ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ` ուշ երեկոյան, Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի: Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և ըստ տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղից: Վիրավորներն են` հասակակիցներ, 18-ամյա Ռուբեն Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը: Վիրավորներն ու մահացածը հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղի թիվ 47 դպրոցի մոտից: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են կոշիկ, գլխարկ, քարեր, իսկ մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են ՎԱԶ-2108 մակնիշի 89 ՏP 089 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կան արյան հետքեր:
ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից նոր մանրամասներ է իմանում կատարվածի մասին: Այսպես, անչափահասի սպանության ելքով դանակահարությանը նախորդել է վիճաբանություն Սարի-Թաղի թիվ 47 դպրոցի դիմաց:
Ժամը 21.30-ի սահմանում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի ոլորանների վրա կռիվ է, մեկն էլ արյան մեջ ընկած է:
Նախնական տվյալով՝ ժամը 21-ի սահմանում Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են նաեւ անչափահասներ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Սարի-Թաղի 16-ամյա բնակիչը (17-ամյակը պետք է լրանար նոյեմբեր ամսին) կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքի հետեւանքով «կենսաբանական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաստատվել է անչափահասի մահը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել եւս 5 անձ։ Բոլոր տուժածներն էլ Սարի-Թաղի բնակիչներ են:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է 1 գլխարկ, կոշիկ, արնանման հետքեր։ Առգրավվել են նաեւ տուժածների հագին դեպքի պահին եղած հագուստները։ Նշանակվել են դատաբժշկական, դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:
Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը եւ նրանցից յուրաքանչյուրի գործողությունների աստիճանը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ: