Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող աղմկահարույց գործերից մեկի՝ «Երրորդմասցի Լյովիկի» ու նրա ընկերների սպանության նախաքննությանն ավարտվել է: Գործն արդեն դատարանում է և գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում: Այն մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ » տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ » տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Սրա հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ. Նազարյանցը տեղում, իսկ Լ. Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նույնաբովանդակ է նաև Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները:
Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը: