ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանի ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի հարձակվողական նշանակության զինամթերքի, այդ թվում եւ` հզորագույն  հարվածող համակարգի` «Սմերչ»-ի վաճառքը, թվում էր, պիտի փոթորկեր Հայաստանի քաղաքական դաշտը: Ամենատարբեր առիթներով իրենց հայրենասիրական պոռթկումները չզսպող քաղաքական ուժերը, թվում էր, պիտի միմյանց հերթ չտալով հնարավոր բոլոր լուտանքները թափեին Ադրբեջանին սպառազինող դաշնակից պետության գլխին: Սակայն տարօրինակ կերպով անցած երկու շաբաթվա ընթացքում այս հարցի շուրջ Հայաստանի քաղաքական դաշտում կարելի է ասել` քար լռություն է տիրում: Բացառությամբ երկու քաղաքական ուժերի` «Ազատ դեմոկրատներ»-ի եւ «Ժառանգության», այս հարցը կարծես թե որեւէ մեկին չի մտահոգում: Ո՛չ իշխող Հանրապետական կուսակցությունը, ո՛չ էլ «Օրինաց երկիր»-ը կես բառով անգամ չկշտամբեցին  ռուսներին: Ընդ որում, խոսքը ոչ թե ՀՀԿ-ի առաջին, երկրորդ դեմքերի, այլ ասենք` Ռազմիկ Զոհրաբյանի կարգի գործիչների մասին է, որոնք, սակայն, նույնպես լուռ են: Դե իսկ ՕԵԿ-ի դեպքում երկրորդ կամ երրորդ դեմքի մասին խոսելն ուղղակի անիմաստ է, իսկ  Պատրուշեւի հետ «ախպերություն» անող Արթուր Բաղդասարյանն էլ, բնականաբար, չէր կարող որեւէ  թթու խոսք ասել   Ռուսաստանի հասցեին: Սակայն այստեղ առավել անհասկանալի եւ անընդունելի է ոչ իշխանական ուժերի լռությունը:  Խոսքը հատկապես ՀԱԿ-ի  եւ «Դաշնակցության» մասին է (ԲՀԿ-ի մասով, ինչպես ասում են, նո քոմենթ), որոնք առիթը բաց չեն թողնում  ամեն անգամ քննադատելու իշխանությունների վարած անհեռատես քաղաքականությունը, ինչի արդյունքում Հայաստանը վերածվել է  Ռուսաստանի վասալի: Բայց չէ՞ որ  դա տեղի է ունեցել եւ այսօր էլ տեղի է ունենում նաեւ ընդդիմության գործուն մասնակցությամբ կամ էլ`  անգործությամբ, ինչպես այս դեպքում: Լավ, ենթադրենք իշխանական ուժերը չեն կարող բարձրաձայն հայտնել իրենց  վրդովմունքը` հասկանալի աշխարհաքաղաքական պատճառներով, ինչն է խանգարում, որ դա անեն ընդդիմադիր ուժերը: Մի՞թե Հայաստանի անվտանգությունն այն հարցը չէ, որի դեպքում պետք է մի կողմ դրվեն բոլոր ներքին խժդժություններն ու  տարաձայնությունները, եւ մշակվեն հակազդեցության միասնական հակաքայլեր: Խնդիրն այն է, սակայն, որ  այսօր, ցավոք սրտի, Հայաստանում գործող որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ այն աստիճանի անկախ եւ ինքնուրույն չէ, որպեսզի ազատորեն  քննադատի գերտերություններին: Բացի «Ազատ դեմոկրատներ»-ից եւ «Ժառանգություն»-ից, ինչպես հայտնի է, խորհրդարանում ներկայացված մնացած բոլոր ուժերը  այս կամ այն  չափով գտնվում են Կրեմլի սապոգի ներքո, հետեւաբար` առանց ռուսների հետ համաձայնեցնելու` կարող են քննադատել միայն Արեւմուտքին, ճիշտ այնպես, ինչպես  «Ազատ դեմոկրատներ»-ն ու «Ժառանգություն»-ը` ռուսներին:  Եվ ստացվում է, որ մեր ամենամեծ խնդիրը  հայաստանակենտրոն ուժի ձեւավորումն է:




Լրահոս