Ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի աշխատակիցներն անցե՞լ են լիազորությունները. քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ գողությունների կատարման համար մեղադրվող Գոռ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ մի քանի դրվագներով ծանր հանցագործության դեպքերով քննվող քրեական գործով ամբաստանյալ Գոռ Զ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություններ կատարելու վերաբերյալ խոստովանական ցուցմունքները տվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ծառայողների կողմից գործադրված սպառնալիքների, ինչպես նաև իր չկատարած հանցանքներն ընդունելու համար ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն գումարներ տալու արդյունքում:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս