ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՆՈՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք դատավորների շրջանում անարդարության դեմ ընդվզումներ կարող են լինել: Բանն այն է, որ դատական իշխանության ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով մասնակցում են կրթական ծրագրերին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Բայց, կարծես թե, այդ ճամփորդությունները բավականին թանկ են նստում դատավորների վրա:

Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ դատավորները հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ դատական օրենսգրքի 77 հոդվածի համաձայն, որը վերաբերում է դատավորի կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքին, սահմանում է. «Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի՝ դատավորն իրավունք ունի մասնակցելու, այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների»: Ավելին՝ ըստ օրենքի՝ աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչեւ հինգ օր տեւողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն ստանալու համար դատավորը դիմում է Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովին. «Այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի, աշխատավարձի պահպանմամբ»:
Այն, որ ՀՀ դատական օրենսգիրքը սահմանում է, որ դատավորները կարող են մասնակցել տարբեր դասընթացների, դա կլինի Հայաստանում թե արտերկրում, երկրորդ կարծիք լինել չի կարող: Նույն հոդվածի համաձայն՝ դատավորները մասնակցելով դասընթացներին եւ հետ վերադառնալով՝ պահպանում են իրենց աշխատանքը, եւ ավելին` կարող են ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը: Սակայն հիմա դասընթացներին մասնակցելը շատ դատավորների համար դարձել է պատուհաս:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ դատավորները, մասնակցելով տարբեր դասընթացների, հետ են վերադառնում աշխատանքի, տհաճ անակնկալի են հանդիպում: Երբ դատավորի պատմուճանը հանելուց հետո նրանք մոտենում են որեւէ բանկոմատ` աշխատավարձը ստանալու, սարքավորումը «պատասխանում է», թե ձեր հաշվեկշռին բավարար գումար չկա: Բնական է՝ այս իրավիճակը հասել է ընդհուպ մինչեւ պատասխանատու մարմիններին, սակայն դատավորներին, ըստ էության, դատական դեպարտամենտից բացատրել են, որ դուք, օրինակ, 2 կամ 3 ամիս մասնակցել եք դասընթացների, ըստ էության, չեք աշխատել, դրա համար Արման Մկրտումյանը հրահանգել է գումար չփոխանցել:
Պարզվում է՝ դատավորներին չի փրկում անգամ ՀՀ դատական օրենսգիրքը: Բայց քանի որ դատական իշխանության ներկայացուցիչները սովորաբար ընդվզելու համարձակություն չունեն, իրավիճակը դեռ խմորվում է ներսում: Նրանցից շատերը կարծում են, որ եթե բողոքեն, դա կարող է ավելի թանկ նստել իրենց վրա, քան ստացած աշխատավարձը: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ այս օրերին դատավորները քննարկում են դասընթացների առաջարկների չմասնակցելու հարցը: Այսինքն` չի բացառվում, որ նրանք հրաժարվեն վերապատրաստման դասընթացներից, ճամփորդություններից, որպեսզի աշխատավարձ ստանան: Ինչպես հայտնի է՝ դատավորները բավականին բարձր աշխատավարձ են ստանում` սկսած կես միլիոնից մինչեւ 1,5 միլիոն:
Ինչո՞ւ դատավորները չեն ստանում իրենց հասանելիք աշխատավարձը, եւ, ի վերջո, ո՞ւմ գրպանն է գնում, կամ ի՞նչ նպատակով են ծախսվում դատավորներին չվճարված աշխատավարձերը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի եւ արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանին, ով, սովորության համաձայն, ասաց, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «Դատավորները օրենքով սահմանված կարգով ստանում են իրենց հասանելիք աշխատավարձը»:
Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտում ֆինանսական չարաշահումները նոր երեւույթ չեն: Դեռեւս 2014 թվականից ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցների աշխատավարձը յուրացնելու գործով կալանքի տակ է գտնվում ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:
Բացի այդ, դեռեւս 2015 թվականի հուլիսի 9-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ դատական դեպարտամենտում պետական միջոցների վատնման յուրահատուկ համակարգ էր սկսել գործել: Խոսքը փաստաթղթերի թարգմանության համար հատկացվող միջոցների արհեստական ուռճացման մասին էր: Մինչեւ 2014 թվականը թարգմանությունների համար դատական դեպարտամենտը վճարել է էջի հաշվարկով, իսկ 2014-ից` նիշերով: Եւ այս տարբերակում գումարը հաշվարկվում է «ներառյալ բացատները» (պրաբելները): Դրա արդյունքում նիշերի թիվն արհեստական ավելանում էր, եւ իրական 30 հազար նիշանոց փաստաթուղթը ներկայացվում էր որպես 45 կամ 50 հազար նիշանոց` ստանալով հավելավճար:
Մեր այս բացահայտումից հետո ՀՀ քննչական կոմիտեում նյութեր նախապատրաստվեցին, իսկ, ահա, ավելի ուշ հայտնի դարձավ, որ մասնավոր ընկերությունները, որոնք ուռճացրել էին նիշերը եւ ավել գումար ստացել, վերադարձրեցին գումարները:
Իսկ թե ինչ կլինի դատավորների աշխատավարձերի դեպքում, ժամանակը ցույց կտա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԵՐԿՐՈՐԴ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
«Ժողովուրդ»-ը դեռես 2015 թվականի փետրվարի 13-ին գրել էր, որ ծննդկան Մերի Մարգարյանի գործով «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկ Շուշանիկ Բախշյանից բացի, այլ բժիշկների եւս մեղադրանք կառաջադրվի: Երեկ հայտնի դարձավ՝ ծննդկանի մահվան գործով երկրորդ մեղադրյալն է ներգրավվել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 27-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին: Եվ դեպքից 6 ամիս անց ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բաշխյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով:
Նշենք, որ տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Շուշանիկ Բախշյանից բացի՝ ԲԿ-ի այլ բժիշկներ եւս պատասխանատվության ենթարկվեն: Միջնորդության հիմքը եղել է փորձագետների գնահատականը, որոնք կատարվածում Շուշանիկ Բախշյանից բացի՝ այլ բժիշկների թերացման մասին են փաստել: Եվ այս ամենի արդյունքում տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել նախաքննությունը իրականացնող մարմնին` խնդրելով բացի Շուշանիկ Բախշյանից՝ եւս 4 բժիշկների պատասխանատվության ենթարկել:
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ միջնորդության մեջ նշվել է հուլիսի 25-ին հերթապահ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանի, բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանի, հուլիսի 26-ի հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանի եւ բուժգծով գլխավոր տնօրեն Դավիթ Մխիթարյանի անունները: Սակայն նախաքննություն իրականացնող մարմինը դեռ միայն Անի Բաբելյանին ներգրավեց ծննդկանի գործով որպես մեղադրյալ:
Թե ինչ է սպասվում մյուս բժշկներին, ապագայում կերեւա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մերի Մարգարյանի մահվան գործով պաշտպան Մարինե Թովմասյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ Շուշանիկ Բաշխյանից բացի՝ իրենք վերոնշյալ բժիշկների պատասխանատվության ենթարկելու հարցը եւս բարձրացրել են. «Եթե անհրաժեշտություն առաջանա, եւս մեկ անգամ լրացուցիչ փորձագիտական քննություն նշանակելու, պիտի դա էլ արվի, որպեսզի երեք բժիշկների թերացումը հստակեցվի: Մենք որեւէ առարկություն չունենք»:
Ի դեպ, նշենք, որ Աշոտ Սիրունյանի հորեղբոր տղան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է, իսկ, ահա, փաստաբանը պաշտպանում է այս գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի շահերը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԻՎԵՐՍԻՈՆ ՓՈՐՁ
Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը եւ ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ԼՂ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել, իսկ, ահա, հակառակորդն ունի կորուստներ: Մարտի 7-ին եւ 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12.000 կրակոց:

 

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայերին վիրավորելու հիմնավորմամբ Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ դատական հայց է ներկայացրել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եւ Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ: Հիշեցնենք, որ Դավութօղլուն փետրվարի 27-ին Բինգյոլնում ունեցած ելույթի ժամանակ քննադատել էր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ մեղադրելով նրանց «հայկական հրոսակախմբերի նման ռուսների հետ համագործակցելու» մեջ: Ավելի ուշ՝ մարտի 3֊ին, վարչապետի խոսքերը Աշքալեում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ կրկնել էր Բաշարանը՝ շնորհակալություն հայտնելով «փառապանծ նախնիներին, ովքեր այս հողերից մաքրել, նետել են հայերին»:

 

 

ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵՆ ԴՐԵԼ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տեղեկացմամբ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցում հենց ընտրական օրենսգրքին վերաբերող 16 առաջարկություններից մարտի 2-ին հրապարակված նոր ԸՕ նախագծում ամբողջությամբ ներառված են 2-ը եւ եւս 2-ը՝ մասնակի: Առաջարկություններից 12-ը (այն է՝ 75 տոկոսը) որեւէ կերպ տեղ չեն գտել օրենսգրքի նախագծում: Իշխանությունների կողմից անտեսված պահանջների թվին են պատկանում ընտրական օրենսգրքի նախապատրաստման հրապարակայնության ապահովումը, ընտրությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, բողոքարկման արդյունավետության եւ կեղծիքները կանխարգելող մեխանիզմների մասին առաջարկները:

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 16.13-ին, ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ եւ 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում եւ մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:




Լրահոս