Արամայիս Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանում իր առաքելությունն ավարտող Կովկասի բնության հիմնադրամի տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնին, ով տարածաշրջանում ավարտում է իր առաքելությունը:

Նախարար Ա. Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով Դեյվիդ Մորիսոնին սերտ համագործակցության և նվիրված աշխատանքի համար, ընդգծել է, որ շնորհիվ վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր որակների՝ CNF հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կապն առավել արդյունավետ է եղել:

Բնապահպանության նախարարը  բարձր է գնահատել Կովկասի բնության հիմնադրամի  դերը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության պահպանության, կայուն կառավարման, կառավարման պլանների մշակման, մասնագետների վերապատրաստման, պահանջվող նյութատեխնիկական կարիքների համալրման և ենթակառուցվածքների զարգացման գործում:

CNF-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնն իր հերթին ընդգծել է, որ շնորհիվ ՀՀ բնապահպանության նախարարության թափանցիկ և պատրաստակամ աշխատաոճի՝ երկու կառույցների միջև համագործակցությունն առավել հաջողված կարելի է համարել: Նա նաև  հայտնել է, որ այսուհետ ևս իր գործուն մասնակցությունը կունենա Հայաստանի պահպանվող տարածքների աջակցության գործում՝ արդեն որպես Կովկասի բնության հիմնադրամի խորհրդի անդամ:

Հայաստանի բնության պահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Ա. Գրիգորյանը  Դեյվիդ Մորիսոնին պարգևատրել է ՀՀ ԲՆ ոսկե մեդալով, մաղթել նրան հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններում՝ հույս հայտնելով, որ CNF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության փոխգործակցության սույն աշխատաոճը կշարունակվի նաև առաջիկայում:

Հանդիպման ժամանակ կողմերի միջև ստորագրվել են նաև Դիլիջան և Արփի լիճ ազգային պարկերին 2016-2018թթ. CNF-ի կողմից աջակցություն ցուցաբերելու եռամյա պայմանգրերը:

Հանդիպման ավարտին Դ. Մորիսոնը բնապահպանության նախարարին է ներկայացրել հիմնադրամի ապագա տնօրեն Ջեֆ Ջակոմինիին, ընդգծել վերջինիս մասնագիտական բարձր որակները և միջազգային հարթակում ունեցած հարուստ աշխատանքային փորձը՝ վստահեցնելով, որ այսուհետ ևս  կշարունակվեն արդեն իսկ ձևավորված համագործակցության դրական ավանդույթները:




Լրահոս