին «քշում էր», չէր թողնում` մոտ գային, ինքն էր մշակում մեն-մենակ»:
Եվ պատահական չէ, որ Մաթեւոսյանն ասում էր. «Եթե կրկնվեր ջրհեղեղի լեգենդը, ես, ինչպես Նոյը, կկարողանայի վերականգնել երկրի վրա հողագործության ու անասնապահության մշակույթը… Եվ եթե ինչ-որ բան պատահեր մարդկության հիշողությանը, ես կարող էի իմ համագյուղացիների պատկերով ու նմանությամբ, նրանց այն ժամանակվա կյանքի պատկերով նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը…»:
Մաթեւոսյանի մասին մեզ հետ իր հիշողություններով կիսվեց նաեւ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան: Նա գրողի հետ ծանոթացել է 1997-ին, իսկ միջնորդը եղել է Վանո Սիրադեղյանը, ով այն ժամանակ Երեւանի քաղաքապետն էր: Այդ հանդիպումը եզրափակվել է ձեռքսեղմումով, սակայն տարիներ անց նրանց ուղիները կրկին պետք է խաչվեին` արդեն հայրենիքից դուրս եւ մտերմիկ պայմաններում:
«2002 թվականն էր, հանդիպեցինք Լոս Անջելեսում: Ինձ Երեւանից զանգեցին, ասացին, որ Մաթեւոսյանը հիվանդանոցում է, նրան վիրահատել են, ծանր վիճակում է: Ես զանգեցի իրեն, հանդիպելու թույլտվություն խնդրեցի, համաձայնեց: Գնացի իրենց տուն, որը Գլենդելի սարերում էր, երկար զրուցեցինք, մյուս օրը նորից գնացի, դրանից հետո երեք ամսվա մեջ ամեն օր հանդիպում էինք, մեքենայով գնում էինք սարերը: Ի դեպ, Գլենդելի սարերը շատ նման են Հայաստանի սարերին: Այնտեղ կանգնում էինք, ժամերով խոսում էինք ամենատարբեր թեմաների շուրջ»:
Լուսանկարիչը հիշում է այն տրամադրությունը, որը պատել էր գրողին իր կյանքի վերջին ամիսներին. «Նա սփյուռքում ոչ ոքի մոտ չէր թողնում: Արգելել էր, որ լրագրողները մոտենային իրեն, այդ ընթացքում չտեսա, որ որեւէ մեկի հետ շփվեր, մեկուսացած էր: Այդ օրերին ամենաշատը խոսում էր Հայաստանից, թոռներին էր հիշում, իսկ հիմնականում լռում էր, գլուխը կախ քայլում էր, նստում պատշգամբի եզրին, վտանգավոր էր, բայց նստում էր: Երբ նրան ճանապարհեցի Հայաստան, օդանավակայանում շատ տխուր բաժանվեցինք իրարից, ինքը շատ լավ գիտեր իր հիվանդության մասին, գիտեր` իր հետ ինչ էր կատարվում… Դրանից հետո էլ իրեն չտեսա…»:
Ս. Սեւադան խոստովանեց, որ այդ երեք ամիսների ընթացքում ինքը Մաթեւոսյանից սովորել է մտածել, ճիշտ մտածել, լռել եւ խոսել: «Նրա խոսքը շատ դիպուկ էր, սարսափելի դիպուկ. մեկ բառով կարող էր մի հսկայական միտք արտահայտել: Աչքի, ձեռքի շարժումով էլ խոսում էր…»,-ասաց լուսանկարիչը:
Նա հիշեց, որ Մաթեւոսյանը պատմում էր միջանկյալ պատմություններ իր գյուղից, որոնք չէր գրել, պատմում էր` անուններով, բացահայտում էր իր նախատիպերին: Խոսելով Մաթեւոսյանի գրող տեսակի մասին` Ս. Սեւադան պարզապես նկատեց. «Եթե նա հայ չլիներ, վաղուց Նոբելյան մրցանակ էր ստացել…»:

 

 

 

 

«ԿՆՈՋՍ ՀԵՏ ԴՈՒԵՏ ԵՆՔ ՁԱՅՆԱԳՐԵԼ»

Երգիչ Արսեն Գրիգորյանի համար այժմ բուռն աշխատանքային շրջան է, ու թեեւ երկրպագուները դժգոհում են, որ նա նոր տեսահոլովակ չի ներկայացնում, վերջինս հավաստիացնում է, որ ինքը մի շարք նոր երգեր ունի. «Ցավում եմ, որ մարդիկ երգչի զբաղվածության աստիճանը որոշում են նրա ներկայացրած տեսահոլովակների պարբերականությամբ, այնուամենայնիվ, միտք ունեմ առաջիկայում նոր տեսահոլովակ նկարահանել»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգիչը:

Մեր այն հարցին, թե արդյոք մտադիր է հանդես գալ մենահամերգով, Արսենը պատասխանեց. «Ինքս շատ կուզենամ հանդես գալ մենահամերգով, դրանից հետո ես` որպես արտիստ, ինձ բավարարված եմ զգում, բայց կողքից տեսանելի է միայն վարագույրի լուսավոր կողմը. չէ՞ որ դա մեծ ծախսեր է պահանջում, չէ՞ որ ես պետք է ընկնեմ դռնեդուռ, հովանավոր ման գամ, իսկ ես հոգնել եմ այդ ամենից… Այդ համերգները 60-70 հազար դոլար են պահանջում, պետք է համապատասխան ծախսերը հոգալ, չէ՞»:
Մենք նաեւ հարցրինք` գուցե՞ այդ դեպքում երգիչը պարբերաբար հանդես գա ակումբային համերգներով` հանդիսատեսի հետ կապը չկորցնելու համար. «Վերջերս, օրինակ, նման առաջարկ եմ ստացել, բայց ես չեմ ուզում հոգեպես բավարարվելու համար ակումբային համերգ ունենալ, ինձ պետք է, որ գումար աշխատեմ, ես երեխաներ եմ մեծացնում, ինձ «ստից» համերգներ պետք չեն, ես դրանց կարիքը չունեմ»,-ասաց նա:
Արսեն Գրիգորյանը հայտնի է նաեւ իր դուետներով, եւ հանդիսատեսը հաճախ սպասում է, թե ով կլինի հաջորդ երգչուհին, ում հետ նա զուգերգ կկատարի. «Նախորդ տարվա վերջում Սոնա Ռուբենյանի հետ դուետ ձայնագրեցի, բայց ես այնքան հնարավորություն չունեմ, որ դրա հիման վրա էլ տեսահոլովակ նկարահանեմ: Մի մեղմ, այսպես ասած, ընտանեկան ֆոնդի համար դուետ եմ ձայնագրել կնոջս հետ, այն նվիրված է աղջկաս: Չեմ կարծում, թե այդ երգը կհրապարակեմ, եթե անգամ այն հանրայնացնեմ, այդ զուգերգը կներկայացնեմ այլ երգչուհու հետ: Կինս երաժշտական մարդ է, բայց երգչուհի չի, չի պատրաստվում դառնալ, առաջին հերթին` ինքս էլ դա չեմ ուզենա»,-պատմեց Արսենը:
Նա տեղեկացրեց, որ իր դուստրը եւս ձայնային լավ տվյալներ ունի, բայց. «Ամենաշատը վատ կզգամ, որ նա ուզենա երգչուհի դառնալ, որովհետեւ երգարվեստը շատ դժվար ասպարեզ է, եւ ես չեմ ուզենա, որ իմ աղջիկը բախվի այն բարդություններին, որոնց ես եմ բախվել»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն գրքերի փոխանակման եւ հեղինակների գործերն իրենց մայրենի լեզվով թարգմանելու հարցում: Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, այս մասին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով մասնակցել է Մինսկի գրքերի միջազգային 23¬րդ ցուցահանդես¬ վաճառքի բացման արարողությանը: «Բելառուսն ունի գրքերի տպագրման եւ հրատարակման լավ փորձ: Մշակույթի նախարարությունում մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրները կհամագործակցեն այդ ոլորտում»,- ասել է Պողոսյանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը ցուցահանդես-վաճառքին մասնակցում է արդեն 10-րդ տարին, իսկ այս տարի հանդես է գալիս պատվավոր հյուրի կարգավիճակում:

 

 

«ԹԵԹԵՎՍՈԼԻԿ ԵՐԱԶ»
Փետրվարի 25-ին` բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանի ծննդյան օրվան ընդառաջ, լույս կընծայվի նրա առաջին թարգմանությունը՝ Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ»-ը, որը նա, ի դեպ, թարգմանել է 23 տարեկան հասակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մկրտչյյանի այրին` ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դա Սամվելի առաջին թարգմանությունն է եղել Շեքսպիրից: Իսկ սոնետները նա թարգմանել է 25 տարեկանում: Գործը անտիպ էր, 23 տարեկանում թարգմանել ու այդպես մնացել էր: Ու Սամվելը այդ «Միջամառային գիշերվա երազ»-ին թեթեւսոլիկ երազ էր ասում»,- պատմել է Զոհրաբյանը:
Նշենք, որ գիրքը տպագրության էր պատրաստել հենց Սամվել Մկրտչյանը, ով, սակայն, չհասցրեց այն ավարտին հասցնել: Ի դեպ, գրքի շապիկի ձեւավորումը եւս նրանն է:
Հիշեցնենք, որ Սամվել Մկրտչյանի շնորհիվ հայ ընթերցողը հնարավորություն ստացավ հայերենով կարդալ այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Թոմաս Էլիոթը, Ջոն Նյումանը, Էդգար Ալան Պոն, Ուիլյամ Ֆոլքները, Շեքսպիրը եւ ուրիշներ: Սակայն նրա մեծածավալ գործը Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի թարգմանությունն է:

 

 

ԿՐՔԵՐ` «ՀՂԻ ԱՂՋԿԱ» ՇՈՒՐՋ
Բրիտանացի հայտնի նկարիչ Լյուսիեն Ֆրոյդի «Հղի աղջիկը» նկարը Լոնդոնում դարձել Է Sotheby՚s¬ի արվեստի աճուրդի գլխավոր լոտերից մեկը: Այն վաճառվել է 16,1 միլիոն ֆունտով (23,2 միլիոն դոլարով): ՏԱՍՍ¬ի փոխանցմամբ` այդ կտավը, որը համարվում է Ֆրոյդի ամենանուրբ նկարներից մեկը, բուռն մրցակցություն է առաջ բերել կոլեկցիոներների շրջանում: Կտավը ձեռք բերելու համար մինչեւ վերջ պայքարել են աճուրդի առնվազն վեց մասնակիցներ, ինչի արդյունքում լոտը 10 միլիոն ֆունտ (14,5 միլիոն դոլար) գնահատման արժեքից շատ ավելի բարձր գնով է վաճառվել:
Նշենք, որ նկարում պատկերված է նկարչի քնած սիրուհին` Բեռնադին Քովեռլին, որը հղի է իրենց առաջնեկով:




Լրահոս