Էդուարդ Իսաբեկյանի նկարները վտանգի տակ են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում (Երեւանի Մաշտոցի պողոտայի 7ա հասցե), որտեղ կազմակերպված է նկարչի աշխատանքների մշտական ցուցադրություն, ներկայացվող աշխատանքներն այժմ գտնվում են ոչ ապահով վիճակում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եղանակային տարբեր պայմանների հետեւանքով անձրեւից, ձյունից, ձնհալից ցուցասրահի պատերը թրջվել են, եւ հավանականությունը մեծ է, որ նկարները կարող են փչանալ. որքանով տեղյակ ենք` մի քանի նկար նույնիսկ հանվել է ցուցադրությունից:

Է. Իսաբեկյանի որդին` նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը, մեզ հետ զրույցում շեշտեց. «Պարտավորությունը, որը վերցրել է Երեւանի քաղաքապետարանը, պետք է կատարի. պայմանագիր կա կնքած, որի համաձայն՝ իրենք պարտավոր են կազմակերպել նկարների ապահով ցուցադրությունը»:

Նշենք, որ համաձայն 05.11.2012թ. կնքված «Նվիրաբերության պայմանագրի»՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 28 գեղանկարչական աշխատանքներ անհատույց կերպով, սեփականության իրավունքով նվիրաբերվել են Երեւան համայնքին՝ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի առաջին հարթակում մշտական գործող Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարների ցուցադրությունում ցուցադրելու, իսկ անհրաժեշտության դեպում՝ այլ ցուցասրահներում ժամանակավոր ցուցադրելու համար։

12733452_1000386330042433_9055180922691546375_n

Մենք հարցում ուղարկեցինք Երեւանի քաղաքապետարան` նախ տեղեկանալու համար, թե թվով քանի աշխատանք է ներկայացված ցուցասրահում: Մշակույթի եւ տուրիզմի վարչությունից մեզ տեղեկացրին, որ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում ցուցադրվում է 39 ստեղծագործություն, որից 28-ը հանդիսանում է Երեւանի քաղաքապետարանի սեփականությունը՝ համաձայն վերը նշված. «Նվիրաբերության պայմանագրի», 7-ը՝ բերված են ընտանիքի, 4-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուներից։

Վերջինները մուտք են գործել «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ՝ մշտական ցուցադրության համալրման նպատակով։
Իսկ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե Երեւանի քաղաքապետարանն ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում` մեծ նկարչի աշխատանքները փրկելու, ցուցասրահում ապահով պայմաններ ստեղծելու ուղղությամբ, մեզ պատասխանեցին. «Ցուցասրահի համար ապահով պայմաններ ստեղծելու վերաբերյալ քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղում ուսումնասիրել եւ քննարկել են բարձրացված հարցը՝ դրանք ծրագրերում ներառելու համար»։

Այսպիսով` Է. Իսաբեկյանի նկարները, փաստացի, «գոյատեւում են» ոչ բարվոք պայմաններում, իսկ թե երբ քաղաքապետարանի ներկայացուցիչների քննարկումները կտան իրենց շոշափելի արդյունքը, հայտնի չէ:

Մենք քաղաքապետարանից նաեւ հետաքրքրվեցինք` կան արդյոք ցուցասրահը թանգարանի վերածելու ծրագրեր: Մեզ պատասխանեցին, որ նման ծրագիր ներկայումս չկա, քանի որ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի առաջին հարթակում մշտապես գործում է Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարների ցուցադրություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արամ Իսաբեկյանը Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցասրահի բացման ժամանակ (2013թ.) նշել էր. «Համոզված եմ, որ այս ցուցասրահը ժամանակի ընթացքում կվերածվի թանգարանի, որտեղ կցուցադրվեն ոչ միայն նրա նկարները, այլեւ թողած ահռելի ժառանգությունը, որը ես սիրով կնվիրաբերեմ թանգարանին»:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը` Արամ Իսաբեկյանի ֆեյսբուքյան էջից




Լրահոս