Սիրողական բռնցքամարտը դիտարժան դարձնելու, բռնցքամարտիկների ունակությունները լիովին բացահայտելու նպատակով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան բազմաթիվ փոփոխություններ է կատարել կանոնակարգում:
Բնական է, որ մեր երկիրը ներկայացնող մարզիչներն ու մրցավարները նույնպես պետք է տեղյակ լինեն փոփոխությունների մասին եւ դրանք յուրացնելուց հետո պարտավոր են այդ ամենն ուսուցանել իրենց սաներին, հատկապես հավաքականների անդամներին: Նշենք, որ նոր մրցակարգով կրկին մեծ նշանակություն է ստանում մարզիկների տեխնիկական հնարքների բազմազանությունը, որով օժտված են եղել նախորդ սերունդների հայ բռնցքամարտիկները:
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված տեսագործնական սեմինար-խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀԱՕԿ-ի փոխնախագահ, բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի անդամ Դերենիկ Գաբրիելյանը, այդ փոփոխություններին ծանոթացնելու, դրանք կյանքի կոչելու նպատակ էր հետապնդում: Խորհրդակցությանը մասնակցեցին բռնցքամարտի շուրջ 40 մասնագետներ` մարզիչներ, մրցավարներ, մարզադպրոցների տնօրեններ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Տեղի ունեցավ մասնագիտական մտքերի փոխանակություն, եւ հենց ներկաները դարձան գործնական պարապմունքի կատարողները:
Նման հանդիպումները, որոնք կկազմակերպվեն նաեւ մարզերում, լինելու են հաճախակի, քանի որ ժամանակը չի սպասում. 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում եւ դրանց նախորդող պաշտոնական մրցումներում ու վարկանիշային մրցաշարերում գործելու է նոր կանոնակարգը:
ԳՈՐԾԵԼՈՒ Է ՆՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ