Երիտթևն ինքնագովազդի առիթը բաց չի թողնում. ՄԻՊ-ի փոխանցումն ընդունեց դատավոր Ռշտունին, և Գասպարին ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց Վարդգես Գասպարիի կալանքի միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու մասին:

Նկատենք, որ այս որոշումը հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ Վազգեն Ռշտունիի` Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելու հետ: Վերջինս, ինչպես «Ժողովուրդն»-ն արդեն գրել էր, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասայանի, ինչպես նաև` ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի և ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է, այլ կերպ ասած` երիտթևի ներկայացուցիչներից մեկը:

«Ժողովուրդն»-ը փետրվարի 18-ին կանխատեսել էր Ռշտունու նշանակումը` հավելելով, որ վերջինիս` Վերաքննիչ դատարան տեղափոխելու վերջնական նպատակը հետագայում նրան Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելն է: Եվ այս պայմաններում Գասպարիի կալանավորումն, ապա` ազատ արձակումը կարող էր Վճռաբեկ դատարանի ապագա նախագահ Ռշտունու իմիջին ծառայեցվել` ցույց տալով, որ վերջինիս համար արդարությունը վեր է ամեն ինչից, և նա արժանի է էլ ավելի բարձր պաշտոնի: Ամենեւին էլ չի կարելի բացառել, որ իշխանական երիտթեւի վերջնանպատակը հենց դա էր, որի ընթացքում հընթացս գովազդվեց նաեւ նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը եւս արագ արձագանքեց կալանքի խնդրին: Ու վերջնարդյունքում Վազգեն Ռշտունու կողմից ղեկավարվող ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր ……… Արմեն Դանիելյանը կայացրեց իսկապես հանրության համար ընկալելի որոշում՝ անհապաղ ազատ արձակելով Վարդգես Գասպարիին: Իհարկե, թեեւ մի կողմից նկատելի է, որ երիտթեւն ինքնագովազդի հնարավորությունը բաց չի թողնում, բայց մյուս կողմից ուրախանալի է, որ ծրագրված «գործարքից» շահեց գոնե մի քաղաքացի:

Անի Ստեփանյան




Լրահոս