Սոթքի ոսկու հանքի նախկին աշխատակիցների մոտ դժգոհություն է հասունացել. հանդիպում են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոթքի ոսկու հանքի նախկին աշխատակիցների մոտ դժգոհություն է հասունացել: «Ժողովուրդ»-ի-խմբագրություն ահազանգած Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկազ Բարսեղյանը պատմեց, որ Սոթքի ոսկու հանքի տնօրենը չի ընդունում իրենց աշխատանքի` պատճառաբանելով, թե վերեւներից հրահանգել են նախկին աշխատակիցներին հետ չընդունել. «Մենք երկու տարի առաջ առանց որեւէ խնդրի, մեր սեփական դիմումի համաձայն, ուղղակի կարիքն էր դրդել, հեռացանք աշխատանքից, իսկ հիմա խնդրում ենք, ցանկանում ենք հետ վերադառնալ՝ Սոթքի ոսկու հանքում աշխատելու համար, մեզ ասում են, որ վերեւներից հրահանգ կա. դուք չպետք է աշխատեք: Վարդենիս քաղաքի բանկիչներ Շահեն Ղազարյանը, Կարեն Աբրահամյանը, Աշոտ Զարեյան, Պերճ Դարբինյանը եւ ես, ընտանիք ենք պահում, մեր օրվա հացի խնդիրն ենք ուզում լուծել, հիմա հրաժարվում են հետ ընդունել: Ո՛չ վատ վարք ենք դրսեւորել, ո՛չ գողություն ենք արել: Եթե նման բան արած լինեինք, երբեք հետ չէինք վերադառնա»:

Ըստ մեր զրուցակցի՝ հենց Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանն է ասել, որ հրահանգ կա. «Եթե ազատ աշխատատեղ չլիներ, կմտածեինք՝ դա է խնդիրը, բայց մենք լավ գիտենք, որ հիմա հանքում թափուր աշխատատեղեր կան, բայց մարդիկ չեն ընդունում: Ոնց պահենք մեր ընտանիքը, գնանք, գողություն անե՞նք, ոնց կլինի տենց»:
Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանի հետ:

Ըստ նրա՝ խնդիր կա, որ նախկին աշխատակիցներին հետ չեն ընդունել. «Գալիս են մեզ մոտ, ընդունվում են աշխատանքի, համապատասխան մասնագիտություն ենք սովորեցնում, համապատասխան ծախսեր ենք իրականացնում, հետո այդ մարդիկ այլ ձեռնարկությունում կամ արտերկրում ավելի լավ վարձատրության առաջարկ են ստանում, մեր մոտից դուրս են գալիս, գնում են այլ տեղ: Գնացածների մոտ ինչ-որ բան չի ստացվում, մեկ ամիս, երկու ամիս կամ երեք ամիս հետո հետ են վերադառնում, թե մեզ հետ ընդունեք աշխատանքի: Ընկերության տնօրինությունը խիստ արգելել է նախկին աշխատակիցներից որեւէ մեկի ընդունել աշխատանքի: Ես լավ հասկանում եմ. մարդիկ հացի խնդիր ունեն, անգամ դիմել եմ մեր տնօրինությանը եւ այդ հարցով ստացել եմ բանավոր նկատողություն»:

Ի դեպ, ըստ տնօրենի՝ վերոնշյալ անձանցից բացի՝ այլ քաղաքացիներ կան, որոնք ցանկանում են հետ վերադառնալ, սակայն մերժում են ստացել:

Նշենք, որ Սոթքի ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիան պատկանում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին: Եւ նշված խնդիրն ունեցող Վարդենիսի մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են երկուշաբթի գալ Երեւան եւ հանդիպում պահանջել ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս