Հայկական կողմին հասկացնում են, որ եթե Ադրբեջանը միայնակ հարձակվի, ապա Արցախը բանակի հետ միասին կկարողանա նրա հարցերը լուծել. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը նախօրեին «Военно-промышленный курьер» պարբերականում հրապարակել էր «Ֆորպոստ` հարցերով» վերնագրով հոդվածը, որտեղ մանրամասնորեն ներկայացրել էր ՀՀ և ԼՂ զինված ուժերի վերաբերյալ մի շարք գաղտնի տեղեկություններ: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, նախօրեին ռուսական լրատվամիջոցներում հայտնվեց Ա. Խրամչիխինի «Ֆորպոստ` հարցերով» հոդվածը, որտեղ ՀՀ եւ ԼՂ զինված ուժերին վերաբերող մի շարք գաղտնի տեղեկություններ հրապարակվեցին: Ձեր կարծիքով` ի՞նչ էր ուզում այդ հրապարակումով ասել ռուսական կողմը:

-Հայկական կողմին հասկացնում են, որ եթե Ադրբեջանը միայնակ հարձակվի, ապա ԼՂ բանակի հետ միասին կկարողանաս նրա հարցերը լուծել, բայց եթե Ադրբեջանը եւ Թուրքիան հարձակվեն, ապա այդ դեպքում կկորցնես ամեն ինչ: Եւ հետեւաբար առաջարկ է արվում, քանի որ քո դժբախտությունների պատճառը Թուրքիան է, բնականաբար մենք կարող ենք միասին քո տարածքը ռազմական թատերաբեմ դարձնելով՝ այդ համաձայնության դիմաց լուծել Թուրքիայի խնդիրները մեկընդմիշտ: Եթե Թուրքիան չլինի, բնականաբար Ադրբեջանը չի էլ մտածի քո վրա հարձակվելու մասին. սա է հիմնական մեսիջը: Այս կոնտեքստում, իհարկե, անթույլատրելի է հասցեների, զորամասի համարների հրապարակումը:

-Ըստ Ձեզ՝ նման տեղեկություններն ինչպե՞ս կարող են հայտնվել լրատվամիջոցում:

-Ամեն տարի զորամիավորումների եւ այլնի տվյալները փոխանցվում են Միացյալ ազգերի կազմակերպությանը` Վիեննայի պայմանագրի հիմքի վրա: Բայց եթե մտնեք այդ կայքերի էջերը, չենք տեսնի հասցեներով տեղադրված որեւէ ինֆորմացիա. որ գյուղում, որ լանջի փեշին, որ սարի տակ… Կտեսնենք հիմնական ցուցանիշների վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք որ պահանջվում են եւ որոնք որ հրապարակվում են: Այսինքն՝ այս տվյալների նկատմամբ միջազգային թափանցիկությունը ապահովված է: Այլ բան է, երբ ռազմաարդյունաբերական համալիրի սուրհանդակում տեղադրվում է նյութ, որը փաստացի ցույց է տալիս ռուսական կիսապաշտոնական, եթե չասեմ՝ պաշտոնական շրջանակների հաստատումը: Այս առումով, իհարկե, մտահոգիչ է:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս