ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը արմատներով Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Վազաշեն գյուղից է: Հովհաննես Հովսեփյանը ծնվել է Իջեւան քաղաքում, միջնակարգ դպրոցն ավարտել Վանաձորում:
Հովհաննես Հովսեփյանի հայրը՝ Աշոտ Հովսեփյանը, երբ զբաղեցնում էր Նոյեմբերյանի միլպետի պաշտոնը, կրում էր Ճուկլինյան ազգանունը: Հետագայում ընտանիքը փոխել է ոչ բարեհունչ ազգանունը: 2008թ. Հովհաննես Հովսեփյանը եւ Ռուսաստանում բնակվող նրա գործարար եղբայրը՝ Հակոբը, սահմանամերձ Վազաշենի կենտրոնում՝ ճանապարհի եզրին, կառուցել են մեծ կոթող: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանից «Ժողովուրդը» հետաքրքրվեց` որքանով է Հովհաննես Հովսեփյանը կապված Վազաշենի հետ:
Գյուղապետն ասաց, որ Հովսեփյանները սահմանամերձ Վազաշենում հայրական տուն ունեն, Հովհաննես Հովսեփյանի մայրը եւ հորաքույրը պարբերաբար Երեւանից եւ Վանաձորից այցելում են գյուղ: Գյուղապետը հայտնեց, որ Հովսեփյան եղբայրները գյուղում ամեն նորածնի տրամադրում են 100 հազար դրամի չափով օգնություն: Մենք հետաքրքրվեցինք, թե այդ նվիրատվությունը Հովսեփյան եղբայրներից ո՞րն է կատարում: Գյուղապետի խոսքերով՝ նրանք միասին են, եւ երբեւէ չի տարբերակվել, թե եղբայրներից որն է օգնում: