Մենք պետք է համաչափորեն նվազեցնենք ջերմոցային գազերի արտանետումները: Այս մասին, օրերս «Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում ընդունված որոշումը եւ իրականացման հեռանկարները» թեմայով Կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Նիստն անցկացվել է ընդլայնված ձեւաչափով՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչների եւ քաղաքապետերի մասնակցությամբ:
«Փարիզյան համաձայնագրի հիմքում դրված հիմնարար սկզբունքն այն է, որ ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները պետք է սահմանափակվեն այնպիսի մակարդակում, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանը չգերազանցի 2 աստիճանը եւ, ավելին, ձգտի 1.5 աստիճան: Այդ գործընթացը բավականին բարդ է, եւ մենք միայն համատեղ ուժերով կարող ենք դա ապահովել՝ պետական մարմինները, մասնավոր հատվածը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը եւ, անշուշտ, միջազգային համագործակցության օգնությամբ», – ասել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Առաջնահերթ ո՞ր ոլորտներում պետք է իրականացնել ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակում եւ կրճատում: Ի պատասխան այս հարցի ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասել է. «Առաջին հերթին արտադրական ձեռնարկություններն են, բայց տարբերակում որպես այդպիսին, կարծում եմ, պետք չէ նշել, որովհետեւ մենք գնում ենք հիմնական խնդրի լուծման: Մենք պետք է կարողանանք խնդիրներն այնպես դնել, որպեսզի համաչափորեն նվազեցնենք ջերմոցային գազերի արտանետումները»:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով ստեղծվել է Կանաչ հիմնադրամ, որի նպատակն է զարգացող երկրներին ցուցաբերել համապատասխան ֆինանսական, տեխնիկական եւ տեխնոլոգիական աջակցություն կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: «Մենք հնարավորություն կունենանք օգտվել այդ հիմնադրամից եւ մեր տնտեսությունը զարգացնել ավելի արդի տեխնոլոգիաներով: Այսօրվա դրությամբ մենք արդեն այդ ուղղությամբ իրականացնում ենք քայլեր», – նշել է նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նիստի ժամանակ զեկույցով հանդես են եկել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը եւ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի հիմնադիր նախագահ Մուշեղ Թումասյանը: