Երեկ առաջին անգամ փորձարկվել է «Տաթեւեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանը, սակայն դեռեւս հայտնի չէ՝ այն կաշխատի, թե ոչ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Տաթեւ համայնքի բնակիչներից: «Նախօրեին ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամից մասնագետ եկավ եւ ջուրը միացրեց, իսկ այսօր էլ փորձարկեցին (երեկ-խմբ.), բայց հստակ չգիտենք՝ կաշխատի, թե ոչ: Մի քանի օրից պարզ կլինի»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց Տաթեւի բնակիչ Անուշ Հայրապետյանը: Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարանները Հայաստան բերելու համար: Դրանցից մեկը գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, իսկ մյուսը՝ «Տաթեւեր» ճոպանուղու մոտ: Պետական պաշտոնյաների համոզմամբ՝ այս զուգարանները մեծ նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման համար, սակայն մեկ տարուց ավելի է՝ դրանք չեն աշխատում: Հավելենք, որ եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունն ամեն զուգարանին մոտ 170 հազար ԱՄՆ դոլար գումար տվել:
ԿԱՇԽԱՏԻ՞, ԹԵ՞ ՈՉ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ