Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությունում այս օրերին ընթացող ստուգումներին, հայտնեց, թե պլանային ստուգումներ են. «Դրանում չպետք է որևիցե հետին միտք փնտրել»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ պաշտպանության նախարարից հետաքրքրվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից պաշտպանության նախարարությունում իրականացվող ստուգումների և, առհասարակ, տիրող իրավիճակի մասին:
-Պարո՛ն Օհանյան, ի՞նչ է կատարվում ՀՀ պաշտպանության նախարարությունում. բանը հասել է նրան, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն է ստուգումներ իրականացնում:
-Յուրաքանչյուր քաղաքակիրթ և ժողովրդավարապես զարգացող երկրում զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, ե՛ւ ժողովրդավարական, ե՛ւ հասարակական վերահսկողության ներքո: Հասարակական վերահսկողությունը իրականացնում է ժողովուրդը, իրականացնում են հասարակական կազմակերպությունները, իրականացնում են զանգվածային լրատվամիջոցները: Ժողովրդավարական վերահսկողությունը իրականացնում են բոլոր այն մարմինները, ում ենթակայության տակ է գտնվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը` Հայաստանի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությունը, վերահսկիչ պալատը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ, ի վերջո, պաշտպանության նախարարը, որը նույնպես քաղաքացիական անձնավորություն է եւ քաղաքական թիմի անդամ:
Բոլոր այդ կառույցները պլանավորված համապատասխան միջոցառումներ եւ ստուգումներ են իրականացնում բոլոր այն ոլորտներում, որոնք կապված են առաջին հերթին ռազմավարական պլանավորման միջացառումների հետ, եւ այն բոլոր ուղղությունները, որոնք կապված են ֆինանսական բյուջետավորման խնդիրների հետ: Այդ առումով այն գնումները, որոնք այսօր իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, գտնվում են մշտապես վերահսկողության ներքո: Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկիչ վարչությունը պլանային ստուգումներ է իրականացնում: Հիմա այդ պլանային ստուգումներից հետո վերահսկիչ պալատն է ստուգելու, այդ ստուգումների մշտական վերահսկողության մեջ գտնվում է ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարի ենթակայության տակ գտնվող ռազմական ոստիկանության զինվորական ունեցվածքի պաշտպանության բաժինը, վերահսկիչ վարչությունը, ներքին աուդիտի վարչությունը: Բոլորն էլ պլանային ստուգումներ են: Ես ուզում եմ ձեզ ասել, որ այդ բոլոր ստուգումների ակունքներում եւ նախաձեռնություններում հենց ինքը պաշտպանության նախարարությունն է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան