Ամիրյան 2 հասցեի շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չի տրվելու. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում համապատասխան ստորաբաժանումների բացթողումներին՝ հատուկ նշելով Ամիրյան 2-ի դեպքերը: Քաղաքապետը մասնավորապես պահանջել է պարզաբանել փետրվարի 20-ին մայրաքաղաքի Ամիրյան 2 հասցեում մեկնարկած երկհարկանի շինության ճակատային հատվածի ապամոնտաժման շուրջ առաջացած աղմուկն ու հստակեցնել խնդիրը:

«Այնպիսի տպավորություն է, թե վերջին շրջանում քաղաքային իշխանության համապատասխան ծառայությունները ընդհանրապես չեն կարողանում ճիշտ աշխատել, ինչն իր հերթին բերում է հանրության արդարացի դժգոհությանը: Մայրաքաղաքի հուշարձան շենքերի և, առհասարակ, հինԵրևանի պահպանման հարցում մեր համաքաղաքացիների կողմից վստահության ակնհայտ պակաս կա քաղաքային իշխանությունների նկատմամբ, ինչը կարող եմ գնահատել որպես ձեր խիստ թերի աշխատանքի հետևանք: Ու այս մասով մենք շատ անելիք ունենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր համաքաղաքացիների վստահությունը: Իսկ դրան հնարավոր է հասնել բացառապես համապատասխան ծառայությունների կոշտ դիրքորոշման և ակտիվ գործունեության շնորհիվ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետին զեկուցվել է, որ արտաքին գործերի նախարարության շենքից դեպի ձախ գտնվող, 1896 թվականին կառուցված արական գիմնազիայի երկհարկանի հուշարձան շենքի պահպանված ճակատամասին կից 1980-ական թվականներին կառուցվել է երկհարկանի կցակառույց, որը չհանդիսանալով հուշարձան շենքի մաս, նախանշվել է որպես ապամոնտաժման ենթակա հատված:

Պատասխանատուները նաև նշել են, որ հուշարձան չհանդիսացող կցակառույցի պահպանման հարցը բազմիցս քննարկվել է մասնագիտական շրջանակներում, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարարությունում, և հուշարձան շենքի ճակատային մասի ընդգծման և արժեվորման նպատակով, հավանություն է տրվել ապամոնտաժել հուշարձան չհանդիսացող կցակառույցի հատվածը: Նաև նշվել է, որ այս պահին տվյալ աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, մինչև հարցը լրացուցիչ ևս մեկ անգամ քննարկվի Մշակույթի նախարարության հետ:

Ներկայացված պարզաբանումն, այնուամենայնիվ, չի գոհացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով նկատել է, որ հանրությանը պետք է նախապես իրազեկել Երևանում իրականացվող քաղաքաշինական այս կամ այն լուծումների մասին՝ տարընկալումներից զերծ պահելով իրականացվող գործընթացները:
«Շատ դեպքերում այսօր ի հայտ են գալիս տարիների ընթացքում կուտակված խնդիրներ և այդ մասին պետք է հստակ տեղեկացնել հանրությանը: Քաղաքաշինության մասով բոլոր խոշոր ներդրումային ծրագրերը պետք է ներկայացվեն հանրային քննարկման, իսկ քաղաքաշինական փաստաթղթերը պետք է տրվեն ավելի հստակեցված», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ավելացրել, որ մասնավորապես Ամիրյան 2 հասցեի հուշարձան շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չի տրվելու, իսկ նման փորձ կատարողներն էլ կենթարկվեն պատասխանատվության:

shenq2




Լրահոս