Մարտի 2-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան երգի` «LoveWave»-ի եւ դրա տեսահոլովակի պրեմիերան: Մի կողմից յութուբյան դիտումները ցույց են տալիս, որ Իվետա Մուկուչյանի կատարումը հասցրել է հավաքել շուրջ 117 հազար դիտում, մյուս կողմից անհնար է չնկատել, որ հայերիս շրջանում եվրատեսիլյան թեման մարել է, այն այլեւս ակտուալ չէ:
Եթե տարիներ առաջ եվրատեսիլյան երգերի պրեմիերաները ուղեկցվում էին բուռն քննարկումներով, վեճերով ու սկանդալներով, ապա վերջին տարիներին մեր հանրությունը նույն ակտիվությամբ աչքի չի ընկնում, այս տարի, օրինակ, շատերը նույնիսկ չեն էլ լսել երգը: Եվ պատճառն ամենեւին էլ մեր երգչուհու պրոֆեսիոնալիզմը կամ մասնագիտական որակները չեն. մրցույթի հանդեպ հետաքրքրությունն է կորել: Դրա պատճառներից մեկն էլ կարելի է գտնել սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններում, որտեղ նրանք նշում են, թե իրենք արդեն սովոր են, որ «Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայանալու է չհիշվող, չտպավորվող, իսկ հաճախ էլ` եվրոպական լայն զանգվածների համար անհրապույր կամ ոչ մատչելի երգով: Մյուս պատճառն էլ այն է, որ շատերն, առհասարակ, լուրջ չեն վերաբերվում այս մրցույթին` նշելով, թե դա քաղաքականացված շոու է եւ այլն: Այնուամենայնիվ, մեզ նման փոքր երկրի արտիստի համար «Եվրատեսիլ»-ը դրսեւորվելու եւ ճանաչվելու լավագույն հարթակներից մեկն է, ուստի, թերեւս, ճիշտ կլիներ օգտվել առիթից եւ բաց չթողնել Եվրոպայի սիրտը շահելու առիթը:
Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««LoveWave»-ը երգ է զգացմունքի մասին, որը կարող է ստեղծել եւ ոչնչացնել, հզորացնել եւ թուլացնել, բաժանել եւ ամբողջացնել: Զգացմունք, որը չի ճանաչում տարածություն եւ ժամանակ: Օվկիանոսի նման անկանխատեսելի, ալիքի նման հզոր զգացմունք, որի համար արժե պայքարել… »:
Թե որքանով է «LoveWave»-ը կարողացել փոխանցել այս մեսիջը` վիճելի հարց է. այս մասին կարծիքները հակասական են:
Լրագրող, հաղորդավար Արմեն Դուլյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «էս մեր երգը, կներեք, նման է շատ սիրուն դիմահարդարում արած, նորաձեւ շորեր հագած աղջկա… Ախր, որ հանվեցնես ու լողացնես՝ տակը բան չի մնա… Բայց ես, իհարկե, ո՛չ երաժշտությունից եմ բան հասկանում, ո՛չ էլ աղջիկներից…»:
Իսկ, օրինակ, «Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանը, ով 2013-ին իր խմբով ներկայացրել է Հայաստանը եվրատեսիլյան բեմում, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ինքը չի հասկացել, թե որն է, այսպես ասած, եվրատեսիլյան ֆորմատը, եւ իր համար դժվար է ասել, թե ինչը կարող է գրավել եվրոպացիներին. «Ճիշտն ասած` ցանկություն էլ չունեմ հասկանալու. դա պրոդյուսերների խնդիրն է: Իսկ Իվետա Մուկուչյանի երգը լավն էր, ինձ դուր է եկել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:
Հակառակ կարծիքին է բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով նախ շեշտեց, որ ինքն անտարբեր է այս մրցույթի հանդեպ, ապա խոստովանեց, որ երգն իր վրա որեւէ տպավորություն չի թողել. «Հերթական մի երգ` գեղեցիկ երգչուհու կատարմամբ: «Եվրատեսիլ»-ում քվեարկությունը քաղաքականացված է, ամենալավ երգն էլ կարող է քիչ միավորներ հավաքել: Իսկ մեզ չի հաջողվում եվրոպացու հոգին մտնող երգ ներկայացնել: Այն, ինչ մատուցում ենք, հիմնականում հայաստանցու ճաշակով է: Գուցե երգչուհու մոտ կա լավ պոտենցիալ, բայց երգը հաջողված չէ, այն չհիշվող է եւ չի մտնի եվրոպացու ուղեղը, չի «նստի» նրա լեզվի վրա»:
Բոլորովին այլ կարծիքի է երգիչ Գրիգոր Կյոկչյանը, ով միջազգային մրցույթների մասնակցելու որոշակի փորձ ունի. «Օրիգինալ, հետաքրքիր, կրեատիվ երգ է, ինձ դուր եկավ, բայց մինչեւ չլսեմ «Եվրատեսիլ»-ի մյուս մասնակիցների երգերը, ոչինչ չեմ կարող ասել, միայն կնշեմ, որ Ուկրաինայի ներկայացուցչի երգը նույնպես լավն է: Իսկ, առհասարակ, ես սիրում եմ այս մրցույթը եւ սիրով կհետեւեմ մեր մասնակցի ելույթին»,-ասաց նա:
Թե ինչ հաջողություն կունենա Իվետա Մուկուչյանի երգը, ցույց կտա ժամանակը, իսկ մենք Իվետային մաղթում ենք հաջող ելույթ:
Նշենք, որ «LoveWave» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է «Come together» (Միավորվենք):
«ՖՈՒԼ ՀԱՈՒՍ»-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐ
Մայիսի 16-ին, 17-ին եւ 18-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համերգասրահում տեղի կունենա «Ֆուլ հաուս»-ի երեւանյան համերգը:
Հումորային հեռուստանախագծի դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երեւանյան համերգի սցենարը, ի տարբերություն, օրինակ, եվրոպական համերգների սցենարի, նախատեսված է հենց հայաստանցի հանդիսատեսին գոհացնելու համար: «Առհասարակ, որտեղ որ ներկայանում ենք, աշխատում ենք հաշվի նստել տարածաշրջանի առանձնահատկությունների հետ եւ հանդիսատեսին մատուցել իրեն հոգեհարազատ հումոր, ինչպես, օրինակ, եղավ անցած տարի, Գյումրիում»,-բացատրեց Գրիգորը:
Նրա խոսքով` համերգի ընթացքում մարդիկ կտեսնեն այն, ինչ չեն տեսնում հեռուստատեսությամբ. «Երկու ժամվա ընթացքում կփորձենք մարդկանց կտրել առօրյա հոգսերից եւ պարգեւել ծիծաղ»:
Գրիգորը նշեց, որ եթե հանդիսատեսի շրջանում ներկայացման նկատմամբ պահանջարկը մեծանա, իրենք կփորձեն բավարարել լսարանի ցանկությունը. «Եթե պետք լինի՝ սեպտեմբերին էլի համերգներով հանդես կգանք»,-հավելեց նա:
Մեր այն հարցին, թե հեռուստատեսային նախագծի ներկայացուցիչների համար դժվար չէ, արդյո՞ք, ներկայանալ բեմում, հատկապես, որ նրանցից ոմանք դերասան էլ չեն, Գրիգորը պատասխանեց. «Քանի որ նրանք նմանատիպ ներկայացումներով 3 անգամ շրջագայել են արտերկրում, արդեն հասցրել են փորձ ձեռք բերել»:
Ի դեպ, «Ֆուլ հաուս»-ի 4-րդ շրջագայությունն էլ կմեկնարկի մարտի 16-ին. անձնակազմը 7 համերգ կունենա եվրոպական երկրներում եւ կվերադառնա մարտի 28-ին:
Գրիգորի խոսքով` իրենք փորձում են այնպես անել, որ թիմին նոր միացած անդամները` Մարինկա Խաչատրյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը, ինտեգրվեն իրենց աշխատանքներին. «Ձգտում ենք այնպես անել, որ նրանց մասնակցությունն էլ լինի համերգային ծրագրերում. տեսնենք` ինչպես կստացվի»,- նշեց նա: Հարցին, թե ինչպես է թիմի նորեկ, երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը կարողանում կատարել իր առջեւ դրված պահանջները, Գրիգորը պատասխանեց. «Մենք համատեղ ուժերով աշխատում ենք, որ այն, ինչ նա անում է, ավելի լավ ստացվի: Ենթադրում եմ, որ նոր եթերաշրջանը բավական հետաքրքիր է լինելու»:
Նշենք, որ «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանը եթերում կլինի մարտի 14-ից:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
78 տարեկանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է խորհրդային սիրված դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան: ՁԸհհ-ի տեղեկացմամբ` նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Ավելի վաղ բժիշկները, որոնք «սրտամկանի ինֆարկտ» նախնական ախտորոշումն էին տվել, Կրաչկովսկայայի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Կրաչկովսկայան նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են «12 աթոռ», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը», «Այս ուրախ մոլորակը», «Պոկրովյան դարպասները» եւ ուրիշներ: Նա դերակատարություն է ունեցել նաեւ հայկական, Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա նկարահանված «Կտոր մը երկինք» կինոնկարում:
ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Զոի Սալդանան նկարահանվել է 20-րդ դարի լավագույն ջազ երգչուհիներից մեկի` Նինա Սիմոնի մասին կենսագրական ֆիլմում` մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: The Guardian-ի ներկայացմամբ` ֆիլմի առաջին թրեյլերի հրապարակումից հետո Սալդանան հայտնվել է քննադատությունների թիրախում։ Շատերն այն կարծիքին են, որ Սալդանան արտաքնապես ընդհանրապես չի սազում այս դերին։ Քննադատները գտնում են, որ դերասանուհու քաղաքական հայացքները չեն համընկնում հայտնի ակտիվիստ Սիմոնի քաղաքական հայացքների հետ: Երգչուհու դուստրը` Քելի Սիմոնը, նշել է, որ իրեն եւս չի գոհացրել Սալդանայի ընտրությունը` մանրամասնելով, որ դերասանուհին ու իր մայրը միանգամայն տարբեր կերպարներ են։ «Ես կցանկանայի, որ Սալդանայի փոխարեն մորս մարմնավորեր Քիմբերլի Էլիսը կամ Վիոլա Դեւիսը: Վստահ եմ, որ նրանք դա հրաշալի կանեին: Իսկ Զոի Սալդանային ես որպես դերասանուհի շատ եմ հավանում, սակայն իմ մոր դերում ամենեւին էլ չեմ տեսնում»: Հայտնի է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա ապրիլին:
ԹԱՆԿՅԱՆՆ ՈՒ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԷԼ ՄԻԱՑԱՆ
«System of a Down» հայտնի ռոք խմբի հայտնի մեներգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքի իր պատին գրառում է կատարել Գյումրու անoթեւաններին օգնելու նպատակով կազմակերպած ակցիայի վերաբերյալ: «Կարծում եմ՝ հայտնի արվեստագետի եւ մի խումբ ակտիվիստների այս նախաձեռնությունը լավ նպատակի համար է: Մենք նույնպես ուսումնասիրել ենք ստանդարտներին չհամապատասխանող այն պայմանները, որոնցում Գյումրու բնակիչներն ապրում են, եւ աշխատում ենք նրանց աջակցելու ուղղությամբ»: Ակցիային արձագանքել է նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նա ֆեյսբուքի իր էջում նախաձեռնությունը ներկայացնող տեղեկատվություն է տարածել: Նշենք, որ դրամահավաքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նախատեսվում է մինչեւ մարտի 20-ը հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը առավել մեծ տարածում գտավ Տիգրան Համասյանի` օրերս Գյումրիում ունեցած բարեգործական համերգից հետո: