ՆՈՐ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՀԻՆ ԿԱԴՐԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2016 թվականի փետրվարի 23-ին Մարդու իրավունքների չորրորդ պաշտպան ընտրված Արման Թաթոյանը անցել է կադրային ջարդի:

Չնայած ընդամենը 9 օր է, ինչ Արման Թաթոյանը աշխատանքի է անցել, սակայն արդեն իսկ նորընտիր ՄԻՊ-ի եւ նախկին օմբուդսմենի որոշ աշխատակիցների ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ, օրինակ, մինչ Արման Թաթոյանի նշանակվելը, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը շարունակել է աշխատել ՄԻՊ-ում, սակայն Արման Թաթոյանի գործի անցնելուց հետո աշխատանքից ազատման դիմում է գրել: Նշենք, որ Գրիգորյանի հետ ազատման դիմում են գրել արտաքին կապերի վարչության մի շարք աշխատակիցներ, այդ թվում եւ Լուսինե Ավագյանը: Ի դեպ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի վարորդ Թոմաս Հակոբյանը եւս նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել: Նկատենք, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո վերոնշյալ անձինք շարունակում էին աշխատել ՄԻՊ-ում եւ, ըստ էության, սպասում էին նորանշանակ օմբուդսմենին, որի կամքից էլ կախված կլիներ նրանց հետագա ճակատագիրը: Սակայն դատելով ստեղծված իրավիճակից` ամենայն հավանականությամբ, Արման Թաթոյանը չի ցանկացել աշխատել նրանց հետ եւ ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրեն:
Նշենք, որ Արման Թաթոյանը ՄԻՊ-ը լքած աշխատակիցների տեղերը համալրում է իր նախկին աշխատատեղի` արդարադատության նախարարության աշխատակիցներով: ՄԻՊ հանրային կապերի պատասխանատու Ռոնա Ահարոնյանը չհերքեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որոշ մարդիկ ազատման դիմում են գրել. «Ունենք աշխատակիցներ, որոնք դուրս են եկել, ունենք նոր աշխատակիցներ, որոնք որ նոր են ընդունվել աշխատանքի, դա բնական է՝ մարդիկ դուրս են եկել այլ աշխատանք փնտրելու պատճառով»:
Ի դեպ, գրել էինք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված իրավախախտումների կապակցությամբ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել էր ՀՀ իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե ինչ քննչական գործողություններ են կատարվել արձանագրված դեպքերով: ՀՀ գրեթե բոլոր իրավապահ մարմինները պատասխանել են Անդրեասյանի դիմումներին: Մեզ հասած տեղեկություններով՝ օմբուդսմենի գրասենյակը, ուսումնասիրելով բոլոր դիմումները եւ վերլուծելով արձանագրված փաստերը, նախատեսել էր 2016թ. հունվարի 25-ին հրապարակել դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման վերաբերյալ ՄԻՊ զեկույցը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց: Ասել է, թե մինչ օրս օդից կախված է մնացել հանրաքվեի մասին ՄԻՊ զեկույցը: Իսկ ի՞նչ է պատրաստվում անել Արման Թաթոյանը, արդյո՞ք կհրապարակի նախկին օմբուդսմենի վերլուծությունը, թե հերթական անգամ նոր դիմումներ պետք է ուղարկի իրավապահ մարմիններին` վերստին ծանոթանալու եւ ամփոփելու դրանց արդյունքները: Այս հարցին ի պատասխան՝ Ռոնա Ահարոնյանը նշեց, որ խնդիրը քննարկման փուլում է:
Նկատենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հոդված 17-ի համաձայն՝ «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացնում է Ազգային ժողովի նիստում»:
Այդպիսով` Արման Թաթոյանը մինչ մարտի վերջ պետք է ներկայացնի նախորդ տարվա զեկույցը, իսկ մինչ այդ էլ հանրաքվեի զեկույցի մասին պետք է հայտարարությամբ հանդես գա: Թե ինչպես կպլանավորի նորընտիր օմբուդսմենն իր գլխին կուտակված այս հարցերի ընթացքը, պարզ կդառնա առաջիկայում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Անցած տարվա սեպտեմբերին «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին դիմել ԵՊՀ գիտությունների մի շարք թեկնածուներ, ովքեր դժգոհում էին, որ թոշակառու եւ գիտական գործունեությամբ չզբաղվող դասախոսների պատճառով ԵՊՀ աշխատակից գիտությունների թեկնածուները ժամեր չունեն կամ ստիպված են դեկանատներում ու ամբիոններում լաբորանտ աշխատել: Բայց, ինչպես երեւում է, ԵՊՀ մի շարք գիտությունների թեկնածուների մոտ բողոքի նոր ալիքի բարձրացման առիթ կա:
Երեկ մի շարք դասախոսներ կրկին դիմել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ հայտարարել, որ եթե այսպես շարունակվի, իրենք պատրաստվում են դիմել Սերժ Սարգսյանին: Ըստ ԵՊՀ մի շարք գիտությունների թեկնածուների՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոստացել է 2016-2017 ուսումնական տարում լուծել նրանց բարձրացրած խնդիրը` պատճառաբանելով, որ սեպտեմբերին հնարավոր չէ ծանրաբեռնվածությունը վերանայել: Վերջիններս դիմելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ փորձում են հասկանալ՝ արդյո՞ք 2016-2017 ուսումնական տարում գիտական կոչում եւ գիտական ձեռքբերումներ չունեցող թոշակառուները շարունակելու են դասավանդել համալսարանում: Արդյո՞ք 2016-2017 ուսումնական տարում ԵՊՀ աշխատակից բոլոր գիտությունների թեկնածուները ապահովվելու են դասաժամերով: Ինչո՞ւ են գիտական կոչում չունեցողները դասավանդում 1 դրույքով, իսկ գիտությունների թեկնածուները՝ 0.25 կամ 0.5: Մյուս բուհերում այս հարցը վաղուց կարգավորված է»:
Երեկ մեզ չհաջողվեց գտնել Արամ Սիմոնյանին՝ պարզելու խնդիրը, հանգուցալուծման հնարավորությունները:

 

 

ԶՈՐԱՄԱՍԸ ԼՔԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Դեռեւս փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասը լքած ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանը շարունակում է գտնվել Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նրա հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը: Ըստ նրա՝ տղան դեռ ապաքինվում է: Հիշեցնենք, որ զորամասը լքած ժամկետային զինծառայողը շուրջ 3 օր մնացել էր դրսում, քնել էր անտառում եւ ցրտահարվել էր: Սակայն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Ա. Բաքոյանի կողմից զորամասը ինքնակամ լքելու դեպքի առթիվ: Մեզ հետ զրույցում տղայի հարազատները նրա այս քայլի պատճառը համարել էին այն, որ նա առողջական խնդիրներ է ունեցել. «Նրա թեւը պարբերաբար դուրս է ընկել: Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն: Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել: Նա էլ ցավից փախել է»:

 

 

ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Մարտի 2-ին եւ լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 750 կրակոց:

 
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` մարտի 3-ին ստորագրած հրամանագրով դադարեցվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կամո Ղահրամանյանի լիազորությունները առողջական վիճակի պատճառով:

 

 

ՀԱՇՏՎԵՑԻՆ
a1plus.am-ի փոխանցմամբ` երեկ դերասան Վարդան Պետրոսյանի եւ ավտովթարի զոհերի` Հակոբյանների ներկայացուցիչները հաշտության համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2013թ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործով Վարդան Պետրոսյանը Հակոբյան ընտանիքին փոխանցում է 2 մլն դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար՝ պայմանով, որ դրանից հետո որեւէ պահանջ չի ներկայացվելու նրա դեմ: «Այս հաշտությունները կնքվել են զուտ հայցերի շրջանակներում, գումարի պահանջի մասերով: Կյանքում իրենք կհաշտվեն, թե ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: Բայց ես կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանի հոգու խորքում կա ինչ-որ բեռ ծանրացած, եւ ես կարծում եմ՝ ինքն այդ բեռից պետք է ազատվի»,- «Ա1+»-ին ասել է Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

 

 

ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՄԱՐԶՊԵՏԸ
Կառավարության երեկվա նիստում հաստատվել է Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոններում համապատասխանաբար ՀՅԴ անդամներ Հովսեփ Սիմոնյանի եւ Գաբրիել Գյոզալյանի նշանակումները: Կառավարության նիստից հետո Շիրակի նորանշանակ մարզպետն ասել է, թե Գյումրին ամենեւին էլ ընդդիմադիր քաղաք չէ. «Մեր ազգաբնակչության հետ մենք հաստատ շատ խնդիրներ լուծելու ենք: Իշխանություններին վստահում են Գյումրիում, կարճ ժամանակ տվեք ինձ», – ասել է նա:

 

 

«ՅՈՒՔՈՄ»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋԵՑԻՆ
Կառավարության երեկվա նիստի ժամանակ որոշում է կայացվել ընդունել ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը: Նախագիծը կառավարության հավանությանն է ներկայացրել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը:

 

 

 

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՆՁՐԵՎՆԵՐ
Հայաստանի տարածքում մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի ցերեկը, մարտի 6-ին շրջանների մեծ մասում, մարտի 7-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 3-ին, 4-ի եւ 5-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, մարտի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում մարտի 3-4-ը, մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի ցերեկը, մարտի 6-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:




Լրահոս