Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ըստ էության, աշխատելու է իր քաղաքական կնքահայր, ՀՀ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի ենթակայության տակ:
Տասնյակ բնակարաններ ունի
Արդեն ներկայացրել էինք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովսեփյանի անցյալը: Այժմ ներկայացնում ենք նրա ունեցվածքը, որի մասին առավել հայտնի է: Իսկ թե էլ ինչեր ունի նա, որ թաքցնում է հանրությունից, դեռ կհասցնենք ճշտել: Եւ այսպես՝ մայրաքաղաքի Արամի 72-80 հասցեների նորակառույցների «ոդիսականին» մամուլը բազմիցս է անդրադարձել: Նախ նկատենք, որ նրա բարեկամները «բնակարանային էպոպեայի» հիմնական գործող անձերն են, երբեմն էլ՝ պարզապես անուններ, որոնց թիկունքում թաքնվում է «բնակարանային նորելուկ մագնատ» Հ. Հովսեփյանը:
Նրա բարեկամներից Գոռ Հակոբյանն ու Վահագն Ատոմյանն այս շենքերում ունեն 1-ական բնակարան ու ավտոտնակ, Ռոբերտ Մանուկյանը՝ 2-ական բնակարան ու ավտոտնակ, Պողոս Մկրտչյանն ու Ջուլիետա Ջոկլինյանը՝ 3-ական բնակարան ու ավտոտնակ: Ոմանք ասում են, թե այս անունները պայմանական են, որովհետեւ Հովսեփյանի բարեկամներն ընդամենը ձեւական են բնակարանատերեր, նրանց անուններով ձեւակերպվել է սեփականություն, որը հետագայում կարող է «անվանափոխվել»՝ նայած թե որը երբ կվաճառվի… Փոքր-ինչ հեռավոր բարեկամներից հետո «գալիս» են արյունակիցները: Հովսեփյանի քույրը՝ Ջեննի Հովսեփյանը, ունի 3 բնակարան եւ նույնքան ավտոտնակ:
Վերջինիս ամուսնու՝ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Մհեր Բիշարյանի անունով գրանցված են 2-ական բնակարան եւ ավտոտնակ, Հովսեփյանի քրոջ սկեսուրը՝ Կուկլա Համբարձումյանը, ունի 2-ական բնակարան ու ավտոտնակ: Հովսեփյանի կնոջ՝ Էվելինա Միրզաբեկյանի անունով գրանցված են 3-ական բնակարան ու ավտոտնակ, իսկ Հովսեփյանի քենի Գայանե Միրզաբեկյանն ունի 2 բնակարան եւ 2 ավտոտնակ: Անձամբ Հովհաննես Հովսեփյանն իր անունով ունի 2 բնակարան, 3 ավտոտնակ եւ 1 բիզնես տարածք: Տեսնում եք, թե ինչքան բարեկամասեր է Հ. Հովսեփյանը, որ զոքանչի, քենու, քենակալի անուններով բնակարաններ է ձեռք բերել ու «նվիրել» նրանց: Ուրեմն նա նաեւ մեր հանրապետության ոչ միայն ամենահարուստ, այլեւ ամենազոքանչասեր մարդկանցից մեկն է:
Թանկարժեք ավտոմեքենաները
Զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Հովսեփյանը, թվում էր, այլ եկամուտներ չպետք է ունենար՝ բացի իր աշխատավարձից, բայց նա 2015-ին վաճառել է դեռեւս տարվա սկզբում ունեցած Mercedes -Benz S 500 և Range Rover 5.0 մակնիշի մեքենաները` դրանց համար ստանալով 150 հազար եւ 100 հազար դոլար համապատասխանաբար: Սակայն դրանց դիմաց նա ձեռք է բերել կրկին Range Rover 5.0 մակնիշի մեքենա` արդեն 120 հազար դոլարով: Հովսեփյանը նաեւ 2 մլն դոլարի փոխառություն ունի, իսկ ձեռք բերված թանկարժեք նկարներից ամեն մեկի համար էլ վճարել է 5 հազար դոլար:
190 հազար դոլարանոց նվեր
Տեղեկացնենք, որ ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովսեփյանը մեկ տարվա ընթացքում վաստակել է 18 մլն 768 հազար դրամ, որոնք հիմնականում գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 9 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կրկին նույնքան գումար: Մյուս գումարներն էլ գոյացել են նվիրատվությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտից: Հովսեփյանը պաշտոնապես տեղեկացրել է, որ 90 եւ 100 հազար դոլարանոց նվեր է ստացել: Թե ում կողմից, չի մանրամասնել: Թերեւս դժվար չէ պատկերացնել, թե ում է առնչվել վերահսկողական ծառայության ղեկավարը, եւ ինչը թաքցնելու դիմաց է այդքան «ճոխ» նվեր ստացել:
Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանի ջանքերով ձեւավորված բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը Հ. Հովսեփյանին գոնե մի անգամ չի՞ հարցրել, թե նա ինչպես է հաջողացրել այդքան փող դիզել, այդքան թվով բնակարանների տեր դառնալ…
Հարուստ ու «փախած» եղբայրը
Նշենք, որ Հովիկ Հովսեփյանը մի եղբայր ունի, որը վերջերս խարդախության մեջ մեղադրվեց ու նույնիսկ փախուստի մեջ էր: Ժամանակներ առաջ հանրային քննարկման նյութ դարձավ Հովսեփյանի եղբոր` Հակոբ Հովսեփյանի մի մեքենայությունը, որը կազմակերպվել եւ քաջալերվել էր հենց Հովիկ եղբոր կողմից: Ինչպես գիտենք՝ ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը 12 մլն դոլարով ձեռք էր բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը «Միդլենդ Ռեսուրսեզ» ընկերության անունով, «Միդլենդ Ռեսուրսեզ»-ի թիկունքին կանգնած է օլիգարխ պատգամավոր Հարություն Փամբուկյանը:
Խանդավառված իրենց գործարքով՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Հարություն Փամբուկյանը մոտ 400 մլն դոլարով վաճառեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը` ստանալով ահռելի եկամուտ, որը կիսվեց երկուսի միջեւ: «Էլեկտրական ցանցեր»-ի վաճառքից հետո Հովիկ Հովսեփյանի «քավորությամբ» Հակոբ Հովսեփյանը համոզում է Հարություն Փամբուկյանին Մոսկվա քաղաքում գնել մի հսկայածավալ առեւտրային կենտրոն: Հակոբ Հովսեփյանը ներկայանում է որպես այդ կենտրոնի սեփականատերերից մեկը, խաբում է հայ օլիգարխին եւ տեր դառնում ահռելի ֆինանսական միջոցների: Ըստ էության, Հակոբ Հովսեփյանը ոչ թե սեփականատեր էր, այլ միջնորդ, նա խաբեությամբ դարձել է Հարություն Փամբուկյանի ունեցվածքի համասեփականատերն ու տիրացել կենտրոնի 50 տոկոս ունեցվածքին: Այս գործարքի արդյունքում Հակոբ Հովսեփյանը յուրաքանչյուր ամիս մոտ 400 հազար դոլարի եկամուտ է ստացել:
Հավելենք, որ Հովիկ Հովսեփյանը խնջույքների մեծ սիրահար է, ինչպես ասում են՝ քեֆչի, ուտող-խմող մարդ: Թե ինչպես է ՊԵԿ-ի ծանր աշխատանքը համատեղելու այդ ավանդույթների հետ, դժվար է պատկերացնել: Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներն առջեւում են: Քանի որ մարդը, որ լինելով պետական պաշտոնյա, տարիների ընթացքում այսքան հղփացել ու հարստացել է, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի է ընդունակ՝ ստանձնելով երկրի թիվ մեկ ֆինանսական կառույցի ղեկավարումը:
Թամարա Միքայելյան