Երեկ մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը ելույթ է ունեցել ԵԽ Նախարարների խորհրդի նախագահող, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս նշել է, որ Հայաստանի նախագահությամբ ԵԽ Նախարարների խորհուրդը պատրաստ է համագործակցային սկզբունքով քաղաքական համագործակցություն ծավալել ԵԽ նախարարների խորհրդի եւ Վեհաժողովի միջեւ:
Այնուհետեւ ԵԽԽՎ պատվիրակները հարցեր են ուղղել Էդ. Նալբանդյանին: Ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Էդ. Նալբանդյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությանն Ադրբեջանի արձագանքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով:
Նախարարը հավելել է, որ Հայաստանը խաղաղության կողմնակիցն է, ոչ թե պատերազմի, մինչդեռ Ադրբեջանը հակառակ կարծիքին է: Պատվիրակներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու Երեւանում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որն անցկացվում էր Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, ինչպես նաեւ այսօր, Էդ. Նալբանդյանը չօգտագործեց ԼՂ հակամարտություն եզրույթը: Նալբանդյանը նշել է, որ ինքը մտադրություն չունի իր նախագահությունն օգտագործելու միջոցով մեղադրել ադրբեջանական կողմին:
Այնուհետեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը բավական նեղն է գցել Էդ. Նալբանդյանին: «Հայաստանը տապալել է 2008-ի մարտի մեկի արյունալի դեպքերի պատշաճ քննությունը, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը, ԸՕ-ի ընդունումը, որը թույլ կտար լուծել ուռճացված ընտրացուցակների եւ բազմակի քվեարկության խնդիրներն ու հեռուստատեսության ազատականացումը: Որքանո՞վ է դա համատեղելի Ձեր նախագահության կողմից հռչակված առաքելության հետ եւ մասնավորապես, ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության աջակցման համատեքստում»,-հարցրել է Զուրաբյանը: Նալբանդյանն այս հարցադրումներին, ըստ էության, չի անդրադարձել. միայն հայտարարել է, թե Տ. Առաքելյանի գործին չի կարող խառնվել, քանի որ այն դատական փուլում է, եւ մինչեւ դատական ակտի կայացումը չի կարող որեւէ բան ասել: Իսկ մարտի 1-ի, ԸՕ-ի մասին հարցերը Նալբանդյանը չլսելու է տվել:
ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է. «Ադրբեջանի Միլի Մեջլիսում նախապատրաստվում է ինկվիզիցիոն մի նախագիծ, որը որեւէ սթափ տրամաբանության մեջ հնարավոր չէ տեղավորել: Որեւէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ 21-րդ դարում ԵԽ անդամ երկրի խորհրդարանում կարող են առաջարկել մի նախագիծ, որը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր ինչ-ինչ շփումներ կունենան Հայաստանի որեւէ կառույցի հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նշյալ նախագծի հոդված 7-ում ասվում է. «Ադրբեջանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր կհամագործակցեն հայաստանյան որեւէ կառույցի կամ գերատեսչության հետ, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Այս ինկվիզիցիոն շեդեւրի 4-րդ հոդվածը լրջագույն սանկցիաներ է նախատեսում նաեւ օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր, ըստ նախագծի, կհամարձակվեն մտնել, ադրբեջանական բնորոշմամբ, օկուպացված տարածքներ՝ շրջանցելով Ադրբեջանը»:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ