Ի՞նչ «խոշորագույն ավանտյուրայի» են փորձում մասնակից դարձնել Հայաստանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ այս շրջանում Կրեմլը հրավիրում է Հայաստանի նախագահին՝ քննարկելու Ղարաբաղի խնդիրը, հասկանալի է, որ դրա տակ մի հարամ բան կա»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ մարտի 10-ին, աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախագահները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկելու են մասնավորապես իրադրությունը Ղարաբաղի հակամարտության գոտում, կողմերի միջեւ ռազմական հավասարակշռության հարցը, Հայաստանին սպառազինության նորագույն համակարգերի մատակարարումը, ինչպես նաեւ ռուս-թուրքական հարաբերությունները, Մերձավոր Արեւելքին վերաբերող խնդիրներ եւ այլն:

Ըստ ամենայնի՝ նախագահներն այսօր խոսելու են նաեւ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող բնական գազի սակագնի մասին: Ու թեեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ գազի սակագինը երկրի սահմանին չի նվազելու, այլ մնալու է 165 դոլար 1000 խ/մ-ի համար, Ալեքսանդր Սկակովը միանգամայն հնարավոր է համարում, որ ռուսական կողմը ինչ-որ զիջումների գնա այդ հարցում:

Իսկ կքննարկվե՞ն արդյոք Ռուսաստանի վերջին վիճահարույց գործողությունները Հայաստանի հանդեպ, մասնավորապես՝ Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի, հետո էլ ռազմական տվյալների հրապարակումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մասին: Սա չի՞ վնասում երկկողմ ռազմավարական հարաբերություններին: Պատասխանելով մեր այս հարցադրմանը՝ Սկակովն ասաց. «Ըստ իս՝ այդ հարցը չի քննարկվի: Կքննարկվեն ավելի լուրջ հարցեր, մասնավորապես՝ ուժերի հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ այն, որ որեւէ մեկը չգայթակղվի եւ չփորձի լուծել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով: Տվյալ դեպքում նկատի ունեմ Բաքվից հնչող որոշ ռեւանշիստական մտքերը»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ավելի մեծ կարեւորություն է տալիս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի «խայտառակ հրապարակմանը» հայկական զինված ուժերի ռազմական ներուժի վերաբերյալ: Ըստ նրա՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ղարաբաղյան խնդրի այսօրվա քննարկման հիմք է հանդիսացել ոչ միայն այդ հրապարակումը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը` Թբիլիսիում ղարաբաղյան հարցի քննարկման մասին, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ու Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությանը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին՝ 28+1 ձեւաչափով, ինչպես նաեւ Ռուսաստանի ծրագիրը՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ:

«Ռուսաստանը ամառվանից ունի գործողությունների դիմելու ժամկետներ: Ի՞նչ գործողություններ են՝ պարզ չէ, բայց որ ՌԴ ԶՈւ հարավային օկրուգը տեղափոխվել է Հայաստան՝ ակնհայտ է: Հայաստանը քաղաքական առումով կիսում է Մոսկվայի դիրքորոշումները, բայց Մոսկվան այլ պլաններ եւ ակնկալիքներ էլ ունի, որոնք տեղի են ունենալու Սեւ ծովում: Ակնհայտ է, որ այս ամենում Հայաստանը դառնում է տարածք տրամադրող երկիր: ՌԴ-ն փորձում է Հայաստանը մասնակից դարձնել այս խոշորագույն ավանտյուրային: Երբ այս շրջանում Կրեմլը հրավիրում է Հայաստանի նախագահին՝ քննարկելու Ղարաբաղի խնդիրը, հասկանալի է, որ դրա տակ մի հարամ բան կա»,- այսօրվա ասուլիսում նշել է Ստյոպա Սաֆարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս