ՀՀ վարչապետն ու ֆինանսական պատասխանատուները ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը եւ թոշակները չբարձրացնելը պատճառաբանում են պետբյուջեում առկա ֆինանսական դեֆիցիտով, սակայն որեւէ քայլ չեն անում՝ կրճատելու համար պետական ապարատի անհարկի ծախսերը, այդ թվում` ծառայողական մեքենաների եւ դրանց հատկացվող բենզինի հարցում: Օրինակ՝ ՀՀ մշակույթի նախարարության ծառայողական մեքենաներին մեր հաշվարկներով հատկացվում է օրական 12 լիտր բենզին, որը բավարար է մոտ 100 կմ վարելու համար:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը այս տարվա հունվարի 19-ին երկու պայմանագիր է կնքել «Սի Փի Էս Օիլ» ընկերության հետ: Մի պայմանագրով ՄՆ-ն գնել է 2354.71 տոննա ռեգուլյար տեսակի բենզին՝ վճարելով 918336.9 դրամ: Իսկ մյուս պայմանագրով նախարարության կողմից գնվել է 16279 տոննա ռեգուլյար տեսակի բենզին՝ ընդհանուրը 6 մլն 348 հազար 810 դրամի: Այս առիթով «Ժողովուրդ»-ը գրավոր կերպով մի քանի հարց ուղղեց մշակույթի նախարարությանը: Ստորեւ ներկայացնում ենք մշակույթի նախարարությունից ստացված պատասխանները մեր հարցերին:
-ՀՀ մշակույթի նախարարությունը քանի՞ ծառայողական մեքենա ունի:
-ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում առկա է յոթ ծառայողական ավտոմեքենա:
-Նախարարության կողմից գնված բենզինը քանի՞ մեքենայի վրա է բաշխվելու:
-Ձեռք բերված բենզինը բաշխվում է առկա ծառայողական ավտոմեքենաներին` ըստ անհրաժեշտության:
-Ի՞նչ չափորոշիչներով է ընտրվում, թե նախարարության որ պաշտոնյային պետք է տրամադրվի ծառայողական մեքենա:
-Ծառայողական ավտոմեքենաների բաշխումը իրականացվում է` ելնելով տվյալ պաշտոնատար անձի աշխատանքային ծանրաբեռնվածությունից եւ ղեկավարած ոլորտի առանձնահատկություններից (նախարարի, նախարարի երեք տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, գործակալության պետերի եւ ընթացիկ խնդիրների համար):
-Եթե տվյալ պաշտոնյային ծառայողական մեքենա չտրամադրվի, նրա աշխատանքի արդյունավետությունը կփոխվի՞:
-Ծառայողական ավտոմեքենա տրամադրվում է պաշտոնատար անձին իր ղեկավարած ոլորտի օպերատիվ կառավարումն իրականացնելու նպատակով, քանի որ մշակութային կազմակերպությունները` նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները, ինչպես նաեւ հուշարձանները գտնվում են Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում եւ ՀՀ մարզերում: Ելնելով վերոնշյալից՝ օպերատիվ տեղաշարժի անհրաժեշտություն է առաջանում:
Այսպիսով` «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն ուղղված պատասխանում այս կառույցը պատճառաբանում է, որ իրենք շրջում են նաեւ մարզերով, այցելում նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները, հուշարձաններ եւ այլն: Սակայն եթե գնված բենզինի չափաքանակները գումարենք իրար, կստացվի 18633.71 տոննա: Եվ եթե ստացված թիվը բաժանենք 7-ի (ծառայողական ավտոմեքենաների թիվն է), ապա բաժանենք 220-ի (տարեկան աշխատանքային օրերի միջին թիվն է), կստացվի, որ նախարարության յուրաքանչյուր ծառայողական մեքենային օրական հատկացվում է ավելի քան 12 լիտր բենզին:
Եւ եթե անգամ մշակույթի նախարարության ծառայողական մեքենաներն ունեն հզոր եւ ծախսատար շարժիչներ, ապա հատկացվող 12 լիտր բենզինը պետք է բավականացնի ավելի քան 100 կմ վարելու համար, ինչը մշակույթի նախարարության դեպքում բացառվում է:
Մյուս կողմից էլ խիստ կասկածելի է, որ նախարարության ներկայացուցիչները ամեն օր այցելում են մարզեր: Իսկ թե ինչ խայտառակ վիճակում են գտնվում մարզերի հուշարձանները, պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները, հայտնի է բոլորիս: Այնուամենայնիվ, եթե նախարարության աշխատակիցը ցանկանում է կատարել իր աշխատանքը՝ շրջելով նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներ, տեսնել հուշարձանների վիճակը, ապա այս ամենի համար բավական կարող է լինել մեկ ծառայողական մեքենայի հատկացումը: Ինչ վերաբեում է փոխնախարարներին կամ գործակալության պետերին, ապա ամենեւին էլ պարտադիր չէ, որ նրանք ՀՀ շարքային քաղաքացիների մուծած հարկերից գոյացող պետբյուջեի հաշվին երթեւեկեն ծառայողական շքեղ մեքենաներով: Նրանք միանգամայն հանգիստ կարող են իրենց աշխատանքը կատարել նաեւ սեփական մեքենաներով կամ հանրային տրանսպորտով երթեւեկելով:
Հ.Գ. Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում, որտեղ ՀՆԱ-ն 2,7 տրիլիոն դոլար է, բնակչության թիվը 65 միլիոն, ծառայողական մեքենաների թիվը ընդամենը 190 է: Իսկ Հայաստանում, որի բնակչությունը 3 մլն էլ չկա, իսկ ՀՆԱ-ն հազիվ հասնում է 10 միլիարդ դոլարի, պետական համակարգում 1070 մեքենա կա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
Փետրվարի 11-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Դիլիջանում ինքնաձիգի կրակոցից վիրավորվել եւ աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք ախտորոշմամբ Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Միքայելյանը: Վերջինս ոստիկաններին ասել է, թե չի տեսել` ով է իր վրա կրակել: Այդ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության փորձը): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը:
Դիլիջանցիները Ս. Միքայելյանին բնութագրում են որպես նորմալ ընտանիքից սերված սովորական երիտասարդի: Միքայելյանը ինքնաձիգի գնդակից վիրավորվել է, երբ գտնվել է ավտոմեքենայի մեջ: Ինքնաձիգի գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգեյի ոտքը: Նա ի պատասխան՝ իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել, որպեսզի կրակողը զգուշանա ու դադարեցնի իր վրա կրակը: Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Սերգեյ Միքայելյանը ոչ թե չգիտի, այլ չի ցանկանում հայտնել իր վրա կրակող անձնավորության անունը եւ այն պատճառները, որոնց հետեւանքով իր վրա մահափորձ է կատարվել: Տավուշի մարզի իրավապահների կողմից հայտնաբերվել է ինքնաձիգը, որով կրակել է Սերգեյ Միքայելյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ կասկածվում է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին: Վերջինիս գտնվելու վայրը ներկայումս հայտնի չէ: Ըստ ամենայնի, նա գտնվում է փախուստի մեջ: Քննությունը դեռ պետք է պարզի Սերգեյ Միքայելյանի եւ զինկոմի որդու ինքնաձիգների ծագումը, նաեւ այն, թե դրանք ինչպես են հայտնվել նշված անձանց մոտ:
Հավելենք, որ փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի մյուս որդին՝ ավագ լեյտենանտ, 1990թ. ծնված Մհեր Հակոբյանը 2014թ. սեպտեմբերի 14-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի մարտական հենակետերից մեկում զոհվել էր ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից: Այդ ժամանակ Հովհաննես Հակոբյանը Դիլիջանում տեղակայված զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն էր եւ մոտ 10 օր առաջ էր ազատվել այդ գործից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ