Օրեր առաջ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին` միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:
Բայց ինչպես երեւում է՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում ընդունել Փաշինյանի կողմից ներկայացված միջնորդությունը: Այս նույն վերաբերմունքն առկա է նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունում: Թե ինչով է պայմանավորված այս հանգամաքը, որ ընդդիմադիր երկու ուժերն էլ չեն ցանկանում ընդդիմադիր գործչին ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների տեղերը տալ, դժվար է ասել: Մնում է ենթադրել, որ այդ տեղերը կա՛մ ՀՀԿ ներկայացուցիչների համար են պահված, կա՛մ էլ այլ խնդիրներ են առկա, որոնք անհասկանալի են մնում:
«Ժողովուրդ»-ը երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից փորձեց պարզել, թե որն է մերժման բուն պատճառը: Ի պատասխան մեր հարցի՝ Զուրաբյանը խորհուրդ տվեց կարդալ ՀԱԿ խմբակցության մամուլի պատասխանատու Արմեն Խաչատրյանի պատասխանը:
Մեջբերենք Ա. Խաչատրյանի պատասխանից մեկ հատված. «ՏԸՀ անդամներին նշանակելիս ՀԱԿ խմբակցությունը երբեւէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն եւ միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով… ՀԱԿ խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը եւ համարձակությունը»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հարցի հետ կապված ասաց. «Տեղեր տալու ոչ մի խնդիր չկա: Պարզ մոտեցում է` մենք ունենք լավ, պրոֆեսիոնալ հանձնաժողովականներ, որոնք ընտրության արդյունքում են նշանակվել եւ իրենք իրենց պարտականությունը կիրականացնեն»:
Անդրադառնալով ՀՀԿ-ին տեղերը տալու մասին դիտարկմանը` Մարտիրոսյանն ասաց. «Բացառվում է: Նմանատիպ խնդիրներ գոյություն չունեն: Սա համապետական ընտրություն չի, որ նախ որոշ դեպքերում տեղական մեր ներկայացուցիչները մի փոքր թույլ իրենց պահեն, երկրորդ՝ այնպես չէ, որ մենք լռեցնելու խնդիր ունենք»:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ