«Ռեսո» ապահովագրական ընկերությունը Վաղարշապատի հետաքննիչի դեմ գրություն է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ հետաքննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ:

Այսպես, «Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ ըստ հիշյալ ապահովագրական ընկերության գրության՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի հետաքննիչը 2015 թվականի դեկտեմբերի 9-ին անհայտ անձի կողմից քաղաքացի Հեղինե Ղ.-ին պատկանող «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան անզգուշությամբ վնասելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելուց հետո, Հեղինե Ղ.-ն որոշման օրինակը ներկայացրել է ապահովագրական ընկերություն, սակայն բողոք չունենալու պայմաններում` պատճառված վնասի հատուցում նրան չի տրամադրվել:

Այնուհետև նույն հետաքննիչը, անձնական այլ դրդումներից ելնելով, նույն օրով թվագրված` քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ ևս մեկ որոշում է կայացրել, ստորագրել և Հեղինե Ղ.-ին փոխանցել, որում ներառել է վերջինիս կողմից հանցագործություն կատարած անձի դեմ արդեն բողոք ունենալու մասին կեղծ տեղեկություններ: Կեղծված որոշումը հատուցում ստանալու նպատակով Հեղինե Ղ.-ի կողմից ներկայացվել է հիշյալ ապահովագրական ընկերություն:

«Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գրության հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս