«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դեմ բողոք է ներկայացրել՝ պատճառաբանելով, թե նա վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին: Վերջինս ազգությամբ հայ է, բայց ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին հակահայկական նախագծերի քննարկման ժամանակ թուրքական պատվիրակության մյուս անդամների հետ միասին փաստաթղթերին կողմ էր քվեարկել: Դրանից հետո Զոհրաբյանը մոտեցել էր նրան:
Հենց այս դրվագն էլ ԵԽԽՎ-ում շահարկում է Թուրքիայի պատվիրակությունը: «Ժողովուրդ»-ը երեկ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրեն չի մտահոգում թուրքական պատվիրակության կողմից իր դեմ բողոք ներկայացնելու հանգամանքը: «Ես մամուլից եմ ծանոթացել այդ թեմային: Բացարձակապես չի հետաքրքրում, տեղյակ չեմ նույնիսկ ճիշտ է, թե սխալ, եթե անգամ ճիշտ է, ինձ բացարձակապես դա չի մտահոգում: Ես այսօր շատ ավելի կարեւոր խնդիրներ ունեմ, քան Մարգար Եսայանի եւ Պեդրո Ագրամունդի համատեղ ընդվզումը իմ դեմ»,- պատասխանեց Զոհրաբյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում՞