Համայնքային բուժհաստատություններում պայմանների բարելավման ծրագրերը լինելու են շարունակական. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա են գտնվել առողջապահության ոլորտի պատասխանատուները, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը, ինչպես նաև վարչության աշխատակիցները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը, ինչի հետ կապված քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները:

«Վերջին տարիներին քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում զգալի աշխատանքներ են տարվել թե՛ պայմանների բարելավման և թե՛ նոր, ժամանակակից սարքավորումներով համալրելու ուղղությամբ: Այս ծրագրերը լինելու են շարունակական, և մենք փորձելու ենք տարեցտարի լուծումներ տալ տասնամյակներ կուտակված խնդիրներին: Պոլիկլինիկական ծառայությունների որակն էլ պետք է լինի բարձր մակարդակի վրա: Այս ամենի կողքին շատ կարևոր է նաև ձեր հոգատար վերաբերմունքը բնակչի հանդեպ, ինչը և ակնկալում եմ ձեզանից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատանքներին՝ քաղաքապետը կարևորեց վերջին տարիներին ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու հանձնարարեց առանձնակի ուշադրություն դարձնել կանչերի արագ արձագանքմանը և բնակչության պատշաճ սպասարկմանը:
«Վերջին տարիներին ծառայության որակի բարելավման ուղղությամբ արդիականացման զգալի աշխատանքներ են տարվել: Ձեռքբերումները տեսանելի են, սակայն պետք չէ դրանցով բավարարվել, քանի որ շտապբուժօգնության ծառայության սպասարկման որակի բարձրացումը նույնպես ոլորտի առաջնահերթություններից է, և մենք այս օղակում պետք է շարունակենք բարելավման ու արդիականացման աշխատանքները»,- ընդգծել է քաղաքապետը:

Ամփոփելով 2015թ. հաշվետվությունը և գոհունակություն հայտնելով առողջապահության վարչության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նախորդ տարվա աշխատանքներից՝ քաղաքապետը հորդորել է բոլոր ուղղություններով շարունակել ավելի կատարելագործել մատուցվող ծառայությունների որակը:




Լրահոս