Լյուքս Ստեփանյանի սպանությունը դաս չեղավ. ինչը զինծառայողների մահվան պատճառ դարձավ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում  երկու զինվոր է մահացել: Նրանցից մեկը սպանել է մյուսին, իսկ ավելի ուշ ինքնասպան եղել: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել կատարված միջադեպի պատճառը:

Դեռեւս 2013 թվականին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը սպանվել էր: Պատճառը եղել էր այն, որ Լյուքսը վիրավորել էր իր ծառայակից ընկերոջը՝ Դավիթ Խաչատրյանին, նկատողություն էր արել նրան  «պզուկի» համար, ինչի արդյունքում Դավիթը մահացու վիրավորում էր հասցրել Լյուքսին: Այս արարքի համար Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:

Եվ, ահա, 2 տարի առաջ տեղի ունեցած դեպքը, ըստ էության, դաս չեղավ ո՛չ պաշտպանության նախարարության, ո՛չ հրամանատարական կազմի եւ ո՛չ էլ զինվորների համար:

Բանն այն է, որ երեկ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են  ստացել ՊԲ զինծառայողներ 19-ամյա Կամո  Հովհաննիսյանը եւ Թեմուր Սուլոյանը: Հայտնի է դարձել, որ Թեմուրը սպանել է ծառայակցին, ապա ինքնասպան եղել: Կամո Հովհաննիսյանը Արցախի Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի ղեկավարի որդին էր, իսկ, ահա, Թեմուր Սուլոյանը ապրում էր Պռոշյան համայնքում:

«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատար Սերյոժա Շաքարյանի հետ, որը հայտնեց, թե զինվորների մասին միշտ լավն է լսել.«Դեպքը եղել է դիրքերում, տղաներից մեկը պոստը լքել, իջել է ներքեւ, մյուսը հարցրել է, թե ինչո՞ւ ես իջել, նա էլ պատասխանել է, թե լավ եմ արել, ու եղել է այն, ինչի մասին արդեն բոլորը գիտեն»:

Հարցին, թե կատարվածում, որպես զորամասի հրամանատար, իր մեղքի բաժինը չի տեսնում, Սերյոժա Զաքարյանը պատասխանեց .«Բոլորն էլ իրենց բաժինը տեսնում են»:

Նկատենք, որ զորամասի հրամանատարը հայտնեց, թե պատճառը եղել է տղաներից մեկի դիրքը լքելը: Մինչդեռ չի բացառվում, որ եղել է նաեւ այլ, ավելի հիմնավոր պատճառ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կամո Հովհաննիսյանը եւ Թեմուր Սուլոյանը շաբաթներ առաջ զորամասի մաքրության հետ կապված լուրջ տարաձայնություն են ունեցել, որը, ըստ երեւույթի, կիսատ էր մնացել ու, փաստորեն,  նման ողբերգական  հանգուցալուծում ստացել պահպանության տեղամասում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս