Ովքեր կարող են օգտվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան ծրագրից». մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2010 թվականին ընդունված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրում» կատարված փոփոխությունները: Ծրագիրը նախատեսված է բնակարանային պայմանների բարելավման խնդիր ունեցող երիտասարդ ընտանիքների համար:

Ըստ ծրագրի՝  երիտասարդ են համարվում և հիփոթեքային վարկ կարող են ստանալ այն ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության 18-30 (ներառյալ) տարեկան քաղաքացի է, իսկ ամուսինների տարիքային գումարը չի գերազանցում 60-ը, և միաժամանակ նրանցից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), ինչպես նաև եթե երիտասարդը երեխա ունեցող միայնակ ծնող է, և վերջինիս տարիքը չի գերազանցում 30-ը (ներառյալ):

Կատարված փոփոխություններով` ծրագրին մասնակցելու համար ամուսինների ընդհանուր 60 տարեկանը դարձել է 65, որը հիմնված է 2014 թվականին կառավարության որոշմամբ պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի վրա:

Սահմանված գույքի առավելագույն 16 մլն-ի փոխարեն այժմ երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել մինչև 25 մլն դրամ, և եթե 16 մլն դրամի դեպքում  կառավարությունը տրամադրում էր 11.2 մլն դրամ, ապա համաձայն փոփոխությունների՝ այն իր վրա է  վերցնում 17.5 մլն դրամ վարկային ռեսուրսի տրամադրումը:

Կախված ձեռք բերվող գույքից՝ կանխավճարը կարող է կազմել 10-30%, օրինակ, եթե գույքի գինը կազմում  է 18- 18.5 մլն դրամ, կանխավճարը կազմում է 10% , իսկ եթե առավելագույն 25 մլն դրամ, ապա` 30 % :

Փոխնախարարը նաև նշեց, որ ծրագրի մեկնարկից՝ 2010 թվականից մինչև 2016 թվականի մարտի 9-ը, տրամադրվել  է 2034 վարկ` ընդհանուր 15 մլրդ 237 մլն դրամ, որից 966-ը՝ Երևանում  8.8 մլրդ դրամով, իսկ մարզերում՝ 1068 վարկ 6.4 մլրդ դրամով:

Արսեն Քարամյանը նաև հավելեց, որ այն ընտանիքները, որոնք նախքան կատարված փոփոխությունները չեն համապատասխանել ընդհանուր չափանիշներին և դուրս են մնացել ծրագրից, հնարավորություն են ստանալու կրկին դիմել ծրագրին:

Սյուզի Մուրադյան




Լրահոս