Նախարարներից ովքեր են աջակցել Գյումրու անօթևաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունվարից լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ մեկնարկել է Գյումրու անօթեւանների աջակցությանն ուղղված դրամահավաք, որի նպատակը նրանց բնակարաններով ապահովելն է: Արդեն բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ, հայտնի դեմքեր, պաշտոնյաներ հասցրել են իրենց մասնակցությունն ունենալ այս նախագծին` փորձելով իրենց հնարավորությունների չափով օգնել անօթեւաններին:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս իր մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել է Գյումրու անօթեւան ընտանիքների համար բնակարաններ գնելու նպատակով կազմակերպված դրամահավաքին:

Երեկ կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդը» փորձեց հայրենի նախարարներից պարզել` արդյոք նրանք պատրաստվում են հետեւել իրենց վերադասի օրինակին:

«Ինքս անձամբ միշտ նմանատիպ ծրագրերին պատրաստ եմ աջակցել: Եթե կա այդպիսի խնդիր, պատրաստ ենք մեր հնարավորության սահմաններում օգնել»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը: Հուսանք` առաջիկա օրերին պարոն Մկրտչյանը խոստումն ի կատար կածի:

Իսկ, ահա, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանը դժվարացավ մեր հարցին պատասխանել. «Ես չեմ ուզում պատասխանել այդ հարցին: Գյումրին շատ սիրում եմ, շատ կապված եմ երիտասարդ տարիներից, նրանց հետ աշխատել եմ…տարբեր ձեւերով աջակցություն իրականացնում եմ, բայց կոնկրետ ոչ այդ ծրագրին, ու նման ծրագրեր շատ կան, ասեմ՝ այս մեկին աջակցում եմ, հիմա էլ հարց կտաք մյուս ծրագրերի մասին…»,- արդարացավ Յոլյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ, խառնելով պետական աջակցությունը անձնականի հետ, ասաց.«Մենք, բնականաբար, մեր գործառույթների շրջանակներում բոլոր հնարավոր ուղղություններով, ծրագրերով աջակցություն իրականացնում ենք:

Շիրակի մարզի Մարալիկի բնակավայրում սոցիալական բնակարանային ֆոնդ գոյություն ունի, եւ մենք առաջիկայում նախատեսում ենք նաեւ կառավարության որոշմանը ներկայացնել համապատասխան նախագիծ, ըստ որի՝ այդ սոցիալական բնակարանային ֆոնդի առկա բնակարանների մասը, որը որ համապատասխան կատեգորիաների միջոցով դեռեւս չի բնակեցվել, հատկացնենք տվյալ համայնքի անօթեւաններին, որպեսզի նրանք կարողանան բնակարաններում մնալ»:

Ի տարբերություն իր գործընկերների` ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այս հարցում կոնկրետ ասելիք ուներ. «Ես այդ դեպքերից տասն օր առաջ արտաքին գործերի նախարարության շենքի համար հատկացված պետական մրցանակն ամբողջությամբ` 1 մլն 670 հազար դրամ, փոխանցել եմ Գյումրու անօթեւանների խնդրով զբաղվող Վահան Թումասյանի հիմնադրամին:

Դրանից մոտ տասն օր հետո սկսվեց այս մյուս շարժումը: Մենք այս պահին ավարտենք մեր պետական ծրագիրը` երկրաշարժից տուժածների մասով, նոր կանդրադառնանք դրան: Ամեն դեպքում` մենք զուգահեռ բանակցում ենք տարբեր ներդրողների հետ, որպեսզի կարողանանք արագ կառուցվող նոր տեխնալոգիաներով նաեւ վագոն տնակներում սոցիալապես անապահովների խնդիրը լուծել»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս