Ինչու է ձգձգվում Ընտրական օրենսգրքի նոր նախագծի հրապարակումը. ինչ անհամաձայնություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները երեկ այդպես էլ չհրապարակեցին ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, չնայած, որ այդպես էր նախատեսված Սերժ Սարգսյանի՝ այս տարվա փետրվարի 10-ին ստորագրած հրամանագրով:

Ըստ այդմ, նոր ԸՕ նախագիծը ՀՀ ազգային ժողով պետք է ներկայացվեր մինչեւ 2016 թվականի մարտի 1-ը: Նույն այդ հրամանագրով ստեղծվել էր մասնագիտական խորհուրդ, որը պետք է ապահովեր սահմանադրական փոփոխությունների հիման վրա ընդունվելիս նոր օրենքների նախագծերի մշակումը: Այսինքն՝ ակնհայտ է, որ վերը նշված խորհուրդն այս ընթացքում չի հասցրել նախագծի մշակումն ավարտել: Իսկ այս ձգձգման պատճառները տարբեր կարող են լինել:

Սկսենք նրանից, որ ՀՀ իշխանությունները դեռեւս չեն կարողանում հստակ կողմնորոշվել ԱԺ ընտրությունների կազմակերպման հարցում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ծրագրում են խորհրդարանական ընտրություններում ներդնել, այսպես կոչված, ռետինգային քվեարկության կարգը:  Սակայն բուն ռեյտինգային քվեարկության մի քանի տարբերակներ կան, եւ իշխանությունները չեն կարողանում կողմնորոշվել, թե որն ընտրեն: Մասնավորապես, աշխարհում ամենատարածված տարբերակներից մեկով ընտրողներին տրվում է ընտրություններում առաջադրված կուսակցությունների թվով քվեաթերթիկ, որոնցից յուրաքանչյուրում նշված է լինում այդ կուսակցության կողմից տվյալ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուների անունները: Ընտրողը իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկի մեջ նշում է կատարում նաեւ իր համար նախընտրելի թեկնածուի օգտին, քվեաթերթիկը դնում ծրարի մեջ եւ քվեարկության խցից դուրս գալով՝ այն գցում քվեատուփը: Իսկ մնացած «ավել» քվեաթերթիկները նա պատռում եւ գցում է հատուկ այդ նպատակով քվեատուփի մոտ դրված աղբարկղի մեջ:

Այս տարբերակը լավն է, ոչ միայն այն պատճառով, որ ընտրակեղծարարության մի շարք տարբերակներ գործնականում բացառում է, այլ նաեւ, որ ներկուսակցական մրցակցություն է հրահրում: Այսինքն՝ յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունները ոչ միայն իրենց մրցակիցների հետ պետք է մրցավազքի մեջ մտնեն, այլ նաեւ կուսակիցների շրջանում եւս պետք է պայքար ընթանա: Արդյոք ՀՀ իշխանությունները, ի վերջո, կհամարձակվեն այս տարբերակով 2017-ի ԱԺ ընտրություններն անցկացնել, այս պահին դեռ հայտնի չէ: ՀՀ իշխանություններին չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ այդ տարբերակով, եթե ընտրատարածքների թիվն էլ 41-ից կրճատվում եւ դառնում է 14-ը, իսկ հենց այդպես էլ նախատեսվում է, ապա ՀՀԿ-ական օլիգարխները ստիպված են լինելու նաեւ մեկը մյուսի դեմ պայքարել: ՀՀ իշխանությունների համար անցանկալի պահերից մեկն էլ այն է, որ այս տարբերակի դեպքում նույն ՀՀԿ-ն ընտրատարածքներում գործնականում ներկայացված է լինելու բացառապես միայն իր օլիգարխների եւ կիսակրիմինալ ներկայացուցիչների դեմքերով:

Ընտրությունների կազմակերպման հետ կապված հաջորդ վիճահարույց հանգամանքը, որի շուրջ ՀՀ իշխանությունների վերնախավում, ըստ մեր տեղեկությունների, դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, այն է, թե էլեկտրոնային քվեարկության համակարգը ինչ աստիճանով պետք է ներդրվի:

Տարբերակներից մեկով առաջարկվել է էլեկտրոնային դարձնել միայն ընտրողի գրանցման գործընթացը, իսկ մյուս տարբերակով առաջարկվում է քվեարկության ողջ գործընթացը դարձնել էլեկտրոնային: Ընտրական գործընթացի մասնագետ լինել պետք չէ, որպեսզի հասկանաս, որ ներկա պայմաններում քվեարկության ողջ գործընթացը էլեկտրոնային դարձնելու դեպքում ընտրությունները այնքան խայտառակ տեսք կարող են ստանալ, որ ոչ միայն Հայաստանի ընդդիմությունը դրանց արդյունքները չի ընդունի, այլ նաեւ միջազգային կառույցները: Այսինքն՝ միայն ընտրողի գրանցումը էլեկտրոնային դարձնելով, իսկ բուն քվեարկությունը թողնելով թաղային տարբերակով՝ ցանկացած մեկն արդյունքները վիճարկելու կամ կասկածի տակ առնելու համար պետք է փաստեր ներկայացնի:

Ի դեպ, ՀՀ իշխանությունները դեռ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վարվել ընտրացուցակների հետ: Ինչպես հայտնի է՝ եվրոպական կառույցները եւս ՀՀ իշխանություններից պահանջել են ընտրացուցակները «մաքրել» Հայաստանից բացակայող, այդպիսով՝ փաստացի «բացակայող» ընտրողներից, որոնց թիվը մոտավոր հաշվարկներով 800 հազարից մինչեւ 1 մլն է կազմում:

Տարբերակներից մեկով առաջարկվում է ընտրացուցակներից առանձնացնել այն մարդկանց տվյալները, որոնք ըստ սահմանահատման գրառումների՝ Հայաստանից դուրս են եկել եւ չեն վերադարձել: Սակայն այդ մարդիկ ոչ թե ընդհանրապես կհանվեն ընտրացուցակներից, այլ նրանք կընդգրկվեն առանձին, այսպես կոչված՝ բացակայողների ընտրացուցակներում: Այլ կերպ ասած՝ չի բացառվում նաեւ, որ տեղամասերում ոչ թե մեկ ամբողջական ընտացուցակ լինի, այլ այն կարող է նաեւ երկու մասի բաժանվել` «ներկաների» եւ «բացակաների»:

Ինչեւէ, ենթադրվում է, որ առաջիկա օրերին, երբ ՀՀ իշխանությունները, ի վերջո, կհրապարակեն նոր ԸՕ նախագիծը, բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն: Բանն այն է, որ Սահմանադրության նոր նախագծից հետո երկրի քաղաքական հեռանկարի համար ամենակարեւոր փաստաթուղթը ընտրական օրենսգիրքն է:

Հավելենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով. նախագիծն ԱԺ կուղարկվի մինչև այս շաբաթվա վերջ` կառավարության նիստից հետո:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս