ՀԴԿ-ն պատրաստ է ընդհանուր քննարկման ներկայացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների սեփական առաջարկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կայացավ Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության Հանրապետական խորհրդի նիստը: Քննարկվեցին Ընտրական օրենսգրքին վերաբերող հարցեր:
Փաստելով, որ

 ձևավորվել է Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողով, որտեղ միայն իշխող ուժի ներկայացուցիչներն են,
 նախագծի նախնական տարբերակն առանց հանրային քննարկման ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ շուտափույթ հավանություն ստանալու համար,
 նախագիծը պարունակում է բազմաթիվ վիճահարույց դրույթներ, որոնց վերացման մասին տարիներ շարունակ պնդում են քաղաքական և հասարակական կառույցները,
ՀԴԿ Հանրապետական խորհուրդը արձանագրում է, որ արդեն իսկ խախտվել է ժողովրդավարության և հավասարության սկզբունքը, ինչը բացառում է հնարավոր փոխհամաձայնությունը և ավելի է խաթարում վստահության մթնոլորտը հանրապետությունում:

ՀԴԿ-ն պատրաստ է ընդհանուր քննարկման ներկայացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների սեփական առաջարկությունները, սակայն մենք գտնում ենք, որ անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, եթե շահագրգիռ ուժերը ստեղծեն Միջկուսակցական խորհուրդ, որտեղ և հնարավոր կլինի ձևավորել և հանրային քննարկմանը ներկայացնել միասնական, համաձայնեցված առաջարկությունների փաթեթ:

ՀԴԿ-ն պատրաստ է և նախաձեռնել նման խորհրդի ստեղծումը, և մաս կազմել նմանատիպ ձևաչափի: Մենք գտնում ենք, որ կոալիցիա կազմած ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առանձնահատուկ շահագրգռվածություն պետք է ցուցաբերեն նման նախաձեռնության նկատմամբ, ինչը կհամապատասխանի նրանց կողմից ստորագրված Հուշագրի ոգուն և բովանդակությանը:
Հաշվի առնելով քննարկմանը տրամադրվող ժամանակի սղությունը, առաջարկում ենք մինչև խորհրդարանական լսումները ձեռնամուխ լինել խորհրդի ձևավորմանը:

ՀԴԿ մամուլի ծառայություն,
Երևան, 12.03.2016թ.
Հեռ. 010 52-52-73




Լրահոս