Վերջապես կհանդիպենք մեր «ամուսիններին». Զառա Սահակյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն վերսկսվել են «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոպանի տեսություն» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանման աշխատանքները, նոր սերիաները շուտով կլինեն եթերում: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց սիթքոմի դերասանուհիներից մեկը` Զառա Սահակյանը. «Նոր, հետաքրքիր կերպարներ են «ներմուծվել» սերիալ, մեզ միացել է Անդրանիկ Հարությունյանը, ով կմարմնավորի Անի Պետրոսյանի կերտած կերպարի (սիթքոմում` իմ տագրոջս կնոջ) ամուսնուն, իսկ Սեպուհ Ապիկյանն էլ ավելի ուշ կխաղա իմ ամուսնու դերը: Այնպես որ, նոր եթերաշրջանում մենք վերջապես կհանդիպենք մեր ամուսիններին: Դերասանական կազմին կմիանա նաեւ Իվետա Եդիգարյանը»:

12729079_1060145340709032_5544705209249599558_n

Զառա Սահակյանը մեզ պատմեց նաեւ, որ նախատեսում է առաջիկայում հանդես գալ նոր կոմերցիոն ներկայացմամբ, որտեղ անդրադարձ կկատարվի կնոջը` իր հիմնական խնդիրներով: «Ես եւ ամուսինս (պրոդյուսեր Դավիթ Հարությունյան) մտածում ենք սցենարային գծերի մասին` աշխատելով պրոֆեսիոնալ սցենարիստների հետ: Ես հանդես եմ գալու տարբեր կանանց կերպարներում: Մասնագետներն ինձ միշտ ասում են` բազում խարակտերային կանանց կերպարներ ես մարմնավորում, ինչո՞ւ դրանք միասին չես ներկայացնում: Ճիշտն ասած` նման նախագծի վերաբերյալ սկզբում մտավախություն ունեի, դա պատասխանատու գործ է, բայց հետո գտանք այն մատուցելու ճիշտ լուծումը»:

12718160_1060145347375698_3323697429923585105_n

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ տարբեր կանանց թվում Զառան ներկայացնի հենց ինքն իրեն կամ իր խառնվածքին բնորոշ գծեր, դերասանուհին պատասխանեց. «Այդ կերպարները ստեղծվել են կենցաղային կյանքի տարբեր դիտարկումների արդյունքում: Կարող է՝ մի կնոջ տեսած լինեմ խանութում, եւ նրա կերպարը մնացած լինի ենթագիտակցությանս մեջ, որոշեմ անդրադառնալ նրան: Իսկ, առհասարակ, ինձ համար առաջնայինը գաղափարն է, հետո նոր կերպարը. գաղափարը լինի, կերպարն ինքնըստինքյան կստանամ»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Զառան իր կապը պահում է նախկին «Վիտամին ակումբի» տղաների հետ, որոնց հետ ժամանակին ներկայանում էր մեկ բեմում. ««Վիտամին»-ը՝ որպես փրոդաքշըն, այժմ գործում է, եւ երբ նոր գաղափարներ, ծրագրեր են լինում, ինձ անպայման հրավիրում են: Տղաները բոլորն իմ ընկերներն են, որոնց հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ»,-եզրափակեց դերասանուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս