ԲՀԿ-ՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ԲՀԿ-ում, կարծես թե, արշալույսները խաղաղ չեն. կուսակցության ներսում առկա են լուրջ տարաձայնություններ` կապված ԲՀԿ-ի` կոալիցիա մտնելու հնարավորության հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բազմաթիվ ազդեցիկ ԲՀԿ-ականների տեսակետները չեն համընկնում ԲՀԿ առաջնորդի տեսակետի հետ: Նրանք չեն ցանկանում համակերպվել Զոհրաբյանի` կոալիցիա չմտնելու տեսակետի հետ եւ փորձում են կուսակցության տարածքային կառույցների միջոցով ներկուսակցական հեղաշրջում իրականացնել:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, տեղեկություններ կան, որ ներկայումս ԲՀԿ-ում ֆինանսական լուրջ խնդիրներ կան, ինչի արդյունքում մի շարք տարածքային կառույցներ առաջիկայում փակվելու են: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Ո՛չ, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ԲՀԿ-ում ֆինանսական որեւէ խնդիր չկա, տարածքային կառույցները ինչպես ֆինանսավորվել են նախկինում, այնպես էլ շարունակվում են ֆինանսավորվել:Այլ հարց է, որ համազգային շարժման փուլում ամբողջ ՀՀ-ում մեր կենտրոնական գրասենյակներին կից նաեւ ենթաշտաբներ էինք բացել եւ հիմա քննարկում ենք որոշ ենթաշտաբերի օպտիմալացման հարցը: Չի բացառվում, որ 1-2 ենթաշտաբեր միավորվեն իրենց համայնքի կենտրոնական շտաբին: Մենք քննարկում ենք տարածքային մեր կառույցների աշխատանքն առավել օպտիմալ եւ արդյունավետ դարձնելու հարցը, եւ այդտեղ որեւէ ինտրիգ, առավել եւս, ֆինանսների հետ կապված խնդիր փնտրելն անիմաստ է։
-Այնուամենայնիվ` տեղեկություններ կան, որ մի շարք տարածքային կառույցների աշխատավարձների վճարումն ուշացվում է, եւ կառույցի ղեկավարները դժգոհություններ ունեն ֆինանսկան խնդիրների հետ կապված:
-Ես խնդրում եմ եւ հորդորում եմ ձեր թերթի միջոցով, որ այն տարածքային կառույցներում, որտեղ իսկապես նման խնդիր կա, դիմեն ինձ: Ես պարբերաբար հանդիպում եմ տարածքային մեր կառույցների պատասխանատուների հետ եւ որեւէ մեկը ինձ նման խնդիր չի ներկայացրել: Գիտեք, որ տարածքային կառույցների մեր աշխատանքները կոորդինացնում են Վարդան Վարդանյանը եւ Աբրահամ Մանուկյանը, եւ ես չեմ կարծում, որ որեւէ տարածքային կառույց իր ֆինանսավորումը ժամանակին հասած չլինի։ Բնականաբար, ես Ձեր տեղեկատվությունը ընդունում եմ ի գիտություն, եւ Վ. Վարդանյանի ու Ա. Մանուկյանի հետ կքննարկեմ դա։ Ֆինանսավորումը կատարվում է կուսակցության ֆոնդից, եւ չեմ կարծում, որ ԲՀԿ ներքին խոհանոցը մամուլի քննարկման նյութ պիտի լինի։ Կարծում եմ՝ առաջիկայում մենք մեր գործընկերների հետ կվերանայենք նաեւ ֆինանսավորման հետ կապված զուտ տեխնիկական որոշ հարցեր եւս։
-Իսկ արդյ՞ոք կուսակցությունում վերջին շրջանում սրված տարաձայնությունների պատճառը ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու որոշումը չէ, որը, ի հեճուկս շատ ԲՀԿ-ականների, կայացվեց անձամբ Ձեր ջանքերի շնորհիվ:
-Գիտեք, կոալիցիայի թեման ավելի շատ գեներացվեց մամուլի միջոցով։ ԲՀԿ-ում, այո, եղել է նշյալ թեմայով քննարկում, եղել են տարբեր կարծիքներ, ինչը միանգամայն բնական է։ Սրված տարաձայնություններ ԲՀԿ-ում չկան։ Հասկանում եմ, որ մամուլի համար լավ կլիներ, որ ԲՀԿ-ում արմագեդոն լիներ, քանզի գրելու առատ թեմա կլիներ, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Առավել եւս, այդ քննարկումները, որ եղան ու անցան, որեւէ կապ չունեն ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքները օպտիմալացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու մեր օրակարգի հետ։ Կրկնում եմ՝ մեր բոլոր 68 տարածքային կառույցները ինչպես գործել են, այնպես էլ շարունակում են գործել, եւ եթե կան խնդիրներ, վստահ եմ, որ աշխատանքային կարգով դրանք բոլորը լուծելի են։
-Չեք կարծո՞ւմ, որ վերջերս ԲՀԿ-ում տարակարծությունները չափազանց շատացել են, վտանգ չեք տեսնո՞ւմ, որ այս կերպ հնարավոր է՝ կուսակցությունը պառակտվի:
-Ո՛չ, չեմ կարծում, որովհետեւ ցանկացած կուսակցության ներսում կան, ու բնական է, որ լինեն տարբեր կարծիքներ, տեսակետներ: ԲՀԿ-ն սիամական երկվորյակների կուսակցություն չէ, որ բոլորս մի կերպ մտածենք ու գործենք։ Սակայն շատ կարեւոր է, որ ունենալով անգամ տրամագծորեն հակառակ կարծիքներ այս կամ այն հարցի վերաբերյալ՝ մենք հարգենք միմյանց տեսակետն ու առաջնորդվենք մեծամասնության ձայնի քվեով։ Ես, իհարկե, շոյված եմ ԲՀԿ-ի հանդեպ մամուլի նման ընդգծված ուշադրությունից, բայց այդքան մի անհանգստացեք՝ ԲՀԿ-ն կա ու դեռ շատ երկար ժամանակ լինելու է ՀՀ-ի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը։
-Իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ա. Մանուկյանի եւ Ձեր միջեւ խնդիրներ կան, եւ պրն Մանուկյանը փորձում է տարածքային կառույցների միջոցով Ձեր դեմ սաբոտաժ կազմակերպել։
-Գիտեք, Ա. Մանուկյանը եւ ես կարող ենք ունենալ եւ ունենք տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, ու դա եւս միանգամայն բնական է, եւ ես այդտեղ որեւէ ողբերգություն չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է դավադրությունների տեսությանը, ապա արդեն ասացի, որ որեւէ տարածքային կառույցում նման հեղափոխական տրամադրություններ չեմ տեսել։ Այո, որոշ տարածքային կառույցներում եղել են քննարկումներ, կարծիքներ, որ միգուցե ճիշտ էր կոալիցիա կազմելը, դա եւս մոտեցում է, եւ ես հարգում եմ իրենց դիրքորոշումը։ Սակայն պնդում եմ, որ կուսակցության ապագայի, վարկանիշի, հեռանկարի համար միակ ճիշտ ճանապարհը 2017-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն է։ Ես վստահեցնում եմ, որ մեր բոլոր 68 տարածքային կառույցների պատասխանատուներն ու ակտիվը արժանապատիվ մարդիկ են եւ հասկանում են, որ որեւէ պաշտոն ավելին չի կարող լինել, քան կուսակցության ապագան ու դրան հասնելու գրագետ եւ ճիշտ քայլերը, ինչի համար շնորհակալ եմ բոլորից:

 

 

 

 
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ, ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԻ

Երեկ «Հայազն» կուսակցության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ՀՀ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին հեռակա կարգով ներկայացվեցին մի շարք առաջարկներ՝ ըստ որոնց «Հայազնը» պատրաստվում է ստեղծել «Ազգային հեղափոխական ճակատ»:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, «Ազգային հեղափոխական ճակատ» ասելով ի՞նչ կարող ենք հասկանալ, ինչո՞վ է այն տարբերվելու մյուս նմանօրինակ կառույցներից. համաձայնեք՝ քիչ չեն եղել:
-Քանի որ 2017թ. բուն ընտրական պրոցեսներն են տեղի ունենալու, որոշեցինք առաջարկությամբ հանդես գալ, որպեսզի միասնական ճակատով մասնակցենք 2017թ. ընտրություններին… Մենք` ազգային հեղափոխականներով, մասնակցելու ենք ցուցակով, որը լինելու է արմատապես տարբերվող մյուս ընդդիմադիր ցուցակներից թե՛ իր կազմով, թե՛ իր ընտրության եւ ձեւավորման կարգով: 2017 ընտրությունները մեզ համար հայտարարում ենք սկսված:
-Իսկ ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ կհամագործակցեք:
-Այնպիսի առաջարկներ, որոնք որ մեր գաղափարական կետերից շեղումներ չեն ունենա, միշտ ողջունելի կլինեն: Բայց սա գլխավոր ճանապարհն է, որով որ մենք գնալու ենք:
-Ընդդիմադիր շատ ուժեր մինչեւ այժմ շարունակում են փողոցային պայքար ծավալել, հնարավո՞ր է՝ Դուք եւս միանաք նրանց:
-Մենք փողոց դուրս չգալը չենք սահմանափակում: Ցանկացած հեղափոխական գործունեություն, որը միտված է ներկայիս ռեժիմի դեմ պայքարելուն, մեր կողմից ողջունելի է: Սակայն, մեր կարծիքով, միայն օդում պայքարելով չպետք է սահմանափակվել, այլ պետք են մեխանիզմներ: Այսինքն՝ ամեն ինչ պետք է մշակված լինի, եւ կոնկրետ հարցերին համակարգային լուծումներ պետք է տրվեն: Այս իսկ պատճառով մենք նմանատիպ շարժում ենք ձեւավորել եւ վստահ ենք, որ այն հաջողությամբ է պսակվելու: Սա նաեւ նոր սերդի խոսքն է, որովհետեւ ժամանակն է եկել, որ քաղաքական սերնդափոխություն եւ ամբողջական ընդդիմափոխություն լինի ՀՀ-ում: Սա առաջին պաշտոնական քայլն է այդ պրոցեսում:
-Իսկ ինչպե՞ս է «Հայազն» կուսակցությունը ֆինանսավորվում: Արդյո՞ք բավարար միջոցեր ունեք՝ ձեր ծրագրերը կյանքի կոչելու համար:
-Մեր պատկերացմամբ լիդերների թիմը, որը պետք է առաջնորդի ազգային հեղափոխությունը, ընտրովի է լինելու: Հազարավոր գաղափարակից քաղաքացիներ պետք է իրենց ընտրությամբ հաստատեն իրենց լիդեր լինելը, եւ այդ հազարավոր քաղաքացիները պետք է ստանձնեն այդ պրոցեսի ֆինանսավորումը: Մշակված մեխանիզմներ կան, որոնք կներկայացնենք: Միանշանակ կարող եմ ասել նաեւ, թե ինչպես չի ֆինանսավորվելու կուսակցությունը: Չի ֆինանսավորվելու մականունավոր օլիգարխների եւ ոչ մականունավոր օլիգարխների կողմից, չի ֆինանսավորվելու դեսպանատների եւ միջազգային շահառուների կողմից, ֆինանսավորվելու է գաղափարակից մարդկանց, համակիրների ընտրական պրոցեսների միջոցով:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԿԱՅՔԵՐԸ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքէջերը չէին աշխատում. հասանելի չէին: Ի դեպ, չէր աշխատում նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության mtaes.am պաշտոնական կայքէջը եւս: Այս իրավիճակը պարզաբանելու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հետ: Հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ խնդիրը տեխնիկական է, եւ առաջիկայում այն կկարգավորվի: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ, երբ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները իրար միացան, այդ ժամանակ էլ կրկին մարզպետարանների կայքէջերը տեւական ժամանակ չէին աշխատում: Դրանք վերակառուցվում էին: Այս անգամ էլ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների իրարից առանձնացումը դեռ տեղի չունեցած մարզպետարանների կայքէջերը կրկին խափանվել են: Փաստորեն, կայքէջերին այս «անկայուն» վիճակն ամենեւին էլ դուր չի գալիս:

 

«ՍՊԱՅԿԱՆ» ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Սպայկա» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին «Գրինհաուզ» ընկերության անունով հայտարարագրվել է թարմ բողկ, սակայն փոխադրող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակահատվածում համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել: Արդյունքում փոխադրողի քայլը գնահատվել է իբրեւ Հայաստանի մաքսային օրենսդրության խախատում, ինչի համար «Սպայկային» ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է 100 հազար դրամի չափով:

 

ՁԵՎԱՑՐԵՑ, ԹԵ ՉԻ ԼՍԵԼ
Փետրվարի 18-ին Գրքի նվիրելու միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կառավարության գրեթե բոլոր անդամները գիրք էին նվեր ստացել եւ նիստերի դահլիճը լքում էին տոպրակները ձեռքներին: «Ժողովուրդ»-ը նկատեց, երբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ կառավարության շենքից դուրս եկավ հետնամուտքից, քաղաքացիները, որոնք բանից անտեղյակ էին, սկսեցին հետաքրքրվել, թե այդ ինչ է նա կառավարությունից հետը տանում: Սակայն Արտակ Շաբոյանը ձեւացնում էր, թե չի լսում իրեն ուղղված հարցերը եւ շտապեց հեռանալ: Իսկ տարածքը հսկող ոստիկաններն էլ կառավարության դիմաց հավաքված քաղաքացիներին հորդորում էին լռել եւ պաշտոնյաներին նրանց նվերների վերաբերյալ հարցեր չտալ:




Լրահոս