Փետրվարի 12-ին ունեցած իր ծրագրային ելույթում Սերժ Սարգսյանը կարեւորեց համակարգում երիտասարդ սերնդին ներգրավելու հարցը` ընդգծելով. «Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը եւ ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել եւ պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը»:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանի եւ Սուքիաս Ավետիսյանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյան
-Տիկի՛ն Կարապետյան, դատելով փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից, որտեղ վերջինս կարեւորում էր համակարգում երիտասարդ, նախաձեռնող մարդկանց դերը, ինչպես նաեւ վերջին նշանակումներից` կարծես թե Սերժ Սարգսյանը մտադիր է պետական համակարգում սերնդափոխություն իրականացնել: Դուք՝ որպես երիտասարդ սերունդի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Ինչպես տեղյակ եք՝ ես «Միացյալ ազատական ազգային կուսակցության» ներկայացուցիչ եմ, իսկ ՄԻԱԿ-ն այն կուսակցությունն է, որն իր գաղափարախոսության հիմքում դրել է սերնդափոխությունը, եւ ոչ միայն քաղաքական, այլեւ բոլոր գործող պետական ինստիտուտներում: Սակայն սերնդափոխություն չի նշանակում համատարած ազատվել տարեց մարդկանցից եւ փոխարենը բերել ավելի լավ կրթություն ստացած, ավելի պատրաստված երիտասարդ կադրեր: Սերնդափոխություն ասվածը ես պատկերացնում եմ աստիճանական եւ բնական հունով, երբ պահպանվում է մեծ տարիքի աշխատողների ինչ-որ մի մաս, ովքեր օգնում են, իրենց փորձը կիսում են եւ կարողանում են ճիշտ ուղու վրա դնել երիտասարդներին: Ներկայիս Ազգային ժողովի կազմում` թե՛ ընդդիմությունում, թե՛ մեր խմբակցությունում, շատ են երիտասարդ քաղաքական գործիչները, ինչը խորհրդարանը դարձրել է ավելի ճկուն, ավելի դինամիկ եւ մի քիչ ավելի շատ տարակարծիք: Եթե այսպես հանգիստ եւ բնականոն շարունակվի սերնդափոխությունը, գտնում եմ, որ երկիրը դրանից միայն կշահի:
-Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն ինքը, լինելով համակարգի ղեկավարը, կարծես թե ամեն ինչ արեց, որ կոնկրետ իր դեպքում սերնդափոխության հնարավորություն չլինի: Սա նկատի առնելով` որքանո՞վ արդյունավետ կարող է լինել համակարգային սերնդափոխությունը:
-Կանխատեսումներ անել դժվարանում եմ, բայց այստեղ որեւէ վտանգ պետք չէ փնտրել: Կարծում եմ, որ ճիշտ կադրերի ընտրության հաշվարկով եւ ավագ սերնդի հետ համագործակցության արդյունքում, իհարկե, արդյունավետ եւ հաջող կլինի:
-Վերջին նշանակումները ցույց են տալիս, որ ամենապատասխանատու պաշտոնների նշանակված երիտասարդ կադրերն առնչություն ունեն Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ: Սա ինչի՞ մասին է խոսում:
-Ես զերծ կմնայի նման ձեւակերպումներից` ազգակցական, ընկերական եւ այլ կապեր ունենալ նախագահի այս կամ այն ազգականի հետ: Ես նայում եմ մարդու կենսագրությանը, անցած ուղուն, գնահատում եմ նրա գործունեությունը ներկա իրավիճակում:
-Ըստ Ձեզ՝ համակարգում երիտասարդ սերնդի ներգրավումն արդյո՞ք խանդի տեղիք չի տա ավագ սերնդի մոտ, ինչի արդյունքում կարող են լինել անառողջ մրցակցության դրսեւորումներ` այդտեղից բխող վատ հետեւանքներով:
-Դիտարկելով իմ անձնական օրինակը՝ պետք է ասեմ, որ ավագ սերնդի կողմից տեսել եմ միմիայն բարիդրացիական հարաբերություններ: Սա եզակի դրսեւորում չէ: Կարծում եմ՝ սա մեր հոգեկերտվածքի արտահայտումներից մեկն է, երբ ավագը ուզում է ավելի երիտասարդին օգնել: Ես վստահ եմ, որ ինչ-որ պահից սկսած մենք ինքներս ենք հաջորդ սերունդին օգնելու:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյան
-Պարո՛ն Ավետիսյան, Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ունեցած իր ծրագրային ելույթում կարեւորեց երիտասարդ, նախաձեռնող կադրերի առաջքաշումը: Արդյո՞ք այսպիսով Սերժ Սարգսյանը հայտարարեց համակարգում սերնդափոխության մեկնարկի մասին:
-Միշտ պետք է սերնդափոխությանը կողմ լինել, իհարկե, դա պետք է լինի ժամանակի եւ չափի մեջ: Այսօր մեծանում է շատ լավ, գրագետ երիտասարդություն, եւ կարծում եմ, որ որեւիցե տեղ նրանց ներգրավելը շատ կարեւոր է եւ արդյունավետ: Առանց սերնդափոխության զարգացում երբեք մենք չենք կարող ապահովել եւ առանց դրա մենք չենք կարող մեր երիտասարդությանը նպատակաուղղել հիմնավոր գիտելիքներ ունենալու եւ ավելի բարձր պաշտոնների ձգտելու:
-Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ սերնդափոխություն անել:
-Կարծում եմ՝ կհաջողվի, որովհետեւ ցանկացած տարեց սերունդ պետք է ցանկացած ժամանակ պատրաստ լինի, որ իրեն փոխարինելու է իրենից ավելի երիտասարդը: Կա այն պատրաստի երիտասարդությունը, որը կարող է փոխարինել, ուղղակի պետք է լինի ժամանակին եւ տեղին:
-Իսկ որքանո՞վ էին ժամանակին եւ տեղին վերջին նշանակումները, ընդ որում, շատերը նկատում են, որ պաշտոնների են նշանակվում բացառապես Սերժ Սարգսյանի փեսայի հետ առնչություն ունեցող կադրերը:
-Ես երբեւիցե չեմ փորձել խորանալ ազգակցական կապերի մեջ, դա անիմաստ եմ համարում, որովհետեւ մեր հանրապետությունն այնքան փոքր է, որ եթե խորանում ես, ապա բոլորը բոլորին ազգականներ են:
-Եթե սերնդափոխություն լինի, ավագ սերունդը ինչպե՞ս դա կընդունի: Ի վերջո, տեւական ժամանակ է` խոսակցություններ են շրջանառվում նույն ՀՀԿ-ի ներսում ավագ եւ երիտասարդ թեւերի լարված մրցակցության մասին: Այդ մրցակցության ավարտն ինչպե՞ս եք տեսնում:
-Ցանկացած մրցակցություն տալիս է իր դրական արդյունքը, այնպես որ, երբեւիցե մրցակցությունից չպետք է վախենալ` հակառակը, ուժեղ մարդիկ պետք է կողմ լինեն ցանկացած մրցակցության, որն ապահովում է արդյունք եւ զարգացում:
ՄԻՊ-Ի ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՄԵԿԻՆ, ՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է
Երեկ Ազգային ժողովում շարունակվեց ՀՀԿ-ի կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված Արման Թաթոյանի թեկնածության քննարկումը, ինչին ակտիվորեն մասնակցեցին ընդդիմադիր պատգամավորները:
Առհասարակ Թաթոյանին դիտարկելով որպես ՄԻՊ` շատերի մոտ է առաջանում այն հարցը, թե արդյոք նա, տարիներ շարունակ զբաղեցնելով արդարադատության փոխնախարարի պաշտոնը եւ նաեւ միջազգային ատյաններում պաշտպանելով իշխանությունների շահերը, կկարողանա ՄԻՊ պաշտոնը ստանձնելուց հետո ձերբազատվել ««չինովնիկի» հոգեբանությունից եւ լիարժեքորեն իրացնել ՄԻՊ-ի գործառույթները` հարկ եղած դեպքում ամենայն անաչառությամբ եւ սրությամբ քննադատելով իշխանություններին: Երեկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով այս հարցին` հայտնեց, որ կողմ չի քվեարկելու, քանի որ «Օմբուդսմենի ինստիտուտը չի կայանում»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից առաջադրվել էր որպես ՄԻՊ թեկնածու, եւս հայտարարեց, որ Թաթոյանի օգտին չի քվեարկելու: Նա իր ելույթի ընթացքում կարծիք հայտնեց, որ Թաթոյանը անդեմ գործիչ է, իսկ ՄԻՊ-ի պաշտոնում պետք է նշանակել մեկին, ում ժողովուրդը ճանաչում է եւ վստահում:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանն էլ առիթը բաց չթողնելով՝ Թաթոյանից հետաքրքրվեց. «Դուք պատրաստվո՞ւմ եք ԵԽԽՎ 1900 բանաձեւն օգտագործել որպես աշխատանքային գործիք: Եւ երկրորդ` Գեորգ Սաֆարյանի եւ Վարդգես Գասպարիի ազատազրկման հիմքերը հիմնավոր համարո՞ւմ եք»:
«Առանց կոնկրետ գործի հանգամանքներին ծանոթանալու՝ ես չեմ կարող գնահատական տալ: Ընտրվելու դեպքում պատրաստ եմ անցնելու ընթացակարգերը, քննարկելու խնդիրը եւ համապատասխան գնահատական տալու»,- պատասխանից ընդհանուր ձեւակերպումներով խուսանավեց Թաթոյանը` այնուամենայնիվ, ընդգծելով, որ քաջածանոթ է ԵԽԽՎ բանաձեւին:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու ՄԻՊ-ի թեկնածուի քվեարկությունը:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՆՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍԻՑ ԷԻՆ
Փետրվարի 19-ին ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում երկու զինվոր էին մահացել: Նրանցից մեկը սպանել էր մյուսին, իսկ ավելի ուշ ինքնասպան եղել: Գրել էինք, որ մեզ հասած տեղեկություններով՝ զինվորները մաքրության թեմայով հակասություններ են ունեցել, ինչն էլ դիրքերում, ըստ էության, կրակոցի պատճառ է դարձել: Հիշեցնենք, որ անցած տարի՝ հունիսի 11-ին, նույն այդ զորամասում մահվան եւս մեկ դեպք էր արձանագրվել: Ըստ պաշտոնական վարկածի՝ 1995թ. ծնված Էդուարդ Մելքումյանը ինքնասպան էր եղել: Նշենք, որ Մելքումյանին ընդամենը մեկ շաբաթ էր մնացել, որպեսզի զորացրվեր: Ուստի այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչը կարող էր երիտասարդին դրդել ինքնասպանության: Էդուարդ Մելքումյանի ծնողները մինչ օրս չեն հավատում իրենց որդու ինքնասպան լինելու վարկածին:
«ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱՅԻՆ» ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Սարգիս Թարվերդյանին պատկանող «Սարգիս Կարոլինա» ընկերության տուգանելու դեպքերին: ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացանք, որ նշված ընկերությունը կրկին տուգանվել է: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ նշված ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանը Հայաստան է ներմուծել օղի, սակայն սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիրը չի ներկայացրել: Արդյունքում փետրվարի 2-ին որոշում է կայացվել մաքսային օրենսդրությունը խախտելու համար նրան 50 հազար դրամ վարչական տույժի ենթարկել: Հիշեցնենք, որ Սարգիս Թարվերդյանը Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոսն է:
«ՓԵԹԱԿ»-Ի ՄՐՑԱԿԻՑԸ՝ ՄԵՂՐԱՄՍՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այժմ էլ եգիպտական հուշանվերներ է վաճառքի հանել: Մասնավորապես, ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել եգիպտական մոտիվներով նկար-պապիրուս «Թութանհամոնի մեղրամիսը», առանց շրջանակի, գույնը՝ դեղին, լայնությունը՝ 39 սմ, երկարությունը՝ 60 սմ: ԴԱՀԿ-ն վստահեցնում է, որ նկար-պապիրուսը լավ վիճակում է:
Բացի այս՝ ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ եգիպտական մոտիվներով սուրճի բաժակներ՝ իրենց ափսեներով, բաժակները դեղին են, մեջը՝ սպիտակ, ափսեները՝ դեղին, եզրագծերը՝ մուգ շագանակագույն՝ ոսկեգույն նախշերով, վրան՝ եգիպտական մոտիվներով նկար: Սուրճի բաժակները 6 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 11.250 դրամ: Մի խոսքով, եթե այսպես շարունակվի, ապա ԴԱՀԿ-ն կամաց-կամաց վերածվելու է տոնավաճառի, միայն մեկ տարբերությամբ, որ այստեղ տեսականին այդքան մեծ չէ, եւ քանակն էլ սահմանափակ է՝ էժան գներով: