Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանն արդեն մի քանի օր է հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ: Նախօրեին նա հանդիպել էր ՀՀԿ, ՀՅԴ և «Օրինաց երկիր» խմբակցությունների հետ, իսկ երեկ հանդիպեց «Ժառանգության» և ԲՀԿ-ի ներկայացուցիչներին:
Դաշնակցությունից և ՀՀԿ-ից բացի մյուս խմբակցությունները դեռևս չեն շտապում հրապարակել, թե ինչպես են քվեարկելու օմբուդսմենի ընտրության ժամանակ, սակայն հանդիպումները դրական են գնահատում:
Իսկ Արման Թաթոյանն էլ մշտապես վստահեցնում է, որ գիտակցում է այն պատասխանատվությունը, որը ստանձնելու է: «Գիտակցում եմ, որ բարդություններ կլինեն: Բայց նաև այնպիսի սկզբունքներ եմ ներկայացնում, որ կարծում եմ, այդ սկզբունքները իրացնելու դեպքում, դրանք ինձ կօգնեն ավելի արդյունավետ գործունեություն ծավալել», – հայտարարել է նա:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանն իրենց որոշումը հրապարակեց հանդիպումից անմիջապես հետո: «Հայեցակարգային մակարդակով Արման Թաթոյանի մոտեցումները համապատասխանում են մեր պատկերացումներին, և վստահ ենք, որ եթե աջակցությունը նաև պառլամենտի կողմից լինի, Արման Թաթոյանը կկարողանա իրականացնել այն նաև նոր գործառույթները և լիազորությունները, որ ամրագրված են սահմանադրական փոփոխություններով», – ընդգծել է նա:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը չնայած վերջնական որոշումը չհրապարակեց, սակայն Թաթոյանի հետ հանդիպումից գոհ էր: Նման դիրքորոշում հայտնեց նաև ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը. նրանք ՄԻՊ-ի քվեարկության հարցում դեռևս վերջնական որոշում չունեն, սակայն հանդիպումից գոհ էին:
Հիշեցնենք, որ ՄԻՊ թեկնածուի քվեարկությունը տեղի էր ունեցել անցած շաբաթ` Պետաիրավական հանձնաժողովում: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ստացավ 5 կողմ ձայն, Թաթոյանի օգտին քվեարկեց 7, իսկ Նարեկ Ալոյանի օգտին՝ 2 հանձնաժողովական: Քվեարկությանը չմասնակցեց Գագիկ Ջհանգիրյանը, իսկ Արծվիկ Մինասյանը կողմ քվեարկեց բոլոր երեք թեկնածուներին: Հավելենք, որ ՄԻՊ-ի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 22-ին մեկնարկող լիագումար նիստում, իսկ Արման Թաթոյանին ընտրվելու համար միայն ՀՀԿ-ի ձայները բավարար չեն: Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ում ընդգրկված է 70 պատգամավոր, իսկ Թաթոյանին օմբունդսմեն դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 79 ձայն։