Նոր Ընտրական օրենսգրքով կուսակցությունների կյանքը կբարդանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ իշխանությունները, ի վերջո, հրապարակեցին ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Իհարկե, նախագիծը խորհրդարան ուղարկելուց հետո հնարավոր է՝ իշխանական քաղաքական ուժերը մյուս կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում փաստաթղթում ինչ-որ փոփոխություններ կատարեն, սակայն կասկածից վեր է, որ այդ զիջումները կլինեն, այսպես կոչված, ոչ նշանակալի խնդիրների հետ կապված, իսկ առանցքային հարցերում իշխանությունները հաստատ անդրդվելի կմնան:

Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ նոր ԸՕ-ով էապես կբարդանա կուսակցությունների կյանքը: Այս նախագծով ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներում պետք է ընդգրկեն Հայաստանում առավել մարդաշատ  ազգային չորս փոքրամասնությունների առնվազն 2-ական ներկայացուցիչ: Ստացվում է, որ կուսակցություններից յուրաքանչյուրի համամասնական ցուցակում պետք է լինի առնվազն 2-ական եզդի, ռուս, ասորի եւ քուրդ պատգամավորության թեկնածուներ: Նրանք, ի դեպ, պետք է պարտադիր հայերեն կրթություն ստացած լինեն կամ էլ հայերեն տիրապետելու վերաբերյալ տեղեկանք ունենան:

«Ժողովուրդ»-ը երեկվա համարում նշել էր, որ ԱԺ ընտրություններում կուսակցությունները ներկայացված են լինելու առանձին քվեաթերթիկով, որի մի կողմում նշված կլինեն համամասնական ցուցակի առաջին երեք անունները, մյուսում` տվյալ ընտրատարածքում կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները: Այդպես էլ գրված է երեկ պաշտոնապես հրապարակված նախագծում: Ի դեպ, ՀՀ իշխանությունները նախատեսում են հանրապետությունը բաժանել 13 ընտրատարածքների` ներկայիս 41-ի փոխարեն: Մանդատների բաշխման երկար-բարակ կարգ է նախատեսված, որի հիմնական նպատակն այն է, որ խորհրդարանում որեւէ քաղաքական ուժ կամ դաշինք անպայման ունենա մեծամասնություն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս