Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահը կեղծել էր քվեարկության արդյունքները. գործի նախաքննությունն ավարտված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 28/35 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը քվեարկության ավարտից հետո փաթեթներով լցված պարկը, գրանցամատյանի և քվեարկության արդյունքների արձանագրությունների՝ հանրաքվեի ընտրատարածքային կենտրոնական հանձնաժողովներ ներկայացվող մեկական օրինակների հետ միասին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 1 հասցե՝ այնտեղ տեղակայված թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնելու նպատակով:

Կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին, դժգոհ մնալով իրենց տեղամասում քվեարկության արդյունքներից և օգտվելով վարչական շենքի միջանցքում միայնակ գտնվելու հանգամանքից՝ Հենրիկ Շահբազյանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, նշված երկու արձանագրություններում և գրանցամատյանում գրիչով կրկնագծման եղանակով կեղծել է թիվ 28/35 տեղամասի քվեարկության արդյունքները և արձանագրության կեղծված երկու օրինակները գրանցամատյանի հետ հանձնել ընտրատարածքային հանձնաժողովին:
Կատարած հանցագործության համար Հենրիկ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով:

Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս