Յուրի Վարդանյանի հրաժարականի համար հող են նախապատրաստում. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հրաժարականը պահանջող նամակից չէր անցել մեկ շաբաթ, երբ հրապարակվեց դեսպանի մեկ այլ հայտարարություն: Բանն այն է, որ  Վրաստանում գործող հայալեզու «Ալիք» մեդիահարթակը տարածել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ելույթի ձայնագրությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում փետրվարի 26-ին տեղի ունեցած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում:

Իր  ելույթում Յուրի Վարդանյանն ասում է. «Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ շատ, էսպես ասած, զավեշտական»: Դեսպանի այս խոսքերը հարուցել են ջավախահայության եւ Հայաստանում ապրողների զայրույթը: «Պահանջում ենք Յուրի Վարդանյանի հրաժարականը»` ֆեյսբուքյան գրառումներ արած օգտատերերի հիմնական պահանջն է: «Իրավունք»-ը  ծնունդով ջավախեցի  Շիրակ Թորոսյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս  ձեռնպահ մնաց որեւէ խոսք ասել, քանի որ չէր լսել նման արտահայտություն: ԱԳՆ-ը եւս հրաժարվում է մեկնաբանել Յուրի Վարդանյանի   հայտարարությունը:

Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն` Յուրի Վարդանյանի  հրաժարականի պահանջի նամակով ու  ձայնագրությամբ հող են նախապատրաստում դեսպանի հրաժարականի համար: Սպասենք զարգացումներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս