ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստուգայց է կատարել մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Ինչպես հայտնի է՝ տեւական ժամանակ կառուցվող «Ռոսիա մոլի»՝ մարտի 5-ին կայանալիք բացման արարողությանը բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կժամանեն մետրոյով: Սարգսյանը «Մարշալ Բաղրամյան» կայարանից մետրո կնստի եւ կիջնի «Զորավար Անդրանիկ» կանգառում, կբարձրանա Սուքիասյանների կառուցած մոլ՝ ժապավենը կտրելու: Տարոն Մարգարյանը, հավանաբար, մետրոյի թերություններն է փորձում վերացնել քաղաքական շեֆի այցին ընդառաջ, որ ամեն ինչ «սիրուն լինի»:

 

 

 

 

ՀԱՐՑ. Քույրս տեւական ժամանակ է՝ բնակվում է ՀՀ-ից դուրս՝ Ռուսաստանի Դաշնությունում: Նա տարիներ շարունակ հայրենիք չի վերադարձել, այսինքն՝ մշտական բնակություն է հաստատել ՌԴ-ում: Հիմա ուզում է իմանալ՝ հնարավոր է իրեն ՀՀ քաղաքացիությունից զրկած լինեն: Նշեմ, որ քույրս չի հրաժավել ՀՀ քաղաքացիությունից:

Գրետա Միրաքյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Միրաքյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը:
Ավելին՝ օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են ՀՀ-ի պաշտպանությունից եւ հովանավորությունից:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ մշտական բնակչության թիվը 2015-ի սկզբին եղել է 3 միլիոն 10 հազար (այս թիվը իր մեջ ներառում է նաեւ արտագաղթած, բայց ՀՀ քաղաքացիությունից չհրաժարված բնակիչներին), անցած տարի այդ թիվը եղել է 3 միլիոն 17 հազար: Այսինքն՝ ՀՀ մշտական բնակչության թիվն այս տարի պաշտոնապես նվազել է 7 հազարով:

 

 

 
ՀԱՐՑ. Ես 1931թ. ծնված թոշակառու եմ եւ պետք է ստանամ ԽՍՀՄ բանկում ունեցած ավանդս: Բոլոր անհրաժեշտ թղթերը վաղուց ներկայացրել եմ համապատասխան մարմին: Ի՞նչ է պետք անել, որպեսզի իմ հերթը չանցնի, եւ ժամանակին ստանամ:

Ռազմիկ Ասատրյան (Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ Ռազմիկ Ասատրյանի դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ կառավարության՝ 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով սահմանված նորմերին համապատասխան՝ որպես դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձ, Ռ. Ասատրյանը հաշվառվել է ավանդների փոխհատուցման ծրագրում (սոցիալական աջակցության Վեդու տարածքային գործակալությունում) եւ ձեռք բերել ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք:
Տեղեկացնում եմ, որ հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան: Տարեցների ընդհանուր ցուցակում Ռազմիկ Ասատրյանի հերթական համարը 13409-ն է:
Տեղեկացնում եմ նաեւ, որ 2016թ. հունվարի վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչեւ 9624 հերթական համարն ունեցող տարեցները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումը իրենից ներկայացնում է դրամական օգնություն սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին:




Լրահոս