Երիտթևի PR-ը՝ Վարդգես Գասպարիի կալանքի ֆոնին. Միքայել Մինասյանի և Գևորգ Կոստանյանի մտերիմի իմիջը պետք է բարձրացվեր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղհասարակության եւ լրատվական դաշտի կողմից բարձրացված աղմուկը հասավ իր նպատակին: Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց Վարդգես Գասպարիի կալանքի միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին:

Նկատենք, որ այս որոշումը հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ Վազգեն Ռշտունիի` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելու հետ: Վերջինս, ինչպես «Ժողովուրդն»-ն արդեն գրել էր, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասայանի, ինչպես նաեւ` ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է, այլ կերպ ասած` երիտթեւի ներկայացուցիչներից մեկը:

«Ժողովուրդ»-ը փետրվարի 18-ին կանխատեսել էր Ռշտունու վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում նշանակումը` հավելելով, որ վերջնական նպատակը հետագայում Ռշտունիին վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելն է: Եվ այս պայմաններում Գասպարիի կալանավորումը, ապա ազատ արձակումը կարող էր վճռաբեկ դատարանի ապագա նախագահ Ռշտունու իմիջին ծառայեցվել` ցույց տալով, որ նրա համար արդարությունը վեր է ամեն ինչից, եւ նա արժանի է էլ ավելի բարձր պաշտոնի: Ամենեւին էլ չի կարելի բացառել, որ իշխանական երիտթեւի վերջնանպատակը հենց դա էր, որի ընթացքում հընթացս գովազդվեց նաեւ նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը եւս արագ արձագանքեց կալանքի խնդրին: Ու վերջնարդյունքում Վազգեն Ռշտունու կողմից ղեկավարվող ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կայացրեց իսկապես հանրության համար ընկալելի որոշում՝ անհապաղ ազատ արձակելով Վարդգես Գասպարիին: Իհարկե, թեեւ մի կողմից նկատելի է, որ երիտթեւն ինքնագովազդի հնարավորությունը բաց չի թողնում, բայց մյուս կողմից ուրախալի է, որ ծրագրված «գործարքից» շահեց գոնե մի քաղաքացի:

Համեմատության համար նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն, օրինակ, չի կաշկանդվում հասարակական տրամադրություններից, ու դժվար է հիշել մի դեպք, որ քաղհասարակությունը արդարացի բողոքի ձայն բարձրացնի, դատարաններն ընդառաջ գնան դրան: Հակառակ օրինակները՝ որքան ուզեք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս