Հայ մոդելները Թուրքիա մեկնելուց չեն խուսափում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք «Future Fashion Faces World» («Աշխարհի ապագա մոդելային դեմքեր») մրցույթին այս տարի կմասնակցեն նաեւ երկու մոդելներ Հայաստանից: Մասնակից երկրների թվում են Գերմանիան, Ավստրալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կոսովոն, Հոլանդիան եւ այլն, իսկ մեր հարեւան երկրներից` Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը: Մրցույթի ազգային տնօրենը «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է, որի հիմնադիր Գեւորգ Ասատրյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը եւս ընդգրկված է լինելու միջազգային ժյուրիի կազմում:

10477793_1010598102354589_530872157_o

Նրա խոսքով` մեր մասնակիցներից 23-ամյա Սյուզի Ազարյանը (Երեւան) մասնակցել է հեռուստանախագծի եւ միջազգային բազմաթիվ ցուցադրությունների, իսկ 16-ամյա Լիդա Սերոբյանը (Դիլիջան)` նորաձեւության ցուցադրությունների եւ բազմաթիվ մրցույթների: «Մենք հնարավորություն ունեինք ներկայացնելու թվով 4 մասնակից, ծանոթանալով մրցույթի մյուս անդամներին` մեզնից ընտրեցինք այն տարիքային խմբերի աղջիկներին, որոնք կարող են հաջողություն գրանցել»,- մեկնաբանեց Գ. Ասատրյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք ասոցիացիան չի վախենում քննադատների այն կարծիքից, որ հայերս Թուրքիայում անցկացվող մրցույթներին մասնակցելուց պետք է զերծ մնանք, Գ. Ասատրյանը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ խուսափենք, մենք ուզում ենք մասնակցել եւ մրցանակներով հետ գալ հայրենիք: Մենք դրսում ներկայանալու եւ ոչ մի առիթ չպետք է բաց թողնենք: Ու թեեւ Թուրքիայի հետ քաղաքական խնդիրներ ունենք, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ այն ինդուստրիալ առումով հզոր երկիր է, որը նմանատիպ մրցույթների համար առաջարկում է լավ պայմաններ: Սա դրսեւորվելու լավ ասպարեզ է թե՛ մեր մոդելների եւ թե՛ դիզայներների համար: Սա մի պրոցես է, որից չպետք է հետ մնանք»:

12834465_1010598122354587_1411925866_n

Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք մրցույթի հայ մասնակիցների համար գտնվել են հովանավորներ. «Մենք գործի կդնենք սեփական միջոցները, ինչպես նաեւ հովանավորների աջակցությունը: Սառույցը կարծես տեղից շարժվում է. մեզ որոշել են սատար կանգնել Դիլիջանի քաղաքապետը եւ մի պատգամավոր»,- տեղեկացրեց ասոցիացիայի հիմնադիրը:

Գ. Ասատրյանը նաեւ հայտնեց, որ մեր հայ մասնակիցները մրցույթի առաջին փուլում ներկայացնելու են ազգային տարազ: Նրանք կրելու են զգեստներ «Էթնո Էրատո 2013» միջազգային փառատոնում հաղթող ճանաչված «Զվարթնոց» հավաքածուից (դիզայներներ` Քնարիկ Մկրտչյան եւ Գոհար Ղազարյան), իսկ երկրորդ փուլում ներկայացվելու են զգեստներ երիտասարդ հայ դիզայներներ Սամվել Մալոյանի եւ Անի Առաքելյանի հավաքածուներից:

10583687_1010598042354595_81317249_n

«Հիմա նորաձեւության ոլորտում ունենք մի քանի հիմնական դեմքեր` հայտնի դիզայներներ, որոնք երիտասարդների` ասպարեզ մտնելու ուղին կարծես փակել են: Այս մրցույթը լավ առիթ է այն երիտասարդ դիզայներների համար, որոնք ունեն կրեատիվ մտածողություն եւ հետաքրքիր ճաշակ»,- մեկնաբանեց նա:
Մենք նաեւ հարցրինք` արդյոք այսօր դժվար չէ Հայաստանում նոր մոդելներ բացահայտելը. «Մեր ասոցիացիան ունի սաներ, որոնց հետ պարապում ենք (նրանց թվում նունիսկ 4 տարեկան երեխաներ կան), այնպես որ, ընտրություն կատարելն այդքան էլ բարդ չէր»,-ասաց Գ. Ասատրյանը:

12722394_1010598079021258_2023568909_o

Խոսելով մրցույթի մասնակից երկրների պոտենցիալի մասին` նա նշեց, որ հաջող տվյալներ ունի Վրաստանի մասնակիցը:

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ շահագրգռվածություն կարող են ունենալ մրցույթի մասնակիցնեը, եւ ինչ պարգեւ է սպասվում հաղթողներին. «Մոդելների մասնակցությամբ մրցույթում ամենակարեւոր բանն այն է, որ նորաձեւության միջազգային հեղինակավոր տները կարող են շահավետ առաջարկներ անել մասնակիցներին, եւ հնարավոր է` աշխատանքային պայմանագրեր կնքվեն: Բացի այդ` գլխավոր մրցանակակիրներին կհանձնվեն նաեւ դրամական պարգեւներ»,- ասաց ասոցիացիայի հիմնադիրը:

Նշենք, որ մեր պատվիրակությունը Անթալիա կմեկնի մարտի 12-ին: Մրցույթը կտեւի 7 օր, ամեն տարիքային խմբից կընտրվեն 3 հաղթողներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս