ԲՀԿ-ում ծայր առած լարվածությունը թուլանալու միտումներ չի արձանագրում. մի շարք տարածքային կառույցներ կփակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ում ծայր առած լարվածությունը կարծես թե թուլանալու միտումներ չի արձանագրում: Ընդ որում, դրանք կապված են ոչ միայն իշխող ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ի կոալիցիա կազմել-չկազմելու հարցի հետ, այլեւ ֆինանսական լուրջ խնդիրներով են պայմանավորված: Այստեղ ամեն րոպե կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել:

«Ժողովուրդ»-ը իր նախորդ համարներից մեկում անդրադառնալով այս խնդրին, նշել էր, որ ֆինանսական ոչ այնքան լավ պայմաններով պայմանավորված, հնարավոր է, որ առաջիկայում ԲՀԿ-ական մի շարք տարածքային կառույցներ փակվեն: Շատ կառույցներ արդեն իսկ փակվել են օպտիմալացիայի հիմքով: Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ որոշ տարածքային կառույցների համակարգող, ԲՀԿ քաղխորհրդի կազմակերպչական հարցերի պատասխանատու Աբրահամ Մանուկյանի եւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն:

Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, դժվար չէ ասել: Բանն այն է, որ Մանուկյանը կողմ լինելով իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցին՝ ամեն ինչ փորձում է անել, որպեսզի Զոհրաբյանի նկատմամբ կուսակցության շարքերում անվստահություն սերմանի եւ «գահընկեց» անի: Եւ վերջին շրջանում ԲՀԿ տարածքային կառույցներում առկա ճգնաժամի ձեւավորման մեջ կարծես թե Աբրահամ Մանուկյանի «մատը խառն է»: Նա անգամ կուսակցական ժողովներ է անում առանց Զոհրաբյանի:

Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը թեեւ չէր հերքել, բայց եւ չէր հաստատել այս փաստը: «Ա. Մանուկյանը եւ ես կարող ենք ունենալ եւ ունենք տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, ու դա եւս միանգամայն բնական է, եւ ես այդտեղ որեւէ ողբերգություն չեմ տեսնում»,- ասել էր նա:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:

-Պարո՛ն Մանուկյան, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ներկայումս ԲՀԿ-ում ֆինանսական լուրջ խնդիրներ կան, ինչի արդյունքում հնարավոր է, որ մի շարք տարածքային կառույցներ փակվեն: Ի՞նչն է պատճառը:

-Նման տեղեկություններ ես չգիտեմ: Դրանք անհիմն են: Կուսակցական տարածքային գրասենյակները գործում են եւ գործելու են: Մենք հիմա մտածում ենք, որպեսզի տարածքային գրասենյակներն էլ ավելի ընդարձակենք, ավելացնենք, քանի որ պարզ պատճառ է լինելու` գնում ենք 2017 թվականի ընտրություններ:

-Սակայն մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ դժգոհություններ ունեն ֆինանսավորումից` նշելով որ տարածքային կառույցների աշխատակիցների աշխատավարձերի վճարումն ուշացվում է, հեռախոսահամարներն անջատվում են, ինտերները կտրում: Ինչո՞ւ:

-Այն տարածքները, որտեղ որ անձամբ ես եմ զբաղվում ֆինանսավորմամբ, աշխատավարձերը ամսի 5-ից ուշ չեն լինում: Եւ չեմ էլ կասկածում, որ այն տարածքներում, որտեղ որ ֆինանսավորմամբ զբաղվում է Վարդան Վարդանյանը, ուշանում են:

-Պարո՛ն Մանուկյան, նշվում է, որ Դուք անձամբ լինելով մի շարք տարածքային կառույցների ֆինանսավորողը՝ գումարները միտումնավոր չեք հասցնում կառույցներին, որպեսզի դժգոհությունը ուղղորդեք դեպի ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս մասով ի՞նչ կասեք:

-Նման բաներ չկան: Դրանք լրիվ սուտ են, հերյուրանքներ են: Այդ ֆինանսավորվողներից մեկն էլ ես եմ: Դուք ինչի՞ մասին եք խոսում: Դրանից պատասխան է չէ՞ գալիս…

-Չե՞ք կարծում, որ վերջերս ԲՀԿ-ում անառողջ մթնոլորտ է: Ինչի՞ հետ է կապված:

-Տարաձայնությունները միշտ էլ կլինեն, լինելու են, քանի դեռ կուսակցությունը հստակ իր ապագայի ճանապարհացույցը չի կազմել:

-Ո՞րն է ճանապարհացույցը, միայն իշխանական կոալիցիա՞ն: Վերջերս Վահան Բաբայանն էլ հրաժարական տվեց… Էլի՞ կլինեն պառակտման դրսեւորումներ:

-Երբ տեղի է ունեցել հանդիպում, որից բխել է Վահան Բաբայանի հրաժարականը, ես հանրապետությունում չեմ եղել: Բայց վերադարձել եմ, տեղեկացել եմ, որ դա կոալիցիա մտնել-չմտնելու հետ որեւիցե կապ չունի: Տարբեր սայթերում գրում են, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ, դրա համար մամլո խոսնակը պաշտոնից հրաժարվեց:

Արփինե Թովմասյան




Լրահոս