Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը վստահեցրել էր, որ Արամի 30 շենքը «Հին Երեւան» նախագծի շրջանակում վերակագնվելու է: Նրա խոսքով՝ Աֆրիկյանների շենքը եւս ներառվելու է «Հին Երեւան» նախագծում: Ակնկալվում է, որ այս նախագիծը մեկնարկելու է 2016 թվականի ընթացքում: Այն գնահատվում է 150 մլն դոլար: Նախագիծն իրականացվելու է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ֆինանսավորմամբ: Որքանո՞վ արդյունավետ կլինի «Հին Երեւան» նախագիծը, եւ արդյո՞ք այն հնարավորություն կտա պահպանել պատմական շենքերը: Թեմայի շուրջ զրուցել ենք երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ:
-Պարո՛ն Իսպիրյան, «Հին Երեւան» նախագծի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: Արդյո՞ք հնարավոր է պատմական, արժեքավոր շենքերն իրենց հմայքով ու կոլորիտով նույնությամբ վերականգնել:
-Ես ծանոթ եմ այդ նախագծին եւ կարող եմ ասել, որ արդյունքում մի երկար «սարայ» է կառուցվելու: Այստեղից-այնտեղից քարեր են բերելու, հավաքեն ու կառուցեն Երեւան քաղաքի գերեզմանաքարը: Կարող են նույնիսկ գրել. «Երեւանը ծնվել է այսինչ, մահացել այնինչ թվականին»: Ամբողջ Երեւանը քանդեցին, սա էլ, երեւի, հուշատախտակն է լինելու: Եթե Հին Երեւանի մասին խոսելու լինենք, պետք է Հին Երեւանի միջավայր ստանանք, իսկ դա այս դեպքում հնարավոր չէ. շենքերի տեղափոխությունից այդ միջավայրը կորչում է: Այնինչ, այսօր մենք կարող էինք ունենալ այդ միջավայրը, ինչպիսին ուզում է ստեղծել Ժիրայրը («Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը-հեղ.), ինչպիսին ստեղծվել է Կինոմոսկվայից ներքեւ երեւանյան մի բակում գտնվող խանութ-սրճարանում: Ես չգիտեմ, թե ինչպես են իրականացնելու «Հին Երեւան» նախագիծը, բայց հուսով եմ, որ այն, ինչ դեռ ունենք, չեն քանդի ու բերեն դրա շրջանակներում հավաքեն:
-Շաբաթ օրը ակտիվիստներն ահազանգեցին, որ քանդվում է Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ֆասադը: Տեղյա՞կ եք այդ մասին:
-Այո, ես եղել եմ տեղում, ուսումնասիրել եմ կատարվող աշխատանքները, եւ, որքանով տեղյակ եմ, այնտեղ եղած կցակառույցն է քանդվում, իսկ ֆասադը պահպանվում է, եթե հանկարծ դա էլ քանդեն, ուրեմն դեմ դուրս կգան Երեւանին: Կարեւոր է նաեւ ֆասադի հետեւի գմբեթավոր, կոլորիտային շենքի պահպանումը: Ինձ թվում է` ձեռքները չի գնա դա քանդեն, մենք չենք էլ թողնի:
Ընդհանրապես, մարդկանց զայրացնում է նաեւ այն, որ նման շենքերը գողեգող են քանդվում: Արամի 30 հասցեում գտնվող շենքն, օրինակ, գողեգող քանդեցին, ու հարցը այստեղ միայն այս շենքի ճակատագիրը չէր, մեր քաղաքի ներվին դիպան, մեր քաղաքը ճչաց ու օգնության կանչեց մեզ: Ինձ շատ են մտահոգում նաեւ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերի հիմքերը, որոնց վրա տեւական ժամանակ է` ոչ մի կառույց չի բարձրանում: Մոսկովյան փողոցի վրա, օրինակ, հունահռոմեական ճարտարապետության ոճով շենք կա, որ անտեր է մնացել, Արամի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում նախկին մանկական հանրախանութ կար, որ կիսատ-պռատ սարքեցին, սյուները կան, հիմքը կա, բայց կառույցին վերջնական լուծում չի տրվում: Այս եւ մյուս կիսակառույց շենքերի սեփականատերերի պետքը չէ, որ, օրինակ, զբոսաշրջիկները, անցնելով կենտրոնով, տեսնում են խորը փորված փոսեր ու դարավոր աղբ: Անցնում եմ Օղակաձեւ զբոսայգու կողքով, որը, փոխանակ աչքի ընկներ խոտածածկ տարածքով, վերածվել է աղբանոցի: Ոնց որ մեր քաղաքի նկարի վրա մեկը գունավոր մատիտներով խզբզած լինի:
-Ամեն դեպքում, ըստ Ձեզ՝ կարո՞ղ է լինել մի տարբերակ, որով «Հին Երեւան» նախագիծն իրեն կարդարացնի:
-Հին Երեւանը պետք է լիներ փոքրիկ, նեղլիկ փողոցներով, իսկ եթե ուզում էին քաղաքում բարձրահարկ շենքեր, ռեստորաններ ու ստրիպտիզ ակումբներ կառուցել, կարող էին վերցնել մի ամայի թաղամաս եւ այնտեղ իրականացնել իրենց նպատակները: Իսկ Հին Երեւանի միջավայրը կարող էին վերականգնել, օրինակ, Պուշկինի, Արամի փողոցներում՝ այնտեղ ձեւավորելով արվեստի գեղեցիկ կենտրոններ: Մեր վարպետները իրենց աշխատանքները ցուցադրում են իրենց պատիվ չբերող տեղում` «Վերնիսաժ»-ում, դնում են գետնին, ցեխերի մեջ, իսկ այդ արվեստի կենտրոններում ամեն մեկն իր արվեստանոցը կարող էր ունենալ: Բայց քաղաքաշինության մեջ այնպիսի ճակատագրական սխալներ են արվել, որոնք անուղղելի են, օրինակ` հո չե՞ն «կտրի» բարձրահարկ շենքերը, դարձնեն եռահարկ, շուտով հագեցվածության պատճառով տրանսպորտի խնդիր է առաջ գալու, կոյուղու, ջրամատակարարման խնդիրներ են ծագելու, Աստված չանի` հրդեհ բռնկվի, որոշ շենքեր, որոնք խիտ-խիտ են կառուցված, հնարավոր չի լինելու փրկել: Քաղաքը վերցրել են մի քանի սեփականատերեր, որոնք իրենց ազդեցության շրջանակներով ավելի ուժեղ են, քան քաղաքապետն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը:
-Ի՞նչը կարող է փրկել ստեղծված իրավիճակը:
-Պետք է մի ծրագիր մշակել, ըստ որի՝ քաղաքի թափթփված կենտրոնը իր տեղը զիջի վերականգնված քաղաքին: Ամբողջ աշխարհում ընդունված է, օրինակ, որ ամեն շենք պետք է ունենա իր խոտածածկ տարածքը, իսկ մեզ մոտ ավտոկայանատեղիից բացի` շենքերն ուրիշ բան չունեն: Պետք է հետեւել, որ ամեն քայլափոխի ով որտեղ ուզի գովազդային վահանակ չտեղադրի, Կարապի լիճն, օրինակ, այդ փնթիությունների հետեւանքով արդեն չի երեւում: Մի խոսքով, սրտացավ ու ճաշակով մարդ է պետք, որ զբաղվի այս ամենով:
ԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է «ԷԼԵԿՏՐԱՀԱՐԵԼ»
Երգիչ Նարեկ Մակարյանը պատրաստվում է մոտ օրերս սկսել իր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները (ռեժիսոր` Սերժ Գաբյան): Այս նոր ստեղծագործությունը նա համարում է իր համար էքսպերիմենտալ, քանի որ այստեղ ակնհատ են լինելու ոճային փոփոխությունները, որոնց կդիմի երգիչը:
Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում սպասվում են նոր, հետաքրքիր դուետներ. «Չի բացառվում, որ արտասահմանցի կատարողի հետ ներկայանամ զուգերգով, հիմա բանակցային փուլում ենք: Գուցե այն մի քիչ ուշ ներկայացվի հանդիսատեսին, բայց փորձելու ենք մատուցել որակյալ արտադրանք»,- նշեց նա` հավելելով, որ ինքը դուետ ունի նաեւ իր վաղեմի ընկերուհու` երգչուհի Սոնե Սիլվերի հետ, այն, սակայն, դեռեւս չի թողարկվել:
Նարեկի խոսքով` ինքը հասցրել է որոշակի հաջողություններ գրանցել նաեւ որպես երգահան. «Արդյունքը սպասվածից ավելի լավն էր: Օրինակ` «Քեզ հետ, առանց քեզ» երգը, որի երաժշտության հեղինակը ես եմ, կարծում եմ` սիրվեց թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս. ռուսական ակումբներից մեկում հնչում է երգի ռեմիքսը, շուտով կթողարկվի այդ երգի ղազախերեն տարբերակը»,-պատմեց նա:
Խոսելով հայկական շոու-բիզնեսի բացերի մասին` նա նշեց, որ իրեն հունից հանում է այն միապաղաղությունը, որը գերիշխում է շուկայում. «Կարծում եմ` հանդիսատեսը հոգնել է նույնությունից, պետք է «ռեանիմացնել» մեր շոու-բիզնեսը»,-նկատեց նա:
Երգչի խոսքով` եթե իրեն ոլորտում բարեփոխումներ անելու հնարավորություն տրվեր, ինքը նախ կբացեր պրոդյուսերական կենտրոն` թաքնված տաղանդներ բացահայտելու նպատակով: Այնուհետեւ Հայաստանում զարկ կտար մի նոր մեծ երաժշտական նախագծի, ինչպիսին է, օրինակ, «Նոր ալիքը»:
Նարեկը, ով իր քայլերն է կատարել նաեւ սերիալային աշխարհում, մեզ տեղեկացրեց, որ այս ոլորտում եւս համագործակցության առաջարկներ ունի, սակայն ժամանակի սղության պատճառով իր համար դժվար է համատեղել երգելն ու նկարահանվելը: Այնուամենայնիվ, քանի որ հանդիսատեսը պահանջում է նորություններ, ինքը պարտավոր է շատ աշխատել:
Նարեկի հետ մի փոքր խոսեցինք նաեւ անձնական կյանքից: Անդրադառնալով կանացի գրավչությանը` նա նշեց.«Ինձ շատ են հարցնում` շիկահեր կանանց եմ նախընտրում, թե սեւահեր. դա ինձ համար բացարձակ կարեւոր չէ. իմ կողքի կնոջը կընտրեմ այն ժամանակ, երբ նրան տեսնելիս մարմնովս ամենաքիչը 240 վոլտ լարման հոսանք կանցնի»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ