ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արտասահմանից վերադարձել է: Հակոբյանը վստահեցրեց, որ երբեմն անհրաժեշտ է քաղաքական դաշտում պասիվ դերակատարություն ունենալ:
-Պարո՛ն Հակոբյան, “Ժառանգության” առաջնորդ Ր. Հովհաննիսյանը շատ անակնկալ ձեւով ,անհետացավե քաղաքական դաշտից: Ի վերջո, որտե՞ղ է նա եւ ինչո՞վ է զբաղված:
-Ր. Հովհաննիսյանն արտասահմանում էր, նոր է վերադարձել, մենք այս պահին՝ խմբակցությունն իր հերթին, վարչությունն իր հերթին, ավագանին էլ՝ իր, միասին ծրագրում ենք մեր հետագա անելիքները: Ու երեւի բնական է, որ ամբողջ քաղաքական դաշտը պասիվություն է ապրում, երեք ընտրություն անցկացվեց, որոնք համապետական էին: Իրավիճակն այս պահին այդպիսին է:
-Եթե գաղտնիք չէ, կասե՞ք՝ ինչու Ր. Հովհաննիսյանը թողեց պայքարող ժողովրդին ու մեկնեց ԱՄՆ:
-Գաղտնիք չէ: Ու ինձ համար զարմանալի է, որ գաղտնիության շղարշի մեջ են առնում: Նախ՝ իր ծնողներն այնտեղ են ապրում, դա պետք է միշտ նկատի ունենալ: Հետո՝ հրավերներ կային, ու պետք է ելույթ ունենար, հանդիպումներ ունենար:
-Ր. Հովհաննիսյանը քաղաքական դաշտում ընկալվում է որպես ամերիկյան կողմնորոշում ունեցող գործիչ, եւ այս հանգամանքը քննարկվում էր հատկապես ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ…
-Ես պետք է ասեմ, որ դրանք անհեթեթություններ են, ու ես չէի ցանկանա դրան անդրադառնալ:
-Իսկ ինչո՞ւ “Ժառանգություն”-ը որոշեց “պասիվանալ” այն ժամանակահատվածում, երբ ողջ ժողովուրդը պատրաստ էր Ր. Հովհաննիսյանի առաջնորդությամբ հեղափոխություն իրականացնել ՀՀ-ում: Ի վերջո, ի՞նչ եղավ ,բարեւի հեղափոխությունըե:
-Քաղաքականությունը որոշակի տրամաբանություն ունի, եւ պետք է այդ տրամաբանության շրջանակներում դիտարկել այդ հարցը: Եթե այդ պահին պետք էր շատ ակտիվ լինել, ուրեմն պետք էր ակտիվ լինել ու այդ ակտիվությունը պահպանել բոլոր ժամանակահատվածներում: Կարծում եմ` դա մի քիչ այդքան էլ չի տեղավորվում քաղաքականության զարգացման օրինաչափություններում:
-Բայց ժողովուրդը շատ ակտիվ էր ու անընդհատ սպասում էր Ր. Հովհաննիսյանի հաջորդ քայլին: Սակայն Ր. Հովհաննիսյանը, կարելի է ասել, մարտի դաշտից “փախավ”:
-Եթե այս իրավիճակն է, ուրեմն այս իրավիճակն է, որը եղավ, ճշգրտված… չեմ կարող ասել… իհարկե, նաեւ թերություններ եղան… բայց չեմ կարծում, թե դրանք արմատապես անդրադարձան այն իրավիճակի վրա, որն այսօր կա: Պետք է նկատի ունենալ, որ, ի վերջո, այդ ակտիվության դեմ կռվում էր մի ամբողջ պետական համակարգ, եւ եթե դրան գումարենք նաեւ ոչ իշխանական ուժերի կեցվածքը, որ, ըստ էության, ժողովրդական շարժման կողքին չկանգնեցին… Բայց չեմ ուզում դժգոհել, որովհետեւ քաղաքական ֆակտուրան, որն այսօր գոյություն ունի, չի նպաստում համախմբմանը, հատկապես ընդդիմադիր դաշտում:
-Հետընտրական շրջանում Դուք, Ր. Հովհաննիսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցաք, որի հետ կապված՝ տարբեր տեղեկություններ հրապարակվեցին: Իսկ ԲՀԿ-ն էլ հայտարարեց, թե իրենք ձայնագրություն ունեն ու կարող են դա հրապարակել: Ի՞նչ էիք քննարկել այդ հանդիպման ժամանակ, որ նման սենսացիա առաջացավ:
-Այդ քննարկման մասին արդեն ասվել է, ու ես ավելացնելու ոչինչ չունեմ:
-Բայց ԲՀԿ-ն այլ տեղեկություն է տարածել այդ հանդիպման վերաբերյալ, “Ժառանգություն”-ը` այլ: Ինչո՞ւ:
-Ես լսեցի, որ ասում են` նման ձայնագրություն կա, ու խնդրեցի, որ դրա սղագրությունը հրապարակեն, բայց կրկնում եմ, որ ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ հարցին: Ուղղակի միշտ հայտնվում են մարդիկ, որ ուզում են շահարկել, ինչ-որ կոնֆլիկտներ ստեղծել: Իսկ ես կոնֆլիկտ չեմ տեսնում, շատ նորմալ հանդիպում է եղել, շատ բարյացակամ մթնոլորտում: Առանձնապես գաղտնի բաներ չեն եղել, հրապարակային է եղել: Բայց միշտ հայտնվում են մարդիկ, որ ուզում են մազից գերան սարքել:
–Նույնը եղավ նաեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
-Եթե մենք չենք ձայնագրում, ի՞նչ կարող ենք հրապարակել, մենք սովորություն չունենք ձայնագրել հանդիպումները, առավել եւս` առանց նախազգուշացնելու: Մենք ո՛չ այդ ձայնագրությունն ունենք եւ ո՛չ էլ այդ սովորությունն ունենք: Եվ ես դա համարում եմ գոտկատեղից ներքեւ հարված, երբ մարդիկ կարող են հանդիպել ու չզգուշացնել, որ ձայնագրում են: Բայց ես, այդուհանդերձ, կրկնում եմ. եթե կա, թող հրապարակեն, եւ այն հանդիպումներին, որտեղ ես ներկա եմ եղել, պատրաստ եմ ցանկացած նախադասության տակ ստորագրել: Իսկապես շատ նորմալ հանդիպում է եղել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 560 համար