Նարիպրոֆ ՍՊԸ ցանկանում է իրականացնել հանքարդյունաբերական գործունեություն, բայց չի ասում թե ինչպես (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի մարտի 10-ին Սյունիքի մարզի Նռնաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի կողմից 2016-2018թթ կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկում, որին մասնակցեցին «Civil Voice» ՀԿ ներկկայացուցիչները: Տեղեկացնենք, որ Նարիպրոֆ ՍՊԸ-ն ունի երկու բաժնետեր՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Մհերի Սեդրակյանը և Նարինե Վահանի Կարապետյանը: Յուրաքանչյուրը 50% բաժնեմասով: Լսումների ժամանակ «Civil Voice» ՀԿ-ի ներկայացուցիչները և համայնքի բնակիչները բարձրացրեցին բազմաթիվ հարցեր, որոնց ի պատասխան ընկերության ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանը պարբերաբար կրկնում էր միևնույն պատասխանը՝ ամեն ինչ կարվի օրենքով սահմանված կարգով:

Քանի որ «Civil Voice» ՀԿ-ի ներկայացուցիչների հստակ հարցադրումներին ընկերության ներկայացուցիչը չէր կարողանում պատասխանել, Բնապահպանության նախարարության աշխատակիցը, անկախ իր կամքից, հայտնվեց «Նարիպրոֆ» ընկերության «փաստաբան-խոսնակ»-ի դերում: Անդրադառնալով բուն լսումներին, մեր կողմից առձանագրվել են բազմաթիվ, խիստ մտահոգիչ խնդիրներ, որոնցից են՝ ուսումնասիրության տարածքը ամբողջությամբ գտնվում է Արևիկ ազգային պարկի տարածքում, վտանգված է համայնքի ջրային ավազանը՝այդ թվում և խմելու: Նախատեսվում է իրականացնել մոտ 10 000 մ3 ծավալով հողային աշխատանքներ, որի ավարտին ընկերությունը նախատեսում է վերականգնել մոտ կեսը: Նախագծում գնահատված չէ նաև շրջակա միջավայրի առկա վիճակը, փոխարենը նախագծում կան ընդհանուր վերացական ձևակերպումներ:

Ե՛վ ԽՍՀՄ, և՛ անկախ Հայաստանի պատմության մեջ արդեն որերորդ անգամ նույն տարածքը ուսումնասիրվել է տարբեր մակերեսներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ տարածքում հնարավոր է ուսումնասիրության անվան տակ իրականացվի ապօրինի արդյունահանման աշխատանքներ: Ընկերությունը չունի ընդերքի մասին օրենսգրքից բխող սոցիալ-տնտեսական ծրագրեր: Նախագծային վտանգների և թերությունների շարքը կարելի է շարունակել, ուստի՝ Civil voice ՀԿ-ն անթույլատրելի է համարում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը:

Մանրամասները կից տեսանյութում:




Լրահոս